
Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը Երևանին ու Բաքվին․ Որքանո՞վ է լուրջ Մոսկվայի առաջարկը

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարությունը հերթական անգամ անդրադարձավ Երևանի ու Բաքվի միջև, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ռուսաստանը, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի հետ գլոբալ բանակցությունների կազմակերպման փուլում, որը զուգահեռաբար վերջին շրջանում անակնկալ կերպով որոշ դրական ազդակներ է ստանում ՀՀ իշխանություններից, պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության ամրապնդման գործում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում տեղ գտած առաջընթացը և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
Նրա խոսքով՝ դա կարևոր քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ խոսնակը կարևորեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը և հումանիտար բաղադրիչը:
Զախարովան նշեց, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներում՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նույն ճեպազրույցի ընթացքում հնչած մեկ այլ հարցի պատասխանելիս՝ Զախարովան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման, այն այլևս ակտուալ չէ։
Նա հիշեցրեց, որ իբրև թե արևմտյան համանախագահներն են հրաժարվել Մոսկվայի հետ այդ ձևաչափում համագործակցությունից։
Նա նաև ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ն արձանագրել է Բաքվի բացասական արձագանքն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համապատասխան հայտարարություններին, որոնք վերաբերում են համաձայնագրի ստորագրմանն ու գերիների ազատ արձակմանը։
«Երկրորդ՝ մեր դիրքորոշումն այն է, որ մենք բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան համաձայնագրերով։
Եվ մենք հաստատում ենք մեր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին, պարտնյորներին և բարեկամներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսական Կրեմլինի տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և Երևանի պատրաստակամության մասին՝ ստորագրելու «այս կարևոր փաստաթուղթը»։
«Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա»,- ասված էր հայտարարությունում։
Հարցին, թե ներկայումս ՌԴ իշխանությունները որքանո՞վ են հետաքրքրված կարգավորման հարցում ներգրավման հեռանկարով, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ սրանք դիվանագիտական հայտարարություններ են, որոնք հնչում են և պետք է հնչեն՝ հաշվի առնելով իրավիճակը։ Սակայն, ըստ նրա, իրավիճակի բարդությունը Ռուսաստանի համար բազմաշերտ է։
«Նախ՝ Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններն ինտենսիվ շարունակվում են նաև ներկայումս, թեև կողմերը հայտարարում են համաձայնագրի տեքստի համաձայնեցման ավարտի մասին։ Այս համաձայնագիրը չի քննարկվել ռուսական միջնորդության շրջանակում, ՌԴ-ի միջնորդությամբ կողմերը հայտարարություններ էին համաձայնեցրել, որոնք, ըստ ռուսական ԱԳՆ-ի, անդրադառնում էին գրեթե բոլոր հարցերին։ Սակայն, անկախ դրանից, ՌԴ-ն ներկայումս ևս պատրաստ է աջակցել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տարասովը։
Նրա համոզմամբ, Ռուսաստանի համար մյուս խնդիրը վերաբերում է ավելի խոշոր հարաբերություններին ու հարցերին, որոնք առնչվում են ՌԴ ապագային ու հետագա աշխարհաքաղաքական դիրքավորմանը, Հարավային Կովկասին՝ ևս։
«Սա համար մեկ հարցն է Ռուսաստանի համար, այս պահին սրանից է ելնում ՌԴ արտաքին քաղաքականությունը, մնացած հարցերն ածանցյալ են»,- նկատեց վերլուծաբանը։
Տարասովի դիտարկմամբ՝ մյուս կարևոր խնդիրն այն է, որ ՌԴ-ն 2022 թվականից լուրջ խնդիրներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ըստ նրա՝ թեև ներկայումս կան որոշակի այլ միտումներ, սակայն գերակա է խնդրահարույց միջավայրը, որը ՌԴ միջնորդության տեսանկյունից խնդիր է։
«Ուստի ՌԴ-ն հայտարարում է, որ ցանկության դեպքում պատրաստ է աջակցել, ներկայումս այդ դերակատարությունը Ռուսաստանը չունի, կողմերը վերջին տարիներին ընթացել են այլ օրակարգով, բանակցել են արևմտյան միջնորդների հարթակներում և արևմտյան մայրաքաղաքներում։ Դա եղել է աշխարհաքաղաքական զարգացումների բերումով, ներկայումս նոր զարգացումներ են, դրանք իրենց հերթին՝ փոփոխություններ են թելադրում, սակայն կա ժամանակի հարց, քանի որ նշածս նոր զարգացումները դեռ չեն ավարտվել, շատ եմ ասել, որ այս գլոբալ բանակցություններից շատ բան է կախված, ինչպես ցանկացած հակամարտությունում՝ այստեղ ևս բազմաթիվ բարդություններ կան և կառաջանան։ Իսկ Հայաստան-Ադրբեջան գործընթացը ևս, կարծես, ձգձգվում է, թեև համաձայնագիրը բանակցված ու համաձայնեցված է»,- ասաց Տարասովը։
Նա շեշտեց, որ Մոսկվայի ուղերձը հստակ է՝ Երևանից ու Բաքվից ցանկություն դրսևորվելու դեպքում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը կզբաղվի ներկայիս խնդիրներով։
«Սակայն դրա համար համապատասխան ազդակներ են հարկավոր։ Ներկայումս հակված չեմ կարծել, որ նման ազդակներ լինելու են։ Մյուս կողմից՝ ՌԴ համապատասխան գերատեսչությունները հասկանում են և՛ Արևմուտքի ներկայիս հնարավորությունները ռեգիոնում, և՛ կողմերի միջև իրական համաձայնության հնարավորությունները։ Կարծում եմ՝ եթե այն մոտ լիներ, ՌԴ-ն ավելի ներգրավված կլիներ»,- ասաց Տարասովը։