Տարեկան 1257 դրամի աճ՝ սիրելի ու հպարտ կենսաթոշակառուների համար

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում քաղաքացիներին համոզելու, որ հիմա ավելի լավ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Ասում է՝ միջին աշխատավարձը Հայաստանում անգամներով ավելի արագ է աճել, քան գնաճը։ Դա նշանակում է, որ մարդիկ անգամներով ավելի լավ են ապրում։ Որ ՔՊ-ականներն իշխանության գալուց հետո, անգամներով ավելի լավ են ապրում, քան նախկինում, այդպես էլ կա։ Փոխարենը՝ բազմահազար քաղաքացիներ ավելի վատ են ապրում, քան նախկինում էին ապրում։

Այդպիսի քաղաքացիներից են նաև այն շուրջ 500.000 կենսաթոշակառուները, որոնց Նիկոլ Փաշինյանը ժամանակին արժանապատիվ կենսաթոշակ և արժանապատիվ կյանք էր խոստանում։ Վերջերս էլ մի առիթով հայտարարեց, թե 2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ մոռանալով, որ կենսաթոշակների բարձրացումը չափվում է ոչ թե նրանով, թե կառավարությունը քանի անգամ է կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ որոշում կայացրել, այլ, թե այդ որոշումների արդյունքում ինչքանով է բարձրացել կենսաթոշակը։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են ընդամենը 8802 դրամով։

Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կամ 2017թ. վերջին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում էր 40.296 դրամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ու կենսաթոշակառուներին արժանապատիվ կենսաթոշակ խոստանալուց հետո, միջին կենսաթոշակ 2024թ. վերջին կազմել է 49.980 դրամ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի վարչապետության 7 տարիներին կենսաթոշակները Հայաստանում ավելացել են միջին տարեկան ընդամենը 1257 դրամով։ Իսկ թե այդ ընթացքում ինչքանով է թանկացել կյանքը, քաղաքացիները, առավել ևս՝ կենսաթոշակառուները շատ լավ են զգում իրենց վրա։ Համատարած թանկացումների ու մյուս ծախսերի ավելացումից չենք ասում, միայն գույքահարկի անգամներով բարձրացումը բավական է դա պատկերացնելու համար։

Միջին կենսաթոշակն անցած 7 տարում ավելացել է 22 տոկոսով։ Դա նույնիսկ ավելի քիչ է, քան պաշտոնապես արձանագրված կուտակային գնաճն է։

7 տարում կուտակային գնաճը Հայաստանում կազմել է 25,3 տոկոս, 3,3 տոկոսային կետով ավելի շատ, քան կենսաթոշակներն են բարձրացրել։

Դեռ չենք խոսում այն մասին, թե 25,3 տոկոսանոց գնաճի պայմաններում ինչքանով են թանկացել առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքները, առավել ևս՝ սննդամթերքը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների կուտակային գնաճն առնվազն կրկնակի բարձր է։ Ու ինչպես բազմահազար քաղաքացիներ, այնպես էլ կենսաթոշակառուներն իրենց վրա կրել են հիմնականում այդ գնաճի ազդեցությունը, որը շատ ավելին է, քան կենսաթոշակների բարձրացումը։

Մեկ այլ թեմա է կենսաթոշակների բարձրացման չափը։ Այս համատարած թանկացումների պայմաններում միջին կենսաթոշակն անվանական արժեքով բարձրացել է ընդամենը 8802 դրամով։ Իսկ այդ ընթացքում կենսաթոշակառուների ծախսերն ավելացել են մի քանի այդպիսի 8802 դրամով։

Արժանապատիվ կենսաթոշակ խոստացած իշխանություններն այսպես են արժանապատիվ կյանք ապահովել սոցիալական ամենախոցելի խավերից մեկի՝ կենսաթոշակառուների համար։ Կենսաթոշակները բարձրացնելու փոխարեն՝ սեփական աշխատավարձերն են բարձրացրել ու հարկատուների վճարած հարկերի հաշվին իրենց բարձր պարգևավճարներ վճարել։

