ԱՄՆ-ը ու Ռուսաստանը սկսում են համագործակցե՞լ Սիրիայում

Սիրիայում օրերս բռնկվեցին վերջին շրջանի ամենախոշոր զինված բախումները՝ Իրանի և Ռուսաստանի դաշնակից Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն»-ը հաղորդեց, որ ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների, անվտանգության ուժերի ու տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների զինյալների միջև երկրի առափնյա շրջանում տեղի ունեցած բախումների մի քանի օրվա ընթացքում, զոհերի թվում, ըստ աղբյուրի, 745 խաղաղ բնակիչ կա:

Միջազգային մամուլում ու սոցցանցերում այս արյունոտ իրադարձությունները ստացան «ալավիների զտում», «ցեղասպանություն», «արյունոտ ուրբաթ» որակումները։

Մանրամասնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում բախումներ տեղի ունեցան Ասադի կողմնակիցների և Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերի միջև, որը գլխավորում է իսլամիստ ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, ով իր խմբավորման հաղթանակից հետո ստացել է երկրի ժամանակավոր նախագահի կարգավիճակ։ Նոր բախումները, նշում են վերլուծաբանները, ցույց են տալիս, որ ալ-Շարաան պայքարում է Սիրիայում վերահսկողությունը պահպանելու համար Ասադի տապալումից հետո: Սակայն բախումները վերածվեցին բռնության ահասարսուռ դեպքերի պարզապես խաղաղ բնակչության՝ կանանց, երեխաների, ծերերի նկատմամբ, տեսանյութերից որոշները տարածվում էին մամուլում։

Ալավիական գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները Associated Press-ին պատմել են սպանությունների մասին, երբ զինյալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մոտ գնդակահարել են ալավիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել: Ալավիների բազմաթիվ տներ թալանվել են, այնուհետև հրկիզվել տարբեր շրջաններում, AP-ին հայտնել են Սիրիայի առափնյա շրջանի երկու բնակիչ։ Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիակները թափված են եղել փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, և ոչ ոք չի կարողացել վերցնել դրանք: Սիրիայի ներքին գործերի նախարարությունը նույնիսկ հաստատել է, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել»։

Կարդացեք նաև

Միջազգային հանրության՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների նախօրեի արձագանքներից հետո, Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել է դեպքերը ուսումնասիրելու համար հանձնաժողով ձևավորելու մասին։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ մարտի 10-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ արտակարգ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով։

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ»,- գրել է նա։Սա ևս ինքնին ուշագրավ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն սկսում են համագործակցել միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ միջազգային հարթակներում՝ այս դեպքում մերձավորարևելյան զարգացումների հարցում, և ունեն մոտ դիրքորոշումներ։ Սիրիական զարգացումների շուրջ ևս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումները սկսում են արմատապես տարբերվել։ Այն դեպքում, երբ պետքարտուղար Ռուբիոն իր աջակցությունն է հայտնում փոքրամասնություններին՝ քրիստոնյաներին, ալավիներին ու քրդերին, դատապարտելով բռնությունն ալավիների նկատմամբ, Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս բախումներին ընդառաջ՝ Թուրքիան, որն աջակցում է Ալ-Շարաայի իշխանությանը, խորհրդակցություններ անցկացրեց Մեծ Բրիտանիայի հետ։ Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում խորհրդակցություններ են անցկացրել Սիրիայի հարցով, որոնք գլխավորել են Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը և Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցով նախարար Հեմիշ Ֆալքոները։

Օրակարգը ևս ուշագրավ է, նշված էր, որ Յըլմազը պետք է ներկայացնի Թուրքիայի տեսակետներն ու ակնկալիքները՝ կապված Սիրիայում անվտանգության, կայունության և տնտեսական իրավիճակի հետ։

Ասվում էր նաև, որ քննարկումների ընթացքում պետք է ընդգծվի կենտրոնական կառավարության շրջանակում ազգային հաշտեցման ուղղությամբ սիրիական վարչակազմի ձեռնարկած քայլերի միջազգային աջակցության կարևորությունը։ Իսկ դրանից առաջ տեղի էր ունեցել Էրդողանի հեռախոսազրույցը Սթարմերի հետ, ինչպես նաև կոնտակտներ մի շարք նախարարությունների մակարդակով։

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ալավիների հետ կապված վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության և նրա աջակիցների համար իրավիճակն ամենևին էլ կառավարելի չէ։ Թեև, ըստ նրա, կառավարական ներկայացուցիչները հայտարարում են, թե սա սպասելի էր, այնուամենայնիվ, բախումներ նման պատկերով սպասելի չէին, ինչպես նաև սպասելի չէր նման արձագանքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան, որը ցանկանում է լուծել Սիրիայում քրդերի հարցը, խնդիրներ ունի Սիրիայում։

«Վերջին շրջանում թվում էր, թե Անկարան միայն հաջողություններ է գրանցում, սակայն այդ ամենն ունի նաև իր հակառակ կողմը, որը լի է բարդություններով ու անկանխատեսելի զարգացումներով։ Ալավիների հետ տեղի ունեցածը խառնում է Թուրքիայի խաղաքարտերը և բարդացնում Թուրքիայի ավելի կարևոր նպատակների իրագործումը, խոսքը քրդական հարցի մասին է։

Բացի այդ, հաստատվեցին նաև ՌԴ անհանգստություններն այն մասին, որ Սիրիայում պետք է իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, պետք է բոլոր փոքրամասնությունների համար պայմաններ ստեղծվեն։ Սակայն ժամանակավոր իշխանությունն ակնհայտորեն այս խնդիրը չի կարողանում իրագործել, ուստի տեղի ունեցավ այն, ինչ եղավ վերջին օրերի ընթացքում»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նա գտնում է, որ Թուրքիան իր քայլերը համաձայնեցնում է Բրիտանիայի հետ թե՛ ուկրաինական, թե՛ սիրիական, և թե՛ այլ ուղղություններով։

«Սակայն, ինչպես տեսնում ենք, բացի այն խնդիրներից, որոնք առաջանում են ինչ-որ պլանների իրագործման ընթացքում, ի հայտ են գալիս անկանխատեսելի հանգամանքներ, առաջանում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ ևս, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի արտահերթ լսումների պահանջով։

Ռուս-ամերիկյան բանակցությունները, ի դեպ, նաև սկսվեցին սիրիական օրակարգով, չի բացառվում, որ սկսեն համագործակցել։ Սա, կարծում եմ, խնդրահարույց նորություն է Թուրքիայի համար»,- նկատեց Տարասովը։

Նրա խոսքով, չի բացառվում, որ Հարավային Կովկասում ևս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը որոշ հարցերում փոխըմբռնում ձևավորեն։

«Իհարկե, սա Մերձավոր Արևելքից ու այնտեղ առկա խնդիրներից էապես տարբերվող ռեգիոն է, սակայն ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունները շատ ավելի գլոբալ նշանակություն ունեն, կվերաբերեն շատ տարածաշրջանների՝ այնտեղ իրավիճակ փոխելու մեծ պոտենցիալով։ Բացառություն չէ նաև Հարավային Կովկասը, որտեղ Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ լուրջ ջանքեր են ներդրել ԱՄՆ նախկին իշխանություններն ու ԵՄ-ն անցնող տարիների ընթացքում։ Ներկայումս կարող են ձևավորվել համագործակցություններ, որոնց մասին պատկերացնել չէինք կարող։ Իսկ գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախկին Արևմուտքի կամ ներկայիս Եվրոպայի քաղաքականությանը հակադիր քաղաքականություն է վարում։ Հարավային Կովկասը ևս ամենաբարդ ռեգիոններից է, որին լավագույնս ծանոթ է Ռուսաստանը, ինչը կարող է առաջիկայում առանցքային նշանակություն ստանալ»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս