
«Սա սովորական իրավիճակ չէ. փորձ է արվում Էդգարի քաղաքական գործունեությունը սահմանափակել». Տիգրան Աբրահամյան
Լեհաստանում ՀՀ դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին երեկ կանչել էին Քննչական կոմիտե, որտեղ էլ հայտնել էին նրան առաջադրված մեղադրանքի մասին, այն է՝ դատավորներին վիրավորելն իր արտահայտած հանրային խոսքում: Այս պահին դատարանում ընթանում է նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործընթացների շղթան կփակվի այն ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինի պետության ղեկին։
«Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ վերաբերմունք ունի կամ ընտրական պրոցեսներին ում է քվե տվել, բոլորին ակնհայտ է, որ մեր երկրում ոչ միայն ժողովրդավարության փխրուն համակարգն է փլուզվել, այլև գործող իշխանությունն ակնհայտորեն բռնապետական համակարգ է ստեղծել։
Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որպեսզի իշխանական տեսակետից տարբերվող բոլոր անձանց նկատմամբ, պատժամիջոցներ սահմանվեն։ Այս պահին դատարանի բակում կան մարդիկ, որոնք թեև այս պահին կալանավորված չեն, բայց նրանց նկատմամբ կիրառված է տարբեր պատժամիջոցներ։ Սա, բնականաբար, ուղղված է առաջին հերթին ազատ խոսքը սահմանափակելուն։ Սա սովորական իրավիճակ չէ, ակնհայտորեն Էդգար Ղազարյանի դեմ երկար ժամանակ աշխատում էին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ պնդումները, որոնք փորձում են ներկայացնել դատարանում, որևէ կապ չունեն իրականության ու իրավական ձևակերպումների հետ։
«Ակնհայտ է դառնում, որ պետք է եղել Էդգարին որևէ ձևով չեզոքացնել, թե ինչ ճանապարհ է ընտրվել՝ կիմանանք դատարանի վճռից հետո, բայց ակնհայտորեն փորձ է արվում սահմանափակել նրա գործունեությունը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում