168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում փաստաբան, Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու՝ Ազգային ժողով (ԱԺ) ներկայացված միջնորդությանը, խոսեց նաև նույնատիպ գործարքի մասին, որն իրականացրել է ՀՀ կառավարությունը:
«Կարդացողը կմտածի՝ այդ հողերի օտարումն ազդել է այդ դպրոցների նորմալ կենսագործունեության վրա, մինչդեռ դրանք, կրկնում եմ, երբևէ ուսումնական նպատակներով չեն օգտագործվել: Նախաքննական մարմինն այս մասով որևէ սցենար չէր կարող հորինել, որովհետև այդ հողամասերը ոչ միայն չեն օգտագործվել, այլև չէին կարող օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը պահանջում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սակայն այդ դեպքում նույն օրենքով՝ այդ գույքը պետք է լիներ այդ կազմակերպության, տվյալ դեպքում՝ դպրոցների ու մանկապարտեզի սեփականությունը, մինչդեռ այն, ինչպես նշեցի, նրանց անհատույց օգտագործման իրավունքով է տրամադրվել»,- ասաց պաշտպանը:
«Տարոն Մարգարյանի գործողությունների հետևանքը եղել է այն, որ համայնքի բյուջե մուտք է եղել բավականին մեծ գումար: Էլի եմ ասում՝ չի վաճառվել ուղիղ վաճառքով, դրվել է աճուրդի, վաճառվել է շուկայական արժեքով: Որ ուզենար իր մտերիմին տար էդ հողամասը, իրավական ընթացակարգը թույլ էր տալիս հողամասերն ուղիղ վաճառքով վաճառել: Ինչի՞ է աճուրդ արել…»,- ասաց Բենիկ Գալստյանը: