
Փոքր ու միջին բիզնեսը՝ կործանման ճանապարհին

Փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկի կրկնապատկման շուրջ բարձրացված աղմուկը անհանգստացրել է կառավարությանը։ Բայց ոչ այն պատճառով, որ դրանով փոքր ու միջին բիզնեսը հայտնվում է հարկային ծանր բեռի տակ ու կանգնում է գործունեությունը շարունակել-չշարունակելու խնդիրների առաջ, այլ այն պատճառով, որ սպասվող ընտրություններից առաջ դա լավ բան չի խոստանում իշխանություններին։ Այդ պատճառով էլ որոշել են 6 ամիս, այսպես կոչված, անցումային շրջան սահմանել։ Պատրաստվում են վերադարձնել առք ու վաճառքով զբաղվողների շրջհարկի 5 տոկոսը գերազանցող գումարները։
«Մեր սահմանած անցումային շրջանը կներառի 2025 թ. առաջին 6 ամիսը` մինչև հուլիսի 1-ը։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները»,- կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարարը։
Թվում է, թե այս որոշմամբ ընդառաջ քայլ են կատարել փոքր ու միջին բիզնեսի մտահոգություններին։ Բայց դա ոչ մի խնդիր չի լուծում բիզնեսի համար։ Պարզապես փափուկ բարձր են դնում հարկատուների գլխի տակ, ժամանակ են շահում՝ դժգոհության ալիքը թուլացնելու համար։
Բացի այն, որ սա հարցի լուծում չէ, մի բան էլ հատուկ այնպես են խճճել ամեն ինչ, որ շատերը նույնիսկ չկարողանան այդ ժամանակավոր զեղչից օգտվել։
Վեց ամիս հետո փոքր ու միջին բիզնեսը կանգնելու է նույն փաստի առաջ։ Որովհետև շրջհարկի կրկնապատկումից առաջացած խնդիրները միայն այն չեն, որ մարդիկ չեն կարողանում փաստաթղթավորել նախկինում առանց փաստաթուղթ ձեռք բերված ապրանքները ու հիմա վաճառելու դեպքում՝ ստիպված են դրանց համար կրկնակի ավելի շատ հարկ վճարել։ Վեց ամիս հետո էլ այդ խնդիրը շարունակելու է մնալ։ Այնպես չէ, որ 6 ամսում այդ ապրանքներն ամբողջությամբ կարողանալու են իրացնել։ Բայց եթե նույնիսկ ամբողջությամբ իրացնեն, դա չի լուծում փոքր ու միջին բիզնեսի խնդիրը։ Խնդիրը միայն այն չէ, որ նախկինում ձեռք բերված ապրանքները չեն կարողանում փաստաթղթավորել ու հարկերը նվազեցնել։ Վեց ամիս հետո էլ չեն կարողանալու փաստաթղթավորել, որովհետև բազմաթիվ ձեռքբերումների դեպքում դա անհնարին է լինելու։ Կառավարությունում ու իշխանության մյուս օղակներում չեն ուզում հասկանալ, որ փոքրերը երբեք չեն կարող պարտադրել խոշոր բիզնեսին փաստաթուղթ տրամադրել՝ ձեռք բերված ապրանքների համար։ Ու դա նշանակում է, որ փոքր բիզնեսը ստիպված է լինելու նախկին 5 տոկոսի փոխարեն՝ 10 տոկոս շրջանառության հարկ վճարել այդ ապրանքների համար։ Կրկնակի ավելի շատ, քան վճարում էին նախկինում։
Շրջհարկի հետ կապված դժգոհությունը հիմնականում հարկային բեռի կրկնապատկումից է։ Ու այն անցումային շրջանը, որն առաջարկում է կառավարությունը, այս առումով ոչինչ չի տալու։ Հարկային բեռի կրկնակի ավելացումը ծանրանալու է փոքր բիզնեսի վրա։
Պարզ է, որ փոքր բիզնեսն այդ գումարներն իր գրպանից չի կարող վճարել։ Դրա համար ստիպված բարձրացնելու է ապրանքների գները։ Բարձրացնելու է ու ընկնի կրակը։
Ռիսկերը փոքր ու միջին բիզնեսի համար գալիս են հենց այստեղից։ Գները բարձրացնելուց հետո բիզնեսը կորցնելու է մրցունակությունը, ինչն առանց այդ էլ չունի։ Դա բերելու է նրան, որ կրճատվելու են շրջանառությունները, հետևաբար՝ նաև հասույթները։
Գալու է մի գեղեցիկ օր, որ բիզնեսն այլևս ի վիճակի չի լինելու ստացված եկամուտներով փակել ծախսերը։ Փակվելու է ու դադարեցնելու գործունեությունը։
Այն, ինչ շրջանառության հարկի կրկնապատկումով սպասվում է փոքր ու միջին բիզնեսին, սա է։ Կառավարության առաջարկած ժամանակավոր փոխհատուցումը հարցի լուծում չէ։
Թեև խնդրահարույց է նաև այն, թե ինչու պետք է բյուջեի հաշվին կառավարությունը փոխհատուցի փոքր ու միջին բիզնեսի հարկերը, երբ առանց փոխհատուցման էլ կարող էր լուծել այդ խնդիրը՝ ժամանակավոր, թեկուզ 6 ամսով կասեցնելով օրենքի գործողության ժամկետը, ինչպես պահանջում էին հարկատուները՝ մինչև վերջնական լուծման կարող էին հանգել։ Բայց ոչ, կառավարությունը գերադասել է գնալ այլ ճանապարհով։ Որոշել է ֆռռացնել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ հույս ունենալով, որ 6 ամիս հետո նրանք սուս ու փուս աշխատելու են՝ պարտադրված կրկնակի բարձր հարկային բեռի պայմաններում։
Սա այս իշխանության ձեռագիրն է. տարբեր միջոցներով, խորամանկելով ու խաբելով՝ ժամանակ շահել իրենց ուզածին հասնելու համար։
Եթե փոքր ու միջին բիզնեսը համակերպվի այս իրավիճակին, ապա ամեն ինչ, ի վերջո, ավարտվելու է բիզնեսի վրա հարկային բեռի կրկնապատկումով։ Այն, ինչ ցանկանում է անել իշխանությունը, որովհետև բյուջեն լցնելու խնդիր ունի։ Ու քանի որ խոշորներին չի ուզում նեղություն տալ, որոշել է այդ խնդիրը լուծել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռն ավելացնելու միջոցով։
Անցած տարի, ինչպես հայտնի է, 223 մլրդ դրամի հարկեր չկարողացան հավաքել։ Բայց որ ավելի վատ է՝ ձախողեցին հարկային վարչարարության բարելավման խոստումը։ ՀՆԱ-ում հարկերի հավաքագրման ցուցանիշը բարելավելու փոխարեն՝ նահանջեց։ 2024թ. հարկեր-ՀՆԱ-ն կազմեց 23,6 տոկոս, նախորդ տարվա համեմատ՝ նվազելով 0,45 տոկոսային կետով։
Սա նշանակում է, որ հարկային ստվերը խորացել է։
Այդքանից հետո փորձում են տպավորություն ստեղծել, թե ստվերի դեմ են պայքարում։
Ստվերի դեմ պայքարելու փոխարեն՝ փոքր բիզնեսի հարկային բեռն են ավելացնում՝ հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ վերջին տարիներին որոշ ոլորտներում հարկային բեռը խելքից դուրս ծանրացրելուց հետո, ոչ միայն հարկերը չեն ավելանում, այլև բիզնեսի գործունությունն է վտանգվում։ Այն, ինչ տեսանք ավտոմեքենաների ներմուծման բիզնեսի պարագայում, դրա ցայտուն արտահայտությունն է։ Բիզնեսը կործանեցին, հետո հիշեցին, որ անհարկի հարկային բեռ են դրել ու հիմա փորձում են հետողորմյա անել, երբ գնացքն արդեն վաղուց գնացել է։
Նույնը լինելու է շրջանառությանը հարկը կրկնապատկելու պարագայում, երբ որոշ ժամանակ հետո բախվենք փոքր ու միջին բիզնեսը կործանելու փաստի հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