
ՀՀ-ն չի վերականգնի մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն հայ-ռուսական հարաբերություններում վերանայումներ կլինեն․ Եվսեև

«Известия»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գործունեությանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը խոսել է նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հեռանկարների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Նա ասել է, որ ՀԱՊԿ-ը աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդակներին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել, մնում է նույնը»,- ասել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները, մտադիր լինելով լքել ՀԱՊԿ-ը, հայտարարում էին, թե «ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից»։ Հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը միայն որոշում կայացրեց դիտորդներ ուղարկել, ՀՀ իշխանությունները սկսեցին ՀՀ ՀԱՊԿ անդամակցության սառեցման գործընթացը։ Սակայն 2024-ի փետրվարին միայն հայտարարեցին, որ սառեցնում են ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, իսկ որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Երևանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր անդամ երկրից պահանջվող ֆինանսավորումից, չի մասնակցում զորավարժություններին, հանդիպումներին։ Թեև ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ը պաշտոնապես չեն լքել։
2024-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ ՀԱՊԿ անդամակցությունը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, որի պատճառով էլ Երևանը սառեցրել է իր անդամակցությունն այդ կառույցում։ Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումների և բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման ուղղությամբ գործընթացների ֆոնին կարծիքներ են շրջանառվում, թե Փաշինյանի իշխանությունն ակտիվացնելու է զրոյացված երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որի մեկնարկը տրվեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի նախաձեռնությամբ Փաշինյանի կողմից, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցով Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ իշխանությունները, որոնք ԵՄ անդամակցության ուղղությամբ անինքնավստահ քայլեր են կատարում, արդյոք կփոխե՞ն վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ:
Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ։ Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն ամենայն հավանականությամբ չեն վերականգնի իրենց նախկին ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Դրա ուղղությամբ, նրա խոսքով, որևէ ազդանշան չկա։
Եվսեևը գտնում է, որ վերջին տարիների ընթացքում փոխվեց ոչ միայն հարավկովկասյան ռեգիոնը, այլև աշխարհն ընդհանուր առմամբ. այժմ այդ փոփոխությունները վերջին, սակայն ամենաթեժ փուլում են։
Նա ընդգծեց, որ նույնիսկ Ռուսաստանում են փոխվել գործընկերների հետ հարաբերությունների ու միություններում անվտանգային երաշխիքների ու պարտավորությունների վերաբերյալ դիրքորոշումները, ուստի այդ մոտեցումներն են պատճառը, որ խոսվում է նոր միությունների ձևավորման մասին, որտեղ ակնկալվում է, որ պետք է գործեն նոր կանոններ, որոնք համապատասխանում են նոր աշխարհաքաղաքական իրողություններին։
«Կարծում եմ՝ հայկական կողմը որոշ փոփոխություններ գուցե մտցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, թերևս, մեղմելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել էին հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ իս, շեշտը կդրվի տնտեսական համագործակցության վրա՝ պահպանելով քաղաքական համագործակցության այնքան մակարդակ, որպեսզի տնտեսական բաղադրիչը հնարավոր լինի պահպանել։ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունն էլ պայմանավորված է լինելու Արևմուտքում տեղի ունեցող խմորումներով և փոփոխություններով։
Տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ներկայիս վարչակազմի հետ փորձում է դուրս գալ այն աշխարհաքաղաքական պայքարից, որը կառուցել էր Բայդենի վարչակազմը Եվրոպայի հետ Ռուսաստանի դեմ բոլոր գոտիներում։ Տեսնում ենք, որ քաղաքական խզումներ են առաջանում Եվրոպայի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի միջև։ Եվրոպան փորձելու է վերանայել իր որոշումները՝ նախկին քաղաքականությունը շարունակելու կարողություններ գտնելու համար, քանի որ ԱՄՆ-ը իր ռեսուրսներով դուրս է գալիս այդ «խաղից»։ Ուստի, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ գոտիներում արևմտյան քաղաքականության եվրոպական հատվածը կպահպանվի կամ գոնե փորձ կարվի պահպանել, իսկ ԱՄՆ-ը դուրս կգա»,- ասաց Եվսեևը։
Ըստ նրա, սա Հարավային Կովկասում Արևմուտքի ջանքերը կթուլացնի, բայց Եվրոպան կփորձի շարունակել իր ներգրավվածությունը։ Սա, նրա խոսով, նշանակում է, որ Եվրոպան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել ռեգիոնում իր շահերն առաջ մղելու և ՌԴ քաղաքական ամրապնդում, մասնակցություն գործընթացներում թույլ չտալու համար, և գուցե Երևանը հիմնվի հենց այս քաղաքականության վրա։
«Տեսնում ենք, որ ակտիվ գործընթացներ են Եվրոպայի ներսում, և չգիտենք՝ այդ գործընթացներն ի՞նչ արդյունք կտան, ի՞նչ որոշումներ կկայացվեն։ Այս պահին նկատելի է, որ Եվրոպան փորձում է մոբիլիզացնել իր ուժերը Ռուսաստանի և Թրամփի վարչակազմի որոշումների դեմ, փորձելու է ճնշում գործադրել։ Այսինքն՝ եթե մենք մի քանի շաբաթ առաջ միայն մտահոգվում էինք այն մասին, թե ինչպես են բանակցելու կողմերն Ուկրաինայի հարցի շուրջ, ապա ներկայումս տեսնում ենք, որ Եվրոպայում են փորձում կայացնել որոշումներ՝ փորձ անելով ազդել նոր ձևավորվող իրավիճակի վրա։
Եթե մեզ թվում էր, թե դիտարժան են լինելու ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները, ապա ներկայումս ավելի հետաքրքիր են զարգացումներն ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև»,- ասաց Եվսեևը։