Սա չի սկսվել ու ավարտվել Տարոն Մարգարյանով. այդ հողերը երբեք չեն օգտագործվել ու չէին կարող օգտագործվել ուսումնական նպատակով. Բենիկ Գալստյան

168TV«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու՝ Ազգային ժողով (ԱԺ) ներկայացված միջնորդությանը, անդրադարձավ մեղադրանքին:

Ներկայացնելով գործի էությունը՝ պաշտպանն ասաց՝ Երևան քաղաքում բազմաթիվ ՀՈԱԿ-ներ ու ՊՈԱԿ-ներ կան, որոնց անհատույց օգտագործման իրավունքով հողատարածքներ են ամրակցված, և մշտապես, կախված քաղաքաշինական իրադրության փոփոխությունից ու քաղաքի զարգացումից բխող այլ հանգամանքներից, այդ հողերի փոփոխություն է տեղի ունեցել:

«Սա չի սկսվել Տարոն Մարգարյանով ու չի ավարտվել նրանով: Բոլոր քաղաքապետերի օրոք էլ նման պրակտիկա եղել է: Եղել է թվով երկու դպրոց և մեկ մանկապարտեզ, որոնք ունեին բավականին մեծ տարածքով հողամասեր, որ նրանց տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Այս հողամասերից որևէ մեկը երբևէ չի օգտագործվել ուսումնական գործընթացի համար: Ավելի պարզ ասած՝ բավականին մեծ ծավալի հողեր են եղել, որոնք գտնվել են դպրոցի մոտակայքում: Բացի դրանից, կան տարբեր մարդկանց կողմից տրված ցուցմունքներ, որ այդ հողամասերը, երկար տարիներ չօգտագործվելով, վերածվել են աղբավայրի կամ, ավելի վատ՝ մոտավորապես՝ հասարակական զուգարանի:

Կարդացեք նաև

Ավելին, դպրոցներն էլ, մանկապարտեզն էլ թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես հնարավորություն չեն ունեցել այդ հողամասերը սպասարկելու համար: Նկատենք, որ այդ հողերը ենթակա չէին քաղաքապետարանին, պետական սեփականություն էին: 2011-2014թթ. դպրոցների, մանկապարտեզների տնօրենների կողմից դիմումներ են հասցեագրվել լիազոր մարմիններին, որոնք էլ դիմել են քաղաքապետարան, ինչի արդյունքում այդ հողերից մի մաս վերցվել ու դրվել է քաղաքապետարանի հաշվեկշռին, ինչից հետո իրականացվել են աճուրդներ, և որոշակի անձինք գնել են այդ հողատարածքները: Ընդ որում, աճուրդային արժեքը շատ ավելի բարձր է եղել այդ հողերի կադաստրային արժեքից: Աճուրդի մասով որևէ խնդիր նույնիսկ նախաքննական մարմինը չի տեսել»,- ասաց Բենիկ Գալստյանը:

Պաշտպանը պարզաբանեց՝ որպեսզի պաշտոնեական լիազորությունների չարաշահում լինի, պետք է լինի հետևանք, և նախաքննական մարմինն ասում է, որ հիշյալ կազմակերպությունները զրկվել են հիշյալ հողերն ամբողջությամբ օգտագործելու հնարավորությունից:

«Կարդացողը կմտածի՝ այդ հողերի օտարումն ազդել է այդ դպրոցների նորմալ կենսագործունեության վրա, մինչդեռ դրանք, կրկնում եմ, երբևէ ուսումնական նպատակներով չեն օգտագործվել: Նախաքննական մարմինն այս մասով որևէ սցենար չէր կարող հորինել, որովհետև այդ հողամասերը ոչ միայն չեն օգտագործվել, այլև չէին կարող օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը պահանջում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սակայն այդ դեպքում նույն օրենքով՝ այդ գույքը պետք է լիներ այդ կազմակերպության, տվյալ դեպքում՝ դպրոցների ու մանկապարտեզի սեփականությունը, մինչդեռ այն, ինչպես նշեցի, նրանց անհատույց օգտագործման իրավունքով է տրամադրվել»,- ասաց պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս