Ինչ չէր կարելի դատավոր Արման Հովհաննիսյանին, կարելի է Գարիկ Աբելյանին. դատախազ Հայկ Ավետյանի երկու տարբեր «ճիշտ»-երը

Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ Ավան նստավայր Սյունիքից նոր տեղափոխված դատավոր Գարիկ Աբելյանի, հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն սահմանեց և սահմանափակեց նրա խոսքի ազատությունը:

Ի՞նչ չպիտի անի Էդգար Ղազարյանը

Դատական նիստից հետո նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը ասաց, որ Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև այս վարույթի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։

Մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է, օրինակ, այն արտահայտությունը, թե Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր: Ըստ նախաքննական մարմնի՝ կան նաև այլ դրվագներ, թեպետ մինչ օրս էլ պարզ չէ՝ ի վերջո, ինչի՞ց են հուզվել դատավորները, մասնավորապես՝ ՍԴ դատավորները, և այդ ի՞նչն է նրանց ավելի վիրավորական թվացել, քան, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը:

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով:

«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ` արհեստական քրեական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը: Հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքն ունի լայն սահմաններ, այն կարող է լինել ցնցող ու դուր չգալ իշխանությանը: Քաղաքական գործիչներն առավել ազատություն ունեն այս հարցում, ու պետությունը դա ոչ թե պետք է լռեցնի, այլ երաշխավորի: Սա հենց Էդգար Ղազարյանի խոսքն է»,- գրել էր նա՝ հավելելով, որ «սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն քննչական մարմինը պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար»,- գրել է նա:

Նախկին ՄԻՊ-ը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էդգար Ղազարյանի վերաբերյալ քրեական հետապնդումը տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) «պասով»՝ նախօրեին այդ կառույցի արած հայտարարության  այն նույն շեշտադրումներով, ինչ քրեական հետապնդում հարուցել է քննչական մարմինը:

Ի դեպ, գործող ՄԻՊ Անահիտ Մանասյանին այս իրողությունը չհետաքրքրեց. նա խնդիր չտեսավ ո՛չ Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման, ո՛չ դրա ու ԲԴԽ-ի հայտարարության կապի, ո՛չ էլ այն բոլոր համակարգային խնդիրների մեջ, որոնք բացահայտվեցին այս վարույթով: Սա՝ որպես արձանագրում:

Դատախազ Հայկ Ավետյանի երկու տարբեր «ճիշտ»-երը

Ամիսներ առաջ, երբ «Իմնեմնիմիի» գործով նույն նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը վերացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար որպես խափանման միջոց ընտրված կալանքը և կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ ժամանակավորապես փակելով հաղորդումն ու չեզոքացնելով հանրային մեղադրողների կողմից խուլիգանություն որակված հայհոյանքը՝ հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, դատախազներ Հայկ Ավետյանն ու Հայկ Հարությունյանը, ով արդեն դատախազ չէ, այլ Երևանի քրեական ոստիկանության պետը, խիստ վրդովված փորձում էին 2 նիստ դատավորին ու մյուսներին ապացուցել, որ վարչական հսկողության ժամանակ չես կարող գործողություն սահմանափակել, ապշահար էին եղել, թե Պրոբացիայի ծառայությունը ո՞նց պիտի վերահսկի, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը եթերում չհայհոյեն:

Բա հիմա նույն Պրոբացիայի ծառայությունը ո՞նց պիտի վերահսկի, որ Էդգար Ղազարյանը լայն սպեկտորի տարբեր սուբյեկտների հանդեպ քննադատական խոսք չհնչեցնի, ընդ որում՝ ոչ թե մի հաղորդման, այլ տարբեր հաղորդումների, ակցիաների, ցույցերի, հարցազրույցների ժամանակ:

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, ով Էդգար Ղազարյանի գործով նույնպես հսկող դատախազ  է, կարո՞ղ է բացատրել իր դիրքորոշման փոփոխությունը կարճ ժամանակահատվածի համար, երբ հիմա Պրոբացիան քննիչի պահանջով ու դատախազի համաձայնությամբ ավելի շատ գործողություններ պիտի վերահսկի:

Վարչական հսկողությունը Էդգար Ղազարյանի դեպքում Հայկ Ավետյանի ու իր վերադասի համար դարձել է գործիք՝ թույլ չտալով կատարել որևէ քննադատություն, այդ թվում՝ առողջ:

Իսկ Հայկ Ավետյանը հիշո՞ւմ է՝ ինչպես էր իր գործընկեր Հայկ Հարությունյանի հետ միասին փորձում ապացուցել, որ դատավորը սխալ է ու մտքում և թերևս ոչ միայն մտքում արդեն վայելում էր դատավոր Հովհաննիսյանի վերաբերյալ նախաձեռնված կարգապահական վարույթի պտուղները:

Այսինքն՝ մինչև Վճռաբեկ դատարան բողոք տանեն, որ դատավոր Արման Հովհաննիսյանը չէր կարող վարչական հսկողություն կիրառել, հիմա՝ հենց արդեն իրենց էր պետք, հնարավո՞ր է:

Շեշտենք՝ այն, ինչ արել էր դատավոր Արման Հովհաննիսյանը, ունի մեկ անուն՝ ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակում, ինչը՝ որպես պրակտիկայում կիրառված նախադեպ, ողջունվեց պաշտպանների ու մի շարք իրավաբանների կողմից, մինչդեռ Գարիկ Աբելյանը՝ քննիչի միջնորդությամբ ու Հայկ Ավետյանի «դաբրոյով», վարչական հսկողությունը դարձրել է գործիքակազմ՝ ազատ խոսքի դեմ:

Արման Հովհաննիսյանին Հայկ Ավետյանն ու Հայկ Հարությունյանն ասում էին՝ վարչական հսկողության ժամանակ գործողության սահմանափակում օրենքով նախատեսված չէ՝ գերադասելով, որ մարդիկ մնան անազատության մեջ, իսկ Էդգար Ղազարյանի պարագայում մարդուն արգելում են խոսել, ավելի են մանրացրել դետալները, բայց Պրոբացիան ինչ-որ հրաշքով հիմա վերահսկելու խնդիր չունի. կանի:

Տեղին է Հայկ Ավետյանին հիշեցնել հայկական ասացվածքը՝ գեղից մարդ կա, ամեն ինչ հիշում ենք:

Տեսանյութեր

Լրահոս