1921 թվականի արխիվային բացառիկ փաստաթղթեր՝ թուրքական ջարդերից մազապուրծ եղած ԵՊՀ ուսանողներից

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո երկրում սկսվեցին բուռն կերպով զարգանալ գրեթե բոլոր ոլորտները:

Կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն դարձրեց կրթության ոլորտին:

Արդեն իսկ 1919 թվականին Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում ընդունեց հիմնել պետական համալսարան: Մեկ տարի անց՝ 1920 թվականի հունվարին, Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացումը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո համալսարանի շուրջ գործունեությունը չդադարեց: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանը հրաման ընդունեց Հայաստանի համալսարանը վերանվանել Երևանի ժողովրդական համալսարան:

Կարդացեք նաև

Երևանի ժողովրդական համալսարանը գործել է Աբովյան փողոցում գտնվող շենքում, որն այն ժամանակ ուսուցչական սեմինարիայի շենքն էր: Արդեն իսկ 1921 թվականից բուռն կերպով սկսեց զարգանալ Երևանի համալսարանը: Այդ թվականին համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ: Ընդունվում են մեծ թվով ուսանողներ, ընդլայնվում է դասախոսական կազմը, հայազգի դասախոսներ և գիտնականներ են հրավիրվում արտերկրից՝ համալսարանում դասավանդելու համար: Այդ շրջանում Խորհրդային Հայաստանում շատ էին Արևմտյան Հայաստանից և տարբեր տեղերում թուրքական կոտորածներից փրկված հայերը: Նրանք հատկապես Երևանում և հարակից շրջաններում մեծ թիվ էին կազմում: Երևանի համալսարան սկսում են ընդունվել մեծ թվով ուսանողներ: Ընդունվել ցանկացող ուսանողների մի շարք դիմումներն ընթերցելիս պարզ է դառնում, որ նրանցից շատերը գտնվում են չքավոր վիճակում, հազիվ են մազապուրծ եղել թուրքական վայրագություններից և ցանկանում են ստանալ կրթություն:

Այդ ամենը փաստում են Հայաստանի ազգային արխիվում գտնվող մի շարք դիմումները, որոնք թվագրված են 1921 թվականով.

«Հայաստանի Խորհրդային Հանրապետության ժողովրդական համալսարանի վարչությանը:

Կարսի օր. գիմնազիայի 7-րդ դաս. Աշ.

Շամունե Փորսուղյանից

Խնդիր. 

Խնդրում եմ ինձ ընդունել վարչությանդ խնամքին հանձնված համալսարանի մանկա-վարժական բաժինը: Ավարտել եմ Կարսի օր. գիմնազիայի 7-րդ դասարանը, բայց տաճիկների ներս խուժելիս բոլոր վկայականներս տան իրեղենների հետ կորցրել եմ:

Շ. Փորսուղ

28.X.1921

Երևան»: 

«Երևանի համալսարանի վարիչին

Սուրեն Աբգարի Տեր-Աբրահամյանից

Խնդիր.

Խնդրում եմ ձեր կարգադրությունը ինձ համալսարանի Տեխնոլոգիական ճյուղի ուսանող ընդունելու մասին: Ունիմ միջնակարգ տեխնիկական պատրաստություն Տիֆլիսի դպրոցի:

Վկայականս N 39 կորիլ է Ալեքպոլում թյուրքերի ժամանակ:

Ս. Տ. Աբրահամյան

18.II.21 թ.»:

Ընդունվել ցանկացողների դիմումներում տեսնում ենք նաև այնպիսի մարդկանց դիմումներ, ովքեր աշխատում են Խորհրդային Հայաստանի պետական համակարգի տարբեր բաժիններում, սակայն նրանք ևս գտնվում են սոցիալական վատ վիճակում.

«Համալսարանի խորհրդի ընկ. նախագահին

Ես ցանկանում եմ մտնել համալսարան և ուսանել հասարակագիտական բաժնում: Սովորել եմ զանազան դպրոցներում: Ունեմ թեմականի ութերորդ դասարանի կրթություն: Ծառայում եմ Հեղկոմի Բռնագրման բաժնում ագենտի գործով: Ընչազուրկ եմ բառիս բուն իմաստով: Դպրոցական հանգամանքների շնորհիվ եղել եմ որբանոցում:

1921 թ. հուն. 20/I: Ուսանող՝ Գեւորգ Սաթոնիկյան

Երևան»:

Այս դիմումները, արխիվային բացառիկ փաստաթղթերը փաստում են, որ Երևանում համալսարանի հիմնադրումը կարևոր իրադարձություն էր այդ ժամանակաշրջանում, քանի որ համալսարանը կարողացավ իր հարկի տակ պահել ցեղասպանությունից, ջարդերից մազապուրծ եղած երիտասարդներին, որոնց համար այդ իրավիճակում առաջնային ցանկություններից էր կրթվելը և զարգանալը: Այս փաստաթղթերը հերթական անգամ փաստում են նաև թուրքական վայրագությունները:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս