
Իրենց թվում՝ իրենք մեսիա են, փրկիչ. ընդդիմադիր դաշտում անձնական հարցեր կան. Վահան Բաբայան
Ընդդիմադիր դաշտում գործող ուժերն իշխանափոխության հարցի շուրջ չեն կարող համախմբվել. չեն կարող, որովհետև կա քաղաքական ուժերի ամբիցիաների հարց։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
«Ընդդիմադիր դաշտում շատ բարդ է, որովհետև պետք է կարողանալ ճիշտ պահի զսպել ամբիցիաները, գնալ զիջումների, կարճ ասած՝ իրական քաղաքականությամբ զբաղվել։ Մինչդեռ մարդկանց թվում է, թե իրենք ընտրյալ են, մեսիա, որ միայն իրենք կարող են փրկել այս երկիրը. դա էլ հենց աննորմալ ամբիցիա է։
Այո՛, բոլոր տեսակի պայքարներում կան անձնական հարցեր, մարդիկ ուզում են իրենք լինեն ասողը, հաճախ կապրիզի մակարդակը շատ բարձր է լինելու, ինչը վանում է քաղաքացիներին»,- ասաց Վահան Բաբայանը՝ ընդգծելով՝ ընդդիմադիր դաշտում հաճախ տեղի է ունենում նաև ագրեսիվ քարոզչություն այն գործիչների հանդեպ, որոնք չեն տեղավորվում իրենց պես մտածող մարդանց շրջանակում։
Բաբայանի հազմոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում գործողները դեռևս չեն կարողանում դառնալ օրակարգ թելադրող, ինչը կարողանում է անել Փաշինյանը։
«Փաշինյանը միշտ իրականացնում է իր նախընտրական քարոզարշավը։ Իր հաջողության գաղտնիք դրանում է. սխալ է անում, խնդիրներ է առաջացնում, բայց ամբողջ երկիրն ապրում է այդ մեկ մարդու օրակարգով, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։
Թող ինձանից չնեղանան, բայց ընդդիմությունը սեփական օրակարգ ձևավորելու փոխարեն ծաղրում է, հայհոյում, բայց միևնույն է՝ օրակարգ չի թելադրում։ Իսկ թե ինչո՞ւ չի կարողանում թելադրել, այդ հարցերն արդեն պետք է տալ հենց ընդդիմությանը»,- ասաց Բաբայանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։