
Զելենսկու թիմը լավ չէր պատրաստվել Թրամփի հետ հանդիպմանը, պետք է պատրաստ լինեին սրման․ Արթուր Մարտիրոսյանը՝ Սպիտակ տան սկանդալի ու դրա հետևանքների մասին

Սպիտակ տան Օվալաձև սրահում կայացած Թրամփ-Զելենսկի-Վենս թեժ բանավեճն ուղիղ եթերում վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց միջազգային սկանդալն է։
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ղեկավարի որոշ արտահայտություններ դուր չեկան նախագահ Թրամփին ու փոխնախագահ Վենսին, որից հետո զրույցը դուրս եկավ վերահսկողությունից, ու ամերիկյան կողմը սկսեց բարձր տոնայնությամբ խոսել և պարզապես թույլ չտալ Զելենսկուն այլևս արտահայտվել։
Արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն լուսաբանել, մանրամասներ ներկայացնել հանդիպման կուլիսային զարգացումներից՝ պնդելով, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Զելենսկուն պարզապես «վռնդել են» Սպիտակ տնից։
Սպիտակ տանը ծավալված բանավեճից հետո X հարթակում գրառումներով հանդես եկան թե՛ Թրամփը, թե՛ Զելենսկին։
Թրամփը գրել էր, որ շատ բովանդակալից հանդիպում ունեցան Սպիտակ տանը: Նրա պնդմամբ, Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ներգրավված լինի, քանի որ նա զգում է, որ ԱՄՆ ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում։
«Ես առավելություն չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ նրա նվիրական Օվալաձև գրասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել էր Թրամփը։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Ուկրաինային պետք է արդար և տևական խաղաղություն:
«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- X-ի իր էջում գրել էր Զելենսկին։
168․am-ի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Թրամփ-Զելենսկի հանդիպման լարման պատճառներին և այս հանդիպման հետևանքներին, նշեց, որ իրեն չի թվում, թե Զելենսկին ԱՄՆ էր մեկնել, որպեսզի նման իրավիճակում հայտնվեր և այն արդյունքով լքեր Սպիտակ տունը, որով հանդիպումն ավարտվեց։
«Փաստորեն ուկրաինական կողմը դուրս հրավիրվեց Սպիտակ տնից, նույնիսկ ճաշին, որը պատրաստ էր մատուցման, թույլ չտվեցին մասնակցել։ Սա բավականին կոշտ վերաբերմունք էր։ Ես չեմ կարծում, որ նման նպատակ էին հետապնդում»,- ասաց Մարտիրոսյան։
Նրա խոսքով, սակայն, Թրամփն ու Վենսն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին Զելենսկուն ցույց տալ, որ իրենք եվրոպացիների նման չեն դիրքավորված։ Արթուր Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանդիպումը սկսվեց նրանով, որ Թրամփը դիմավորեց Զելենսկուն, հետո խոսք եղավ Զելենսկու հագուստի մասին, թե ինչո՞ւ է նա այդպես հագնված։
«Դա կատակ էր, բայց մենք գիտենք, որ Թրամփի շրջապատից մարդկանցից պատահել է, որ ասեն, թե նորմալ չի, երբ երկրի առաջին դեմքը նորմալ հագուստ չի կրում, դա անհարգալից է դիտարկվում։ Դու եկել ես Սպիտակ տուն, բարի եղիր, հագնվիր այնպես, ինչպես հարկն է։
Զելենսկին այստեղ, իհարկե, ունի իր բացատրությունը, ասում է, որ մինչև երկիրն այս իրավիճակից դուրս չգա, չի փոխի հագուստը, ստեղծել է պատկեր, որ պատերազմող երկրի առաջնորդ է, որը ժամանակ չունի նման բաների համար։ Սկիզբը դա էր։
Ես կարծում եմ՝ Զելենսկու թիմը լավ չէր պատրաստվել, իրենք պետք է պատրաստ լինեին, որ կարող է սրում լինել, և սրման ժամանակ ինքն իրեն չզսպեց։ Մենք տեսանյութում հստակ տեսնում ենք, թե դա երբ տեղի ունեցավ։ Արդյո՞ք ինքը կարող էր սպասել նման բան, կարծում եմ՝ այո, եթե հակառակ կողմից կա նախատրամադրվածություն, իսկ դու այլ արդյունք ես ակնկալում բանակցությունից, ապա պետք է պատրաստ լինես դրան։ Բանակցողներն այդպես են աշխատում, նախապես դիտարկում են բոլոր հնարավորություններն ու պատրաստվում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նաև նկատեց, որ թեև հանդիպումից հետո Fox news-ին տված հարցազրույցում Զելենսկին փորձեց այլ շեշտադրումներ դնել, շտկել իրավիճակը, բայց արդեն ուշ էր։
Վերադառնալով Զելենսկու հետ բանակցություններում Թրամփի ու Վենսի դիրքավորմանը, Արթուր Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ նրանք որոշել էին՝ եթե ԱՄՆ-ը պետք է որպես միջնորդ հանդես գա ու կարողանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն կնքել, զինադադարի մասին բանակցել, ուրեմն պետք է ավելի թույլ կողմին, այն կողմին, որի նկատմամբ լծակներ ունի, ինչ-որ լուծումներ պարտադրել։
«Թրամփը դրա մասին էր խոսում, որ առանց մեզ՝ դուք ձեզնից ոչինչ չեք ներկայացնում։ Ռուսական կողմի նկատմամբ լծակները սպառել են, կարող են կրկին սանկցիաներ կիրառել, բայց իրենք հասկանում են, որ դա արդյունք չի տալու։ Ուստի նրանք տեսնում են, որ Ուկրաինան երկար դիմակայելու հնարավորություն չունի, պետք է անընդհատ գումար տան, իսկ Թրամփը տրանզակցիոն գործիչ է, ամեն բան դիտարկում է՝ որպես բիզնես, նա չի ցանկանում գումար տալ, նա ասում է, որ՝ ես կարող եմ միայն փրկել այդ երկիրը, փրկելու ձևը հետևյալն է՝ ինձ պետք է լսես, ինչ ասում եմ՝ պետք է անես, իսկ ես կարող եմ ռուսների հետ պայմանավորվել, ոչ մեկը չի կարող՝ ես կարող եմ։
Պարզ դարձավ, որ այս մոտեցումը Զելենսկու համար անընդունելի է, նա երկրի ներսում չի կարողանալու այդ մոտեցումը վաճառել իր բնակչությանը։ Այսքան պատերազմեցին և ի՞նչ, կորուստներ, տարածքային կորուստներ, և հիմա պետք է կանգնեցնեն պատերազմն ի՞նչ արդյունքներով՝ շատ ծանր տնտեսական, ճգնաժամային իրավիճակում։
Ուստի հարց է առաջանում, թե ինչի՞ համար էր այս պատերազմը։ Հասկանալով սա՝ Զելենսկին փորձեց ինչ-որ ձևով «դուռը շրխկացնել», ցույց տալ Թրամփին այդ մոտեցումը։ Տեսնում ենք արձագանքները, կան որոշ մարդիկ, որոնք ասում են, թե Զելենսկին իսկական տղամարդու նման պահեց իրեն, սակայն դիվանագիտության նպատակը դրանում չէ, քանի որ ինքն էր Մակրոնին խնդրել միջնորդել նման հանդիպման համար, ինքը գիտեր՝ ուր է գնում, ինքը գիտեր, թե որ կետերում կարող է սադրանք լինի, և նման լարման համար ինչը կարող է թրիգեր աշխատել, նա պետք է պատրաստ լիներ դրան նաև նախկինում իր անցած ճանապարհով՝ գուցե հումորով դուրս գար այդ ամենից, ինչո՞ւ ոչ։ Եվ ամենակարևորը՝ սկսել նրանից, որ նա պետք է դրական մթնոլորտ ստեղծեր հանդիպման ժամանակ, իսկ նրանք անմիջապես փակուղային հարցից սկսեցին, և իրավիճակը լարվեց»,- նման տեսակետ հայտնեց Արթուր Մարտիրոսյանը։
Նա գտնում է, որ, բնականաբար, Եվրոպան շարունակելու է սատարել խոսքերով, նրանք պաթոսային ճառեր են սիրում, ըստ Մարտիրոսյանի, իրականությունը շատ ծանր է, ոչ մի եվրոպացի չի գալու Ուկրաինա, գուցե գումարներ տան, բայց դա անընդհատ ծախսվելու է, չի բավարարելու, և առանց ԱՄՆ-ի հնարավոր չի լինելու դիմակայել, ուստի կրկին հայտնվելու են բանակցային սեղանին նստելու անհրաժեշտության առջև։
«Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդկային ռեսուրսն է մաշվում։ Եթե նույնիսկ քեզ զենք տան, դու պետք է սովորեցնես դա կիրառել, դրա համար նաև ժամանակ է հարկավոր, իսկ պատերազմի ընթացքում ժամանակն ամենակարևոր ռեսուրսն է։
Վերադառնալով «Fox news»-ին տված հարցազրույցին՝ նշեմ, որ Զելենսկին շատ լավ հասկանում է՝ եթե ԱՄՆ-ը Ուկրաինային չաջակցի այնպես, ինչպես մինչ այժմ, և միայն եվրոպացիները շարունակեն աջակցել, ինքը չի կարող հույս ունենալ, որ իրենք կդիմակայեն»,- ասաց բանակցային գործի մասնագետը։
Իսկ Զելենսկին, նրա խոսքով, մինչև չտեսնի, որ Ուկրաինայի բնակչությունը պատրաստ է խաղաղության, դրան չի համաձայնի։
«Ներկայումս բնակչության 50 տոկոսն է պատրաստ պատերազմի դադարեցմանը, դա նշանակում է, որ սա այն հասունացած պահը չէ, երբ ինքը կարող է հստակ ասել, որ գնում է խաղաղության ՝ասելով, որ դրա դիմաց ինչ-որ բան է ստանում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ այն 50 տոկոսը, որը ցանկանում է, որ պատերազմը շարունակվի, հիմք է ընդունում այն դառը փորձը, որը կապված է Բուդապեշտի հուշագրի հետ, որն ըստ էության ոչինչ չէր նշանակել Ուկրաինայի անվտանգության համար, ուստի իրենք ներկայումս փորձում են ավելի ստույգ երաշխիքներ ստանալ, որը, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունն էր, որը մերժվեց Թրամփի կողմից։
Ուստի փորձում է առանձին երկրների հետ կազմել դաշինքներ, բայց այստեղ էլ գլխավորն այն է, որ Թրամփը չի ցանկանում ստանձնել որևէ պատասխանատվություն, որովհետև, իր պատկերացմամբ, եթե ամերիկյան ընկերություններն աշխատեն Ուկրաինայում մետաղների հանքերում, դա կլինի ամենամեծ երաշխիքը, բայց դա, բնականաբար, բավարար չէ ուկրաինացիների համար»,- ասաց նա։
Արթուր Մարտիրոսյանը նշեց՝ ուշ թե շուտ, կողմերից մեկը պետք է ասի, որ խաղաղություն է ցանկանում, այլևս չի կարող շարունակել, և այդ կողմը, դժբախտաբար, ավելի մեծ կորուստներից հետո, միևնույն է, լինելու է Ուկրաինան։ «Ներկայումս պատերազմը, անշուշտ, կշարունակվի, փաստորեն Զելենսկին ռուսական պայմաններով պատրաստ չէ խաղաղության։ Պետք է ասել, որ ռուսներն ավելի խորամանկ գտնվեցին, նրանք սկսեցին Թրամփի հետ բանակցել, ասացին, թե խաղաղություն են ցանկանում՝ հասկանալով, որ անհրաժեշտության դեպքում կարող են ընթացքը երկարաձգել տարբեր ձևերով, եթե որոշ ռազմական հարցեր լուծելու համար իրենց ժամանակ է հարկավոր։ Երկրորդը՝ հասկացել են՝ ում հետ գործ ունեն, քանի որ Թրամփը հիմնականում տրանզակցիոն է, նրանք Թրամփին ասել են՝ ինչո՞ւ 320 մլրդ դոլար կորցրիք այս 3 տարվա ընթացքում, շարունակելու եք կորցնել, իսկ համագործակցությունը մեզ հետ շահավետ է՝ մետաղները կկիսենք, գազն էլ կպայմանավորվենք, տարբեր հարցերում կարող են համագործակցության լավ տարբերակներ գտնել, ինչը Թրամփի համար գայթակղիչ է և որոշում է շատ հարցեր»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։