
Հատիկ առ հատիկ․ միլիարդավոր դոլարներ՝ Փաշինյանի ապագա թղթապանակում

«Իրականում մեր արտաքին քաղաքականության և արտաքին գործերի արդյունավետությունը գնահատելու համար մենք պետք է այստեղ էլ փորձենք թվային արտահայտություններ ունենալ, օրինակ, նախորդող շրջանում քանի գործարք ենք կնքել, քանի պայմանագիր ենք կնքել, քանի փաստաթուղթ ենք կնքել և դրանք ի՞նչ բովանդակություն են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքականության ամենատարբեր ոլորտներին»,- Դիվանագետի օրը ԱԳՆ-ում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ «մենք մեր գործունեության արդյունքներն ամենուր պետք է կարողանանք արտահայտել թվերով»։ Նա նաև ասել է, որ եթե հնարավոր լինի դա արտահայտել ֆինանսական թվերով, շատ ավելի լավ կլինի։
Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական ու իրավական պետություն, Նիկոլ Փաշինյանն իր այդ ելույթից հետո կվերադառնար ոչ թե Կառավարության շենք կամ կառավարական կեցավայր, այլ կհայտնվեր ԱԳՆ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազությունում՝ իր իսկ առաջարկած հայեցակարգի տրամաբանությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Եթե Հայաստանը լիներ այդպիսի պետություն, նրա ելույթը լսող ԱԳՆ կենտրոնական ապարատի անդամներն էլ՝ արարողակարգային լաքեյների փոխարեն՝ պետական շահերով առաջնորդվող դիվագիտական ծառայողներ, ապա հենց նույն դահլիճում կհակադարձեին Փաշինյանին՝ ներկայացնելով իր իսկ պահանջած թվային և ֆինանսական արտահայտությունները։
Ահա այդպիսի որևէ դիվանագետ նրա ելույթից հետո կարող էր ու պարտավոր էր հայտարարել, որ 2018-ին հաջորդած տարիների ընթացքում, այդ թվում՝ հայկական դիվանագիտության ձախողման հետևանքով, Հայաստանը կորցրել է Արցախը՝ թվային արտահայտությամբ շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր, բայց հայկական դիվանագիտության հաղթարշավը դրանով չի սահմանափակվել, հաջորդիվ Ադրբեջանը գրավել և մինչև այսօր պահպանում է առնվազն 200 քառակուսի կիլոմետր՝ ՀՀ ինքնիշխան տարածքից (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 200 քկմ-ից ավելի)։
Ֆինանսների, ավելի ստույգ՝ փողի սիրահար Նիկոլ Փաշինյանին այդ պարկեշտ դիվանագետը կարող էր փոխանցել, որ ըստ նախնական գնահատականների, Արցախի կորստով պատճառված նյութական վնասը կազմում է 40-50 միլիարդ դոլար, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը, կրկին տարբեր հաշվարկներով, կորցրել է 3-5 միլիարդ դոլարի զինտեխնիկա ու զինամթերք։ Նույն դիվանագետը կարող էր ավելացնել, որ աշխարհում կան բազմաթիվ մեթոդոլոգիաներ, որոնցով հաշվարկվում է նաև մարդկային կապիտալի կորուստը՝ ֆինանսական արտահայտությամբ, իսկ հայկական կողմը պատերազմի ընթացքում և դրանից հետո ունեցել է 5000-ից ավելի զոհ։ Դրա համար էլ մինչ օրս չեն հրապարակում զոհվածների ցուցակները:
Այս բոլոր կորուստները՝ մարդկային, տարածքային և ֆինանսական, Հայաստանը կրել է առաջին հերթին՝ դիվանագիտության ձախողման հետևանքով, որովհետև դեռևս 2019-ին ՀՀ աննկուն դիվանագիտական կորպուսում չի գտնվել պարկեշտություն ու համարձակություն ունեցող գեթ մեկը, ով թույլ չէր տա Փաշինյանին բանակցությունները «սկսել սեփական կետից և բանակցել՝ ինչ ուզում է»։
Բայց եղածը եղած է, կորցրածը՝ կորսված, ու երբ Փաշինյանն առաջարկում է դիվանագիտության արդյունքային ու թվային գնահատում, այս բոլոր թվերը պետք է հիշեցնել նրան՝ չմոռանալով զգուշացնել, որ այս կորուստների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ինքն է, իսկ դրա իրավական գնահատականը պետք է տա քննությունը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է այցելել/բերման ենթարկվել գլխավոր դատախազություն։ Եթե դա երբևէ տեղի ունենա, և եթե քննությունը կատարվի հենց Փաշինյանի առաջարկած արդյունքային սկզբունքով, ապա նրան առաջադրված մեղադրանքի թղթապանակում կարող են լինել մի քանի տասնյակ միլիարդ դոլարի վնասը փոխհատուցելու պահանջներ։ Հատիկ առ հատիկ։
Նույնիսկ չենք անդրադառնում հարցին, թե որքան են վճարել Ալիևն ու Էրդողանը:
Հարություն Ավետիսյան