
«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյանը գրում է. ««Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է։
Մարտի 21-ին Վարդենիսում Հայաստանի առաջին տիկինը պատրաստվում է հանդես գալ «Մնացել ենք 5-րդ դարում» թեմայով բանախոսությամբ, սակայն սահմանամերձ դարձած այս համայնքում մարդիկ ամեն օր ապրում են տագնապով՝ չիմանալով՝ իրենց քաղաքը կհայտնվի՞ հերթական զիջումների «բանակցային փաթեթում», թե՞ ոչ:
Արցախի կորստի հետևանքները դեռ չեն մարսվել, սահմանները մնում են անորոշ, իսկ ամենակարևոր հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ ենք ստանում այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» դիմաց։ Ո՞վ և ինչպե՞ս է երաշխավորում Հայաստանի ինքնիշխանությունը, եթե մյուս կողմում շարունակվում են նախապատրաստվել նոր զիջումներ։
Եվ այս ամենի կողքին ունենք իշխանության քարոզած «նորաձև» կրթական մոտեցումները։ Արդյո՞ք ազգային մտածողությունը համարվում է հետադիմական։ Մի՞թե կրթվելը նշանակում է հրաժարվել սեփական պատմությունից, մշակույթից, արժեքներից՝ զուտ «նորաձև» լինելու համար։
Ինչպե՞ս եղավ, որ մեր «Ոսկե դարը» այլևս արդի չէ կրթական ծրագրերում։
Իշխանությունը, որը փորձում է խրատել հասարակությանը կրթության մասին, նախ պետք է ինքը սովորի։ Բայց ոչ թե մագիստրոսական ծրագրերում, այլ ազգային մտածողության և պետություն կառավարելու արվեստում։
Կրթվելը նորաձևություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն, բայց դա չի նշանակում մոռանալ, թե ով ենք մենք։
Մենք 5-րդ դարում չենք մնացել, բայց չենք էլ պատրաստվում մեր ազգային ինքնությունը թողնել 21-րդ դարի կասկածելի «բանակցությունների» պատանդը դառնալու համար»։