
Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. պատրաստվում է պատերազմի. Հրանտ Միքայելյան
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Ադրբեջանից եկող սպառնալիքներին դիմագրավելու մեկ տարբերակ է տեսնում՝ Ադրբեջանի զսպման ռազմավարություն պետք է ընդունվի, որն առաջին փուլում թույլ չի տա Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, ռազմական ուժով լուծել հարցերը և Հայաստանից կենսական նշանակության զիջումներ կորզել:
«Պետք է գիտակցել, որ այս տարածաշրջանում կայուն խաղաղություն չի լինելու. այդ խոսույթը պետք է աղբաման նետել, պետք է ստեղծել այդ կայուն խաղաղությունը՝ ոչ թե խոսելով, այլ ստեղծել մեխանիզմներ, որոնք դա կպարտադրեն Ադրբեջանին: Պետք է համաձայնեցնել մեր քաղաքականությունն այլ երկրների հետ և Հայաստանի կարողությունների բարձրացում իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ լինելու է կայուն խաղաղություն, նա հիշեցրեց, որ Ադրբեջանն իր բոլոր պայմանավորվածությունները խախտել է.
«Եթե Ադրբեջանից՝ թուղթ, իսկ մեզանից՝ տարածքներ, ինչպես դա եղել է, օրինակ՝ Կիրանցում, ապա ինչի՞ հաշվին ենք մտածում, որ սա լինելու է: Հայաստանն ուզում է հասնել կայուն խաղաղության, բայց Ադրբեջանի կողմից արդյո՞ք նման ցանկություն կա, ադրբեջանական լրատվականներում հակահայկական քարոզն արդյո՞ք դադարել է:
Ալիևը վերջերս ասում էր, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, որի հետ հաշիվներ է պարզելու. Եթե պետության ղեկավարը նման հայտարարություն է անում, ապա արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ այդ պետության ղեկավարը փորձելու է այս երկրի հետ կայուն խաղաղություն հաստատել: Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, պատրաստվում է պատերազմի: Գործնականում մենք դա տեսնում ենք՝ ենթակառուցվածքներ է կառուցում, ռազմական բյուջեն է մեծացնում: Ո՞ւմ դեմ է դա անում, եթե մեր դեմ, ապա ինչի՞ մասին է այն խոսակցությունը, որ Ադրբեջանը կարող է կայուն խաղաղության գնալ, եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում