
«…Սա պիտի հնարավորություն չտա, որ մեզ հետ վարվեն ինչպես աբորիգենների հետ». Ո՞ւմ 21-րդ դարն ենք ընտրում՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի՞, թե՞ Վազգեն Սարգսյանի

1990-ականների սկզբերին մի առիթով Մեղրիի գնդում Վազգեն Սարգսյանը զորքի առաջ կանգնած ասել էր. «Հանրապետության ղեկավարությունն ամեն ինչ կանի, որ քաղաքական միջոցներով խուսափի պատերազմից, որ այլևս պատերազմ չունենանք, գնանք խաղաղության: Բայց շատ լավ իմացեք՝ պատերազմից խուսափելու լավագույն ձևը՝ դա պատերազմին միշտ պատրաստ լինելն է: Ուզո՞ւմ եք խաղաղություն լինի՝ պետք է ունենանք ամուր բանակ, կանոնավոր բանակ, մարտունակ զինվոր: Եթե թշնամին իմացավ, որ մենք ամուր բանակ ունենք, մեզ վրա չի հարձակվի, չի փորձի, չի համարձակվի: Իսկ պատերազմի դեպքում կրկնակի կարևորվում է բանակի մարտունակությունը: Մենք դատապարտված ենք ամուր բանակ ունենալ, դատապարտված ենք հաղթել»:
Այնուհետև Վազգեն Սարգսյանն շարունակել էր, որ անտարբերությունն ավելի մեծ արատ է համարում, քան դավաճանությունը:
«Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր պետք է զգա, որ այս հայրենիքի, այս ժողովրդի բախտը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է: Եթե յուրաքանչյուրն իրեն այդպես զգաց, մենք կունենանք այդ ամուր բանակը, պետությունը և դուրս կգանք այս ծանր իրավիճակներից»,- ընդգծել էր նա:
Այսինքն, «այդ մեկ մարդը դու ես»-ը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նախ հասցեագրել էր բանակին՝ ընդգծելով երկրի անվտանգության ապահովման գործում նրա առաջնային դերը, գործոն լինելը:
Հետո արդեն Վազգեն Սարգսյանին ամբողջ կյանքում ատած լրագրող, ընդդիմադիր գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի՝ «այդ մեկ մարդը դու ես» արտահայտությունը կտրեց հիմնական կոնտեքստից և ամեն պատեհ կամ անպատեհ առիթի սկսեց օգտագործել, և դա արեց և անում է սեփական քաղաքական շահի և նախասիրությունների տրամաբանության մեջ, թե՝««այդ ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես և այդ մեկ մարդը դու ես»:
Թե ինչ ապագա է խոստացել, խոստանում և ի վիճակի ստեղծել Նիկոլ Փաշինյանը, տեսել ու տեսնում ենք, թե որքանով է շարքային քաղաքացին ի սկզբանե եղել որոշող ներքին քաղաքական, արտաքին քաղաքական և անվտանգային հարցերում, դա էլ ենք տեսել: Այլ հարց է՝ ո՞ր դեպքերում և որքանո՞վ պետք է ապահովել ժողովրդի՝ որպես որոշողի մասնակցությունը:
Իսկ օրեր առաջ էլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն է հայտարարել, թե 21-րդ դարը պիտի լուսավորության դարաշրջան լինի, որովհետև «մեր պատմության ընթացքում ունեցել ենք ամեն ինչ՝ գիր, գրականություն, պատմիչներ, թագավորություններ, ապստամբություններ, պատերազմներ, հաղթանակներ, պարտություններ, հանճարներ, տաղանդներ, բայց չենք ունեցել լուսավորության դարաշրջան»: Եվ սա ասում է մեկը, ում ամուսնու իշխանությունը մսխել է եղած հաղթանակները, ով փորձում է ջնջել պատմական հետքերն ու հիմքերը, որն ապացուցում է հայի ով լինելը, հայի թշնամիների ով լինելը: Այսինքն, Աննա Հակոբյանը փորձում է «ստեղծել» իր 21-րդ դարը: Բայց արդյո՞ք այդ դեպքում 21-րդ դարը մերը կլինի, եթե չասենք՝ արդյոք այն մե՞րն է:
Իսկ ո՞ր դեպքում 21-րդ դարը կարող էր կամ կարող է հայինը լինել: Ի՞նչ էր ասում Վազգեն Սարգսյանը:
«Այն տարածաշրջանը, որ մենք ապրում ենք, շրջապատված ենք աշխարհի ամենաանկանխատեսելի պետություններով: Այն անկանխատեսելի ժամանակահատվածը, որ մենք ապրում ենք, մեզ ուղղակի իրավունք չի տալիս չունենալու ուժեղ բանակ: Եվ ուժեղ բանակ ունենալով, մենք ոչ թե ագրեսորային նպատակներ ունենք, այլ ունենք մեր փոքր երկիրը պահելու խնդիրներ, և մեզ բոլորը կհասկանան…,- հարցազրույցներից մեկում ասել էր Վազգեն Սարգսյանը և հավելել,- Անգամ Սփյուռքի գոյությունը՝ որպես ողբերգություն, մենք պիտի կարողանանք ծառայեցնել՝ որպես առավելություն: Ցավոք սրտի, Սփյուռքի հնարավորությունները մինչև այսօր վատ են օգտագործվել՝ և՛ մեր կողմից, և՛ իրենք են վատ օգտագործել: Էս սխալը պիտի ուղղվի մինչև 21-րդ դար:
Սփյուռքի հավաքական գոյությունը, ՀՀ-ի հետ մի կետի, մի ուղու գնալու հնարավորությունը մեզ կարող է շատ ուժեղ դարձնել (խոսքը, իհարկե, փաշինյանական Հայաստանի Հանրապետության մասին չէ.- Մ.Պ.): Եթե ոչ համաշխարհային ազգ, այնուամենայնիվ, համաշխարհային ֆակտոր, փաստարկ կարող ենք դառնալ այս աշխարհի համար:
Մենք բավականին շատ ենք, ամենուր կանք՝ սկսած լոբբինգից, ավարտած մեր ազդեցության ամենատարբեր ոլորտներով՝ ամենատարբեր պետություններում, և սա պիտի հնարավորություն չտա, որ մեզ հետ վարվեն ինչպես աբորիգենների հետ:
Գումարած, որ մենք ռազմի դաշտում իսկապես ունեցել ենք հաղթանակներ, և այդ ռազմական հաղթանակների հետ չի կարող ոչ ոք հաշվի չնստել: Եթե դրան գումարվի մեր քաղաքական կամքն ու համազգային, համաշխարհային դիմադրողականությունը, մեզ չեն կարող հաղթել: Եթե մենք հասնենք այդ դիմադրողականության բարձրացմանը, անկասկած, 21-րդ դարը մերն է լինելու»:
Իսկ ի՞նչ արեց և ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. նա պառակտել և շարունակում է պառակտել Սփյուռքը, որոշներին դարձնելով իր թրքանպաստ գաղափարախոսությանը մասնակից:
Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային գործոն դարձնելու կարևոր գործոնը Փաշինյանը փորձում է վերացնել, մսխեց պատերազմական մեր հաղթանակները, և դեռ ուզում է, որ մեզ հետ չվարվեն ինչպես աբորիգենների հե՞տ, հատկապես այսօր, երբ առավել քան երբևէ ուժն է ծնում իրավունք: Եվ այս ամենի բացառման և բացակայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ կարողանալու է խաղաղության դարաշրջան ստեղծե՞լ, իսկ Աննա Հակոբյանն էլ՝ լուսավորությա՞ն՝ ասելով, որ 21-րդ դարը մերն է լինելո՞ւ: Այն մերը լինելու բոլոր հնարավորությունները կային, այն կար անգամ 44-օրյա պատերազմից հետո, բայց Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը Վազգեն Սարգսյանի 21-րդ դարն ունենալուն չէ, որ ձգտում է: Ու ցավոք, այսօր ուժային կառույցները, բանակը ևս անտեսել են Վազգեն Սարգսյանի խոսքերը, որն առաջին հերթին հենց իրենց էր ուղղված.
«Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր պետք է զգա, որ այս հայրենիքի, այս ժողովրդի կամքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է: Եթե յուրաքանչյուրն իրեն այդպես զգաց, մենք կունենանք այդ ամուր բանակը, պետությունը և դուրս կգանք այս ծանր իրավիճակներից»:
Փոխարենը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սերտում են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ առաջնորդ լինելու կանոնները։
Ինչպես ասում են՝ երանի նրանց, որ չտեսնելով կհավատան…
Բայց պակաս երանելի չեն նրանք, որ կասեն՝ ցույց տվեք ձեռքերիդ և ոտքերիդ վրա գամերի տեղերը: Ո՞վ է այս դեպքում առավելի երանելի և ճիշտ, յուրաքանչյուրն ինքն է որոշում…
…Իսկ մարտի 5-ին կնշենք Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը, որը կնշանավորվի «Վերջին սպարապետը» ֆիլմի պրեմիերայով, 20-րդ դարի վերջին սպարապետի…