
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էլ է լինելու Արմեն Սարգսյանի հրաժարականի նման՝ դրսից». Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ հենց Նիկոլի Փաշինյանի կողմից 30 տարվա բանակցային ժառանգության մերժումը հիմք դարձավ, որ Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների:
«Հենց դա հիմք հանդիսացավ, որ Ադրբեջանը կարողանա հիմնավորել, թե ինչու ռազմական ճանապարհով այդ հարցը լուծեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը չընդունեց այդ 30 տարվա բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Փաշինյանը նշել է, թե այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել:
Դավիթ Գալստյանը նկատեց՝ երբ Փաշինյանին ձեռնտու է հղում անել միջազգային հանրությանը, նա պահը բաց չի թողնում և մեղադրում է միջազգային հանրությանը, բայց երբ նույն միջազգային հանրությունը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին, Փաշինյանը լուռ է. «Նա անում է այն, ինչ աթոռին կառչած մնալու համար ձեռնտու է, և ժամանակ առ ժամանակ, մեկ արցախցիների վրա է բարդում մեղքը, մեկ՝ նախկինների, մեկ՝ միջազգային հանրության: Այս մարդիկ մեղավոր ման գալու իշխանություն են: Փաշինյանն այս հարցազրույցով ցույց է տալիս, որ ոչ ադեկվատ է: Երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հիման վրա, և այն լուծարելը նշանակում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը փաթեթավորած նվիրել Ադրբեջանին, ինչպես նվիրեց Արցախը»:
Նա համոզված է, որ որևէ իշխանություն չի կարող փակել Արցախի էջը.
«Այն մարդը, որ կփորձի դա անել, պատմության մեջ որպես դավաճան է մնալու, շատ երկար գրվելու է այդ մասին՝ անկախ նրանից, թե իրենց իշխանության օրոք ինչպես են փորձում աղավաղել իրականությունը: 21-րդ դարում ենք ապրում, կան թե՛ տեսանյութեր, թե՛ փաստաթղթեր, որոնք այսօր կարող են թաքուն պահել հասարակությունից, բայց վաղը-մյուս օրը դրանք բոլորը ջրի երես են դուրս գալու, և արժանանալու է թե՛ ժողովրդի դատ ու դատաստանին, թե՛ օրենքի առջև պատասխան է տալու: Սա նույն ձեռագրով Հայաստանն է տանելու կործանման:
Երբ ասաց, որ սկսում է իր զրոյական կետից, կորցրեցինք Արցախը, վերջերս նորից խոսում է զրոյական կետի մասին: Հիշո՞ւմ եք՝ 2018-ին, երբ դեռ հեղափոխության կոստյումը հագին էր ու վարչապետ չէր, հայտարարեց, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Նա մտածում է, որ լինելու է Հայաստանի վերջին ղեկավարը: Փաշինյանը փորձում է լինել Հայաստանի վերջին վարչապետը, որպեսզի դատ ու դատաստանից խուսափի»:
Նա նկատեց՝ ի տարբերություն Հայաստանի նախկին նախագահների՝ գործող իշխանությունները Հայաստանում չեն կարողանալու բնակվել՝ փախչելու են. «Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էլ է լինելու Արմեն Սարգսյանի հրաժարականի նման»:
Ճշտեցինք՝ այսինքն՝ արտերկրի՞ց:
«Եթե ոչ՝ Թուրքիայից»,- պատասխանեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում