Եթե դիտարկում ենք այդ հրապարակումների համատեքստում, ապա հսկայական կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունենք, որոնք սպառնում են անվտանգության հիմքերին․ Հրանտ Միքայելյան

2025թ. մարտի 5-ին միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխված 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսերի թեման տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մտահոգիչ է համարում՝ հատկապես այն հրապարակումների համատեքստում, ըստ որոնց՝ այս թողարկումը կապված է Ադրբեջանի հետ բանակցություններում նոր անընդունելի զիջումների հետ։

«Այսինքն, եթե խոսում ենք այն մասին, որ այս գումարը կարող է կապված լինել արտաքին քաղաքականության հետ, ապա այստեղ հսկայական կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունենք, որոնք սպառնում են ազգային անվտանգության հիմքերին»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։

168.amն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ֆինանսների նախարարությունը հանրային տարբեր շրջանակների կողմից արված քողազերծումից հետո հաստատել էր եվրապարտատոմսերի գործարքի մասին տեղեկությունը։

Նոր պարտքային բեռի զուտ ֆինանսական կողմի մասին իր դիտարկումներում տնտեսագետ Միքայելյանը նկատեց․ «Սա, իհարկե, բեռ է։ Այլ հարց է՝ քանի որ բյուջեն լավ բալանսավորված չէ, կարիք կա լրացուցիչ ֆինանսների, կամ՝ կարիք կա ավելի ստույգ կառավարման, որտեղ ոչ նպատակային ծախսերը կկրճատվեն»։

Կարդացեք նաև

Ըստ Հրանտ Միքայելյանի՝ Հայաստանի արտաքին պարտքի բեռը թեև համեմատաբար գտնվում է կոմֆորտային գոտում, սակայն այն արագորեն աճում է հատկապես վերջին տարիներին։

«Ամեն դեպքում, երբ Հայաստանն անկախացել է, 0-ական պարտք է ունեցել, և եթե Հայաստանը համեմատում ենք զարգացած կապիտալիստական պետությունների հետ, որոնք իրենց պարտքերը կուտակել են հարյուրամյակների կամ տասնամյակների ընթացքում, Հայաստանը հիմնականում կուտակել է վերջերս։ Այսինքն՝ պարտքերի կուտակման աստիճանը բավականին արագ է,- նկատեց նա, ապա անդրադառնալով գործոններին, որոնք արտաքին պարտքը պահում են կոմֆորտային գոտում՝ մանրամասնեց,- Վերջին երկուսուկես տարում դրամը դոլարի նկատմամբ թանկացել է և դրա հաշվին նվազել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը համեմատաբար կոմֆորտային է պետության համար, բայց եթե դրամն արժեզրկվի (իսկ եթե ֆինանսական հոսքերը, որոնք պայմանավորված են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, դադարեցվեն, ապա դրամը կարժեզրկվի հավանաբար մոտ 20 տոկոսով), այդ բեռն ավելի զգալի է դառնալու։

Եվ երրորդ հանգամանքը՝ վերջին տարիներ ընթացքում Հայաստանը վարում է քաղաքականություն, որն արտաքին պարտքը փոխարինում է ներքին պարտքով։ Սա որոշ չափով առավել անվտանգ է, օրինակ, արժույթի փոխարժեքի տատանման տեսանկյունից։ Բայց մյուս կողմից՝ ամեն դեպքում, թանկ դրամի քաղաքականություն է վարվում, և, ըստ այդմ, այդ քաղաքականության արդյունքները չեն տանում նրան, որ պարտքի բեռը նվազի»։

Հիշեցնենք, որ երեկ հանրային գործիչ Արթուր Դանիելյանն էր ահազանգել՝ Հայաստանը նոր պարտքային բեռ է վերցրել, որն ուղղակի ռումբ է պետության տակ։

«750.000.000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ:

ՀՀ-ն, ըստ էության, փորձում է ևս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել, և դա ընդամենը կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին՝ 2025թ․ բյուջեն կատարելու համար: Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի երրորդ ամենախոշոր հոդվածն է. փոքր-ինչ զիջում է միայն սոցիալական ու անվտանգության գծով ծախսերին։ Թեպետ, եթե այս տենդենցը պահպանվի, այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը մեր բյուջեի` այսինքն, ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցրած պարտքերը սպասարկելու վրա»,- մանրամասնել էր Արթուր Դանիելյանը։

Այս քննարկումներից հետո միայն Ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին՝ տեղեկացնելով․ «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը նախօրեին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ։

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1 տոկոս եկամտաբերությամբ:

Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75 տոկոս: Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է»։

Նախարարությունից նաև հիշեցրել էին՝ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

«Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Եվրաբոնդերի հերթական թողարկումը հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ համարում են չափազանց վտանգավոր։

Տեսանյութեր

Լրահոս