
Հարցազրույց, հանդիպումներ, շփումներ, այց «Մարգարա»-ի անցակետ․ ինչպե՞ս են ՀՀ իշխանություններն ընդունել թուրք հյուրերին

Առաջիկա ժամերին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ կհեռարձակվի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների լրագրողներին, որոնց նա ընդունել է ՀՀ կառավարությունում։
Ըստ նախնական պայմանավորվածության, Հանրային հեռուստատեսությունն այս հարցազրույցը կհրապարակի այսօր երեկոյան։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սա, թերևս, առաջին անգամն է, երբ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման ձևաչափով հարցազրույց է տալիս բացառապես թուրք լրագրողներին, այն էլ՝ իր նախաձեռնությամբ։ Ուշագրավն այն է, որ ինչպես վերջին տարիներին հայ-թուրքական բոլոր «հանգրվաններում», այնպես էլ այս դեպքում՝ նախաձեռնությունը եղել է հայկական կողմինը։ Այսինքն՝ ոչ թե թուրքական ԶԼՄ-ներն են ցանկություն հայտնել հանդիպելու Նիկոլ Փաշինյանին և անձամբ հարցեր ուղղել նրան Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարի, ռեգիոնալ խնդիրների և, ինչո՞ւ ոչ՝ նաև ՀՀ ներքին խնդիրների ու օրակարգերի մասին, այլ Նիկոլ Փաշինյանն է ցանկացել ուղերձներ հղել թուրք ժողովրդին և իշխանություններին հենց թուրքական ԶԼՄ-ների միջոցով։
ՀՀ իշխանություններն, ըստ էության, թուրքական 10 ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել են ճանաչողական եռօրյա այց՝ մեդիատուր Հայաստանում՝ հանդիպումներ, քննարկումներ, շփումներ և այլն․․․
Հյուրերը, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ չեն մնացել, հայկական կողմն արել է հնարավորը, որպեսզի ամեն բան կազմակերպվի առանձնահատուկ բարձր մակարդակով։ Միակ «դժգոհությունը» եղել է գերհագեցած գրաֆիկը։
Սակայն սկսենք սկզբից. մեր տեղեկություններով՝ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Հայաստան ծրագրվում էր դեռևս ամիսներ առաջ՝ Նիկոլ Փաշինյանին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող «Օրբելի» կենտրոնի հրավերով։ Այս այցն ու հետևաբար՝ նաև հարցազրույցը պետք է տեղի ունենային դեռևս դեկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դա համընկել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի տապալման փուլի հետ, որի պատճառով թուրքական կողմը խնդրել էր հետաձգել այցը։
Ուստի, «168 Ժամ»-ի վստահելի աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ պատճառով էլ նրանց այցը տեղափոխվել է մարտ, և թուրք լրագրողները «Զվարթնոց» օդանավակայան ժամանումից ժամեր անց՝ մարտի 10-ի առավոտից, սկսել են հանդիպումները Երևանում բավականին հագեցած ձևաչափով։
Թուրք լրագրողներին ԱԺ-ում ընդունել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, իսկ ԱԳ նախարարությունում լրագրողներին ընդունել են փոխնախարարի մակարդակով։
Նրանք երկուսն էլ «off the record» ձևաչափով հանդիպումների ժամանակ մանրամասն ներկայացրել են Փաշինյանի իշխանության մոտեցումները հայ-թուրքական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ շեշտն առանձնահատուկ դնելով հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատելու անհրաժեշտության վրա։
Ի դեպ, թուրք լրագրողների համար սա, կարծես, ընդունելի մոտեցում է եղել, սակայն անիրականանալի, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս բնույթն ու ձևաչափը, ինչպես նաև ՀՀ-ի հետ հարաբերությունների կարևորությունը Թուրքիայի համար։
Իշխանության ներկայացուցիչները նաև փորձել են բացատրել, որ Սփյուռքի կառույցների քաղաքականությունը որևէ կապ ու առնչություն չունի ՀՀ իշխանությունների քաղաքականության հետ, որ իրենք՝ ՀՀ իշխանությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իբրև թե «կառուցողական» են տրամադրված, պատրաստ են սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման՝ անկախ հայ-ադրբեջանական հարաբերություններում զարգացումներից։
Թուրք լրագրողներին ներկայացվել են հայ-թուրքական բոլոր պայմանավորվածությունները և այն, որ նույնիսկ երրորդ երկրների ներկայացուցիչների համար սահմանը բացելու 2022 թվականի պայմանավորվածությունը չի իրագործվում։ Ընդհանուր առմամբ, թուրք լրագրողներին անհարմարություն պատճառող որևէ թեմա չի քննարկվել՝ շեշտը դրվել է ՀՀ իշխանությունների արդեն իսկ ծեծված խաղաղության օրակարգի վրա։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ալիևի քաղաքականությունը ևս դուրս չեն մնացել այս հանդիպումների օրակարգից։ Այստեղ, թերևս, որևէ նորություն հայ հասարակության համար հայկական կողմը չի ասել թուրք լրագրողներին։ Մեր տեղեկություններով, նշվել է նաև, որ արցախահայությանը ՀՀ-ում ինտեգրելու, վերաբնակեցնելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր, սա նույնիսկ ընկալվել է այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, ինչո՞ւ ոչ, Թուրքիան կարող է անել համապատասխան ներդրումներ։ Այստեղ միայն հարց է ծագում՝ արդյո՞ք արցախահայությունը համաձայն է զարգացումների նման ընթացքի հետ։
Փաշինյանի հարցազրույցը թուրք լրագրողներին տեղի է ունեցել տուրի երկրորդ օրը։ Հայկական կողմը թուրքական լրատվամիջոցների հետ պայմանավորվել է, որ հարցազրույցի սղագրությունը և տեսանյութը տրամադրելու է ՀՀ կառավարությունը։
Ըստ ամենայնի, վերջին տարիներին Թուրքիային ու Էրդողանին ուղղված անընդհատ ուղերձներից հետո Փաշինյանը որոշել է ազդել թուրք ժողովրդի տրամադրությունների վրա, որի հնարավոր ազդեցությունն Էրդողանի քաղաքականության վրա, իհարկե, մեղմ ասած, խիստ կասկածելի է։ Մեդիատուրի շրջանակում թուրք լրագրողները շփվել են նաև հայ փորձագետների հետ, ինչպես նաև այցելել են հայ-թուրքական սահման՝ «Մարգարայի» անցակետ։ Այստեղ ՀՀ իշխանությունները փորձել են ցույց տալ, թե ինչ ներդրումներ են արվել անցակետում և թե ինչպես է հայկական կողմը պատրաստ սահմանի բացմանը։
Ի դեպ, միայն վերջերս՝ փետրվարի 28-ին, հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացնում են այլևս միայն Հայաստանի սահմանապահ զորքերը:
2022-ի հուլիսին Վիեննայում հայ և թուրք բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից 2.5 տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։ «ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար»,- ֆեյսբուքյան իր էջում փետրվարի 28-ին գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել էր, որ «Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025թ. մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը։