«Մուրադովն ինձ հստակ ասաց՝ ձեր իշխանությունը չի ցանկանում, որպեսզի տղաները վերադառնան». Անահիտ Ադոյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ  անհայտ կորած տղաների ծնողները  մարտի 8-ին՝ շաբաթ օրը, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջը մեկն է՝ պարզել իրենց տղաների գտնվելու վայրը։ Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորած տղաների ծնողների հետ փակ հանդիպում էր տեղի ունեցել, հարցը քննարկվել էր, սակայն հանդիպումը հուսադրող չի եղել։

«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրվա ակցիային չի մասնակցել, սակայն «Քիմիկների զորամասի» տղաների ծնողներից եղել են։ Ակցիայի ընթացքում, ինչպես միշտ, որևէ պաշտոնատար անձ ծնողներին չի ընդունել։

«Իրենք բան ու գործ չունե՞ն, որ այս ծնողներին ընդունեն, իհարկե, չեն ընդունել,- հեգնեց տիկին Անահիտը և հավելեց,- Այս հարցն օդում կախված է, ու իրենք չեն էլ իջեցնելու, որովհետև ամուր գամված են միայն իրենց աթոռներին, չգիտենք, թե այդ աթոռներին ի՞նչ է քսած։ Իրենց համար միևնույն է՝ այս երեխաները կգա՞ն, թե՞ չեն գա։

Բնականաբար, ԱԺ-ում այդ փակ հանդիպումը ձևական բնույթ էր կրում, որ իբր ծնողներին ընդունում են, չեն անտեսում և այլն։ Եթե ձևական բնույթ չկրեր, դրանից մի քանի օր հետո Անդրանիկ Քոչարյանը կհայտարարեր, թե՝ սպասենք, տեսնենք՝ այդ 172 մասունքները ե՞րբ կփոխանցեն, ի՞նչ գիտի՝ մասունք են։ Մենք սրա հետևից ԱԺ գնացինք, ինքը ներողություն խնդրեց, բայց դե Զատիկից հետո էլ ո՞ւմ է պետք կարմիր ձուն»։

Կարդացեք նաև

Տիկին Անահիտն ընդգծեց՝ իշխանություններին հստակ ասել է՝ ինչպես տղաներին տվել են իրենց, այնպես էլ պետք է վերադարձնեն իրենց։

Այս պահին անհետ կորած տղաների ծնողները հույսը կապում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, նաև Ռուսաստանի հետ։

«Առաջին անգամ երբ հանդիպել եմ գեներալ Մուրադովի հետ, առաջին պահից ասել եմ՝ իմ հույսը ռուսն է, որ քայլեր ձեռնարկի, տղաներին վերադարձնի։ Ռուստամ Մուրադովն ինձ հստակ ասաց՝ ձեր իշխանությունը չի ցանկանում, որպեսզի տղաները վերադառնան։ Երբ զարմացա, ասացի՝ ի՞նչ եք ասում, մերոնք ամեն ինչ անում են տղաների համար, նա պատասխանեց՝ ոչ։

Իշխանություններին ձեռնտու չէ մեր տղաների վերադարձը, տղաները որ եկան՝ շատ խաղաքարտեր են բացվելու։ 44-օրյա պատերազմում այդքան տղաներն ո՞ւր են, չգիտեմ, գուցե մեր տղաներից կան, որ ռուսի մոտ են։

Մենք չգիտենք մեր տղաների վիճակը, ԱԱԾ-ն ու քննչականն էլ Բաքվից եկող գերիների բերանն այնպես են փակում, որ ոչ մեկը բան չի ասում, ում մոտենում ենք, ասում են՝ բան չգիտենք, մեր աչքերը փակ տարել, փակ բերել են։ Բոլորն էլ ամեն ինչ գիտեն, բայց որևէ բան չեն անում։ Արարատ Միրզոյանը կոնկրետ՝ անցել է ստվեր ու իշխանությունն է վայելում, Բայրամովի ձեռքն է սեղմում, այսքան ժամանակ ծնողներից մեկին ընդունե՞լ է։

Նիկոլ Փաշինյանը գնում է Գյումրի, Խծաբերդի տղաները Գյումրիից չէի՞ն, որ գերի ընկան, դե թող խոսեն, թե՞ նորից կգան, կխոնարհվեն հողատու դավաճանի ոտքերի տակ ու կասեն՝ «մեռնեմ քեզ, մեր տղաներին կորցրեցինք, քեզ գտանք, Նիկոլ ջան»»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անահիտ Ադոյանը նաև հիշեցրեց՝ 2021 թվականի ապրիլին, երբ 2 ինքնաթիռ եկավ «Էրեբունի» օդանավակայան, ասացին, որ դրանք դատարկ են, բայց իրականում մի ինքնաթիռի մեջ խոշտանգված մարմիններ են եղել, մյուսն իսկապես դատարկ է եղել։

Տեսանյութեր

Լրահոս