
Խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելը մեկ բան է, ստորագրելը՝ մեկ այլ․ Բաքվին պետք է գործընթացը․ Իսկանդարյան
«Ադրբեջանը ներկայումս հետաքրքրված չէ համաձայնագրի ստորագրմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ստեղծված իրավիճակին։
Ըստ նրա՝ ասել, որ համաձայնել ենք տեքստին, ու ստորագրելը տարբեր բաներ են։ Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության պատմության ընթացքում 4 անգամ համաձայնել են, սակայն ոչ մի անգամ չի ստորագրվել։ Իսկ պատճառը, վերլուծաբանի կարծիքով, այն է, որ Ադրբեջանը սա օգտագործում է՝ որպես գործընթաց, և առնվազն ներկայումս ստորագրելու հնարավորություն չի տեսնում։
«Ես կարող եմ սկզբունքորեն նաև պատկերացնել իրավիճակ, երբ Ադրբեջանը ստորագրի այդ համաձայնագիրը, սակայն այստեղ էլ կա երկրորդ հանգամանքը՝ ստորագրել համաձայնագիրը և խաղաղություն հաստատելը տարբեր բաներ են։ Միայն ստորագրելով դու չես կարող իրական, նորմալ հարաբերություններ հաստատել ռեգիոնում, դա երկար գործընթաց է։ Ես չէի ասի, թե հոռետես եմ, բայց չեմ կարող ասել նաև, որ լավատես եմ»,- պարզաբանեց վերլուծաբանը։
Իսկանդարյանը գտնում է, որ վերջնական տեքստը դեռ կազմված չէ, հայկական կողմի համաձայնությունը նշանակում է, որ 17 կետի շուրջ համաձայն է ՀՀ-ն և սկզբունքորեն դեմ չէ ստորագրել դա, բայց Ադրբեջանից ամեն օր հնչում են այլ բնույթի հայտարարություններ։
Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ համաձայնագրի ստորագրման համատեքստում միջազգային հանրության դերին և ազդեցությանը՝ Իսկանդարյանն ասաց, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կարող է ստիպել Ադրբեջանին։
«Կոչերը, կոնկրետ խոսակցությունները, օրինակ՝ գիտենք, որ ԱՄՆ-ը ունի կոնտակտներ Ալիևի հետ, դա բավական չէ, դա չի հերիքում։ Իսկ այլ գործիքները, որոնք տեսականորեն կարող էին օգտագործվել, չեմ պատկերացնում դրանք։ Արևմուտքն օգտագործում է այն, ինչ համաձայն է օգտագործել՝ բառեր։ Պատժամիջոցներ ես չեմ կարող պատկերացնել։ Պատժամիջոցներ բոլորի կողմից՝ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա, կարող էր ազդել, Դուք պատկերացնո՞ւմ եք նման բան։ Ես՝ ոչ։ Այն, ինչ անում են, իհարկե, ուզում են ինչ-որ բան անել, բայց արդյունքը տեսնում ենք, դա բավական չէ, որպեսզի լինի այն, ինչ պետք է»,- ասաց Իսկանդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։