Պետական բյուջեն դարձրել են իրենց սեփական գրպանը ու դրա հաշվին հարստանում են։ Կենսաթոշակները բարձրացրել են 8802 դրամով, իսկ իրենց աշխատավարձերը՝ հարյուր-հազարներով։ Ասում են՝ բյուջեն կրկնապատկել ենք, բայց այդ կրկնապատկված բյուջեի պայմաններում կենսաթոշակները բարձրացրել են ընդամենը մի քանի հազար դրամով։ Երբ հարցը հասնում է կենսաթոշակառուներին, ասում են՝ բյուջեում փող չկա կենսաթոշակները բարձրացնելու համար, իսկ իրենց աշխատավարձերը կրկնապատկել-եռապատկելու, պարգևավճարներ բաժանելու համար բյուջեում միշտ փող գտնվում է։

Իրենց աշխատավարձերը հարյուր-հազարներով ավելացնելու, բյուջեի միջոցները վատնելու, անտեղի ծախսելու հետևանքով է, որ բյուջեում կենսաթոշակների բարձրացման համար փող չկա։ Եթե մի փոքր զսպեին իրենց ախորժակը, հաստատ կենսաթոշակները բարձրացնելու համար էլ գումարներ կգտնեին։

Այսօր Հայաստանում ավելի քան 498.000 կենսաթոշակառու կա, որոնց կենսաթոշակները վերջին 7 տարիներին ավելի քիչ են բարձրացել, քան անգամ միջին գնաճը։ Ու դա նշանակում է, որ անգամ պաշտոնական տվյալներով, այս մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, քան ապրում էին մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Նույնը վերաբերում է նաև սոցիալական մյուս խմբերին, այդ թվում՝ նպաստառուներին, որոնք ստանում են ընդամենը 36.600 դրամ նպաստ ու այդ գումարով պետք է ապրեն մի ամբողջ ամիս՝ կատարեն ինչպես կոմունալ վճարումները, այնպես էլ՝ սնունդ ու հագուստ գնեն։ Հայաստանում այդպիսի 60.000-ից ավելի քաղաքացի կա։

Ընդ որում, այդ քաղաքացիների թիվը վերջին 7 տարիներին 40.000-ով կրճատել են։ Ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, այլ որովհետև խստացրել են նպաստի ստացման չափանիշներն ու զրկել նպաստ ստանալուց։

Իրականացված վերջին փոփոխություններից հետո, առաջիկայում նպաստից զրկվողների քանակն էլի կավելանա։

Համակարգից դուրս մնացողների հաշվին էլ մի քանի հազար դրամով ավելացրել են նպաստները։ Նպաստառուների մի խմբից գումարները վերցրել, տվել են մյուս խմբին ու կարծում են, թե դրանով սոցիալական իրավիճակ են փոխել երկրում։

Զարմանալի չէ, որ սոցիալական իրավիճակը երկրում գնալով վատանում է, աղքատությունը չի նվազում, խորանում է սոցիալական բևեռացումը։ Փոխարենը՝ սոցիալական հատվածի եկամուտներն ավելի արագ աճեն, պետական պաշտոնյաների ու առավել ապահովված խավերի եկամուտներն են արագ աճում։ Խզումն աղքատների ու հարուստների միջև խորանում է, ինչը տնտեսական արդյունքի ու պետության եկամուտների ոչ արդարացի, անհամաչափ բաշխման հետևանք է։

Մի բան, ինչը վերջին տարիներին ՔՊ-ական իշխանությունները բարեհաջող իրականացրել են՝ նախապատվությունը տալով իրենց ու իրենց շրջապատի եկամուտների ավելացմանը, անտեսելով սոցիալական խոցելի խմբերին, այդ թվում՝ կենսաթոշակառուներին ու նպաստառուներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս