«Առավոտից երեկո թմբկահարում են, թե՝ գնում ենք Եվրոպա, իրականում գնում են դեպի Թուրքիա, և թուրք լրագրողների այցը Հայաստան դրա ապացույցն է». Ամատունի Վիրաբյան

Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ «հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին»։

Այսօր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը Tert.am-ին ասել է, որ Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Նա ասել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տասը լրատվամիջոց: «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը, որպես այդպիսին, Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- նշել է նա:

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին գումար ծախսվի թուրքերի համար։

Կարդացեք նաև

«Միայն մեկ փաստ է հայտնի, որ 1918 թվականին Արամ Մանուկյանն ընդունել է Խալիլին և նրա պատվին ճաշկերույթ է տվել Երևանում։ Միայն այս մեկ դեպքն է հայտնի»,- 168.am հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։

Նա փորձում է հասկանալ, թե թուրք լրագրողներին ինչ է ասել «վարչապետ կոչվածը», քանի որ առայժմ նրա հարցազրույցից որևէ հատված չկա։

«Բայց ես այլ կերպ պատասխանեմ՝ առավոտից երեկո թմբկահարում են, թե՝ գնում ենք Եվրոպա, գնում ենք դառնանք ԵՄ անդամ, և այլն, իրականում գնում են դեպի Թուրքիա, և թուրք լրագրողների այցը Հայաստան դրա ապացույցն է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Առայժմ բավարարվենք սրանով, մինչև հասկանանք, թե այսօր կամ վաղը, երբ է հրապարակվելու իր ասածները, հետո հասկանանք՝ ինչ է կատարվում»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս