Վա՜յ մամա՛ ջան, չեմ պատասխանելու, ուզում ես՝ մինչև իրիկուն հարց տուր. Արմեն Աշոտյանի գործով վկան օգտվեց իր լռելու իրավունքից

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին Վաչիկ Սաղաթելյանը չէր ներկայացել, իսկ Բարոյանի հարցաքննությունը շարունակվեց:

Նաև պարզվեց, որ հանրային մեղադրող Նշանյանն այլևս չի պաշտպանելու մեղադրանքը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Վաչիկ Սաղաթելյանը: Վերջինս ներկայացել էր իր փաստաբանի՝ Երվանդ Վարոսյանի հետ: Վաչիկ Սաղաթելյանը, դիմելով դատարանին, ասաց, որ օգտվում է իր իրավունքից ու հրաժարվում է ցուցմունք տալ:

Կարդացեք նաև

«Մեր ՍՊԸ-ի («Նավասարդ» ՍՊԸ.- Գ.Ս.) քննիչը հաշվապահական բոլոր թղթերը վերցրել ու չի վերադարձրել: Ես էլ մտածում եմ՝ դա կարող է իմ դեմ օգտագործվել, ու հրաժարվում եմ ցուցմունք տալուց»,- ասաց վկան:

Նա նաև ի պատասխան դատավոր Դոլմազյանի հարցի՝ իսկ գործի շրջանակո՞ւմ, պատասխանեց՝ չեմ պատասխանում:

Վաչիկ Սաղաթելյանի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն ասաց՝ Տիգրան Շոխոյանն է առգրավել փաստաթղթերն այս գործի շրջանակում ու չի վերադարձրել:

«Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է, հետևաբար՝ ցուցմունք տալը կարող է օգտագործվել իր դեմ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Դատավորի դիտարկմանը, թե կողմին չի կարող հարցեր տալու իրավունքից զրել, Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն առարկեց «Լռության իրավունքը զրույացնում եք, դարձնում եք չուլ» ձևակերպմամբ:

«Ձեր նախկին մասնագիտությամբ եք առաջնորդվում, չի կարելի խախտել լռության իրավունքը: Դուք քննիչ եք»,- դատավոր Դոլմազյանին ասաց Տիգրան Աթանեսյանը:

Երվանդ Վարոսյանը նույնպես նկատեց՝ լռելու իրավունքը բացարձակ իրավունք է, և իրավաչափ չէ հարցերով ճեղքել:

«Մնացյալը ժամանակի վատնում է: Ասենք՝ հարցեր հնչեցին, հերթով ասաց՝ չեմ պատասխանի, ժամանակի վատնում չէ՞»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Այնուամենայնիվ, դատավորն ու մեղադրանքի կողմը շարունակեցին հարցեր տալ Վաչիկ Սաղաթելյանին: Վերջինս վրդովվեց:

«Ես հարցերին չեմ պատասխանում: Քանի՞ անգամ կարելի է ասել: Չեմ պատասխանում: Վա՜յ մամա՛ ջան, չեմ պատասխանելու, ուզում ես՝ մինչև իրիկուն հարց տուր»,- ասաց վկան հանրային մեղադրողին:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս