
Չեմ կարծում, թե Հայաստանն իրապես կատարում է շրջադարձ դեպի Արևմուտք․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը ընդունել է մայիսի 9-ի շքերթին մասնակցելու Պուտինի հրավերը:
Սա հերթական, և ըստ իս ընդամենը ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական զբաղմունք ենթադրող աժիոտաժն է առաջացրել թեմայով, որի վերաբերյալ մի քանի դիտարկում կանեմ ստորև:
2022 թվականից խոսում եմ այն մասին, որ չեմ կարծում, թե Հայաստանն իրապես կատարում է շրջադարձ դեպի Արևմուտք:
Այո, ուկրաինական պատերազմի մեկնարկից, նաև դրա առաջին տարում Ռուսաստանի համար բավականին բարդ իրավիճակից հետո նկատելի էր, որ Երևանը ավելի մեծածավալ խաղադրույք կատարում է արևմտյան ուղղությամբ:
Բայց, դարձյալ, բազմիցս նշել եմ, որ ես այդ քայլերում չեմ տեսնում ռազմավարական խորություն և համարում եմ, որ դրանց նշանակությունն ու տրամաբանությունը առավելապես տակտիկական է:
Միևնույն ժամանակ, իմ բացատրությունն այն է, ներեցեք՝ «պարզունակությունը» չէ, թե Նիկոլ Փաշինյանը Պուտինի պատվերով կամ ցուցումով «արևմտամետ» է խաղում և «ֆռռացնում» Արևմուտքին:
Այդօրինակ գնահատականը առաջին հերթին նշանակում է հենց արևմտյան էլիտաների, հատուկ ծառայությունների, հետախուզությունների հիմարության կամ տգիտության կանխավարկած, էլ չասած լսարանի հանդեպ այդպիսի կանխավարկածով մոտեցման մասին:
Մտածել, թե միջազգային հարաբերություններում այն էլ այնպիսի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում, ինչպիսիք ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, ԵՄ, հնարավոր է այդպես «էխխ ֆռռացնել»՝ Պուտինի «պատվերով արևմտամետ» ձևանալով, նշանակում է մտածել, որ այդ կենտրոններում նստած են կատարյալ ապուշներ:
Բուն իրավիճակն այն էր, և այն է, որ Երևանի տակտիկական «թեքումը» դեպի եվրաատլաանտյան ուղղություն, չէր հակասում Ռուսաստանի խնդիրներին: Երևանը մասնակի ազատում էր Ռուսաստանին պատասխանատվությունից, բայց գլխավոր նպատակը դա չէր, այլ եվրաատլանտյան դերակատարներին պատասխանատվության դաշտ բերելը, հնարավորինս: Որովհետև, Ռուսաստանը մնալով այդ դաշտում, միևնույն է չէր լինելու իր պատասխանատվության չաձին, ըառին ու ոգուն համապատասխան, շատ հայտնի պաատճառներով, որոնց մի մեծ մասի վերաբերյալ ինքս խոսում եմ դեռ 2011-12 թվականներից:
Բայց, խնդիրը Երևանի համար չէր էլ սահմանափակվում միայն պատասխանատվությունների վերաբաշխումով: Խնդիրը այն էր, ոոր Ռուսաստանի հետ ուժգնացող դիմակայության մեջ մտնող եվրաատլանտյան էլիտաները բերվելով պատասխանատվության թեկուզ հարաբերական մի աստիճանի, որոշակիորեն կաշկանդված լինեին Կովկասը ՌԴ «ոտքերի տակ այրելու» «գայթակղության» հարցում: Որովհետև, այդ հրդեհը կարող էր այրել ՌԴ ոտքերը, սակայն Հայաստանը կայրվեր ամբողջ մարմնով, գրեթե այնպես, ինչպես օրինակ Ուկրաինան:
Այս խնդիրը լուծվեց Արցախի գնով:
Կարո՞ղ էր լուծվել այլ կերպ:
Ես համենայն դեպս կողմնակից չեմ այն տարբերակին, երբ հանրությունների համար որևէ տնտեսական, ռազմա-քաղաքական, անվտանգային հարցի պարագայում ընդունելի է լինում որևէ կառավարության բացատրություն, թե՝ «մենք ոչինչ չէինք կարող անել»:
Պետությունները և դրանց կառավարությունները հենց նրա համար են, որ ժողովուրդների, հանրությունների համար կարևորագույն, բախտորոշ, ճաակատագրական հարցերում բացառվեն այդօրինակ «բացատրությունները» և իրավիճակները, թե՝ «մենք ոչինչ չէինք կարող անել»»: