Հայկական քաղաքականության հետաֆիզիկան

Կրկին ակտիվացել է «ընտրություններո՞վ, թե՞ մինչև ընտրությունները» դիլեմայի քննարկումը։

Ընդդիմության մի հատվածը համարում է, որ 2026թ․ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մյուս հատվածը պնդում է, որ դա իրատեսական չէ։ Հանրային դիսկուրսը գոնե մինչ այժմ ավելի շատ կենտրոնացած է այն հարցի վրա, թե ընդդիմության ո՞ր հատվածն ի՞նչ մոտիվացիայով է առաջ մղում այդ թեզերը, ո՞վ կարող է գործարքի մեջ լինել իշխանության հետ, ո՞վ՝ ոչ։

Այս աղմուկի մեջ խեղաթյուրվում է քաղաքական գործընթացում հիմնարար՝ պատճառահետևանքային կապի տրամաբանությունը։ Ինչպես ընտրություններին ապավինողները, այնպես էլ դրանք անկարելի համարողները համակարծիք են՝ Նիկոլ Փաշինյանը կառուցել է ավտորիտար իշխանություն, զրոյացրել է իշխանության թևերի տարանջատումը, իրեն է ենթարկեցրել բոլոր ուժային կառույցները, ՏԻՄ-երը, պետական կառավարման համակարգում ներդրել է ռեպրեսիվ մեխանիզմներ։

Փաշինյանը դա չի արել, որովհետև մանկուց ավտորիտար հակումներ ունի և հրճվում է դրանից։ Դա արվել է բազմաթիվ նպատակներով, որոնցից գլխավորն ընտրություններում պետական մեքենայի օգտագործումն է՝ իշխանությունը վերարտադրելու, իշխանության մնալու համար։ Պատճառահետևանքային կապի օրենքով՝ գործ ունենք ավտորիտար պատճառի և դրա դեմոկրատական հետևանքի հետ՝ ի դեմս ընտրությունների։

Կարդացեք նաև

Բոլոր նրանք, ովքեր միամտաբար կամ որևէ շահով համարում են, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանության, ուզում են հավատացնել, որ հետևանքն օգտագործելով՝ կարելի է վերացնել պատճառը, բայց դա անհնար է՝ ըստ սահմանման։ Ավտորիտար իշխանությունը հնարավոր է փոխել միայն դրա հիմնական բնութագրիչը՝ ավտորիտարիզմը վերացնելու դեպքում, այլապես, ընտրության ժամանակ այն ծառայելու է իր ստեղծման հիմնական նպատակին։ Այս պայմաններում ընտրություններին ցանկացած մասնակցություն ուղղակի դառնալու է ավտորիտար իշխանության դեմքը դեմոկրատական մեռոնով օծելու արարողություն։

Պատճառահետևանքային կապի օրենքը, ի դեպ, լավագույնս կիրառում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ամենահակապետական նպատակներն իրագործելու համար։ Փաշինյանը մի կողմից՝ առավելագույնս թուլացնում է Հայաստանի պետականությունը, որն Արցախի կորստով արդեն իսկ զրկվել է իր հիմնասյուներից մեկից, զուգահեռաբար զբաղված է նաև Հայաստանի Հանրապետության կազմավորման պատճառը վերացնելով՝ Սահմանադրությունից ցանկանում է հեռացնել նորանկախ Հայաստանի սկզբնավորման գլխավոր աղբյուրը՝ Անկախության հռչակագիրը։

Նույնը, այլ դրսևորմամբ, բայց կրկին նաև նույն ճանապարհով  նա անում է Սփյուռքի հետ։ Անցած տարիներին արդեն իսկ թուլացնելով Սփյուռքի հետ կապերը, նա պայքարում է Սփյուռքի սկզբնավորման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության մասին հիշողության, դրանով պայմանավորված՝ հայկական ինքնության դեմ, ինչին ծառայելու է նաև նույն՝ Անկախության հռչակագրի բացառումը նոր Սահմանադրությունից։

Պատճառահետևանքային կապի անտեսումը գրեթե միշտ եղել է հայկական քաղաքական իրականության գլխավոր արատը։ Բայց նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դա է հանգեցրել այսօրվա ողբերգությանը, երբ որպես հետևանք հանդես եկող ամենամեծ քաղաքական արատը դեռևս հաջողությամբ պայքարում է Հայաստանի, հայկականության սկզբնապատճառների, ակունքների դեմ՝ վստահ լինելով, որ առանց պատճառի նոր իրականությունում ինքը մնալու է միակ հետևանքը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս