![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվան կրկին միջնորդության առաջարկ է անում․ ո՞րն է Ռուսաստանի հաշվարկը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Galuzin-Luk.jpg)
Մինչ Փաշինյանը փորձում է արևմտյան այցերով ամրապնդել իր արևմտյան արտաքին քաղաքականության հեռանկարները, որոնք կասկածի տակ են հայտնվել Սպիտակ տանը Թրամփի վարչակազմի հայտնվելու հետևանքով, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ դեմ է Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն արևմտյան սցենարով։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինն օրերս տված հարցազրույցում հայտարարեց՝ Ռուսաստանը կողմ է, որպեսզի հայկական և ադրբեջանական կողմերը մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով, ՌԴ-ն միշտ պատրաստ է նպաստել առաջընթացին։
«Սակայն դեմ ենք ցանկացած արագացված փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագրի կնքման արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ, կայուն խաղաղության, այլ ընդհակառակը՝ կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր դնել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում Հայաստանի ու Ադրբեջանի, Հարավային Կովկասի ու Ռուսաստանի համար»,- ասել է փոխնախարարը։
Այսօր ԱԺ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:
«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, վերջիվերջո, մենք չունենք շատ հարցերի պատասխաններ»,- ասել է նա՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի առաջարկներին, թե կարող են միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում:
Սիմոնյանի հայտարարություններն անմիջապես մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։
«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակում ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես ՀՀ իշխանական շրջանակներում, այնպես էլ ադրբեջանական մամուլում Մոսկվայի հերթական առաջարկը դրական չի ընդունվել, հատկապես ռուս-ադրբեջանական լարման այս աննախադեպ փուլում՝ պայմանավորված անցյալ տարեվերջին ղազախական Ակտաու քաղաքում ադրբեջանական Azal ինքնաթիռի կործանման փաստով։ Սակայն ի՞նչն է պատճառը, որ ռուսական կողմն այնուամենայնիվ հերթական անգամ նման առաջարկով է հանդես գալիս։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե չի գտնում, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ կան կուլիսային բանակցություններ Արևմուտքում։
Ընդհակառակը, վերլուծաբանը գտնում է, որ սա այն փուլն է, երբ Արևմուտքը հնարավորինս հեռացած է բանակցություններից, ինչը պայմանավորված է թե՛ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությամբ, թե՛ ներեվրոպական զարգացումներով ու Ուկրաինայի շուրջ գլոբալ բանակցությունների սպասումով։
«Պարզապես Ռուսաստանում ամենայն հավանականությամբ համարում են, որ եթե չկան բանակցություններ, եթե չկա նաև արևմտյան միջնորդ, ինչպես նաև արևմտյան միջնորդության հեռանկար, իսկ ամերիկյան կողմը, կարծում եմ, դա չի անելու, ապա ՌԴ-ն կարող է ևս մեկ անգամ իր բարի կամքը դրսևորել և առաջարկել նպաստել բանակցային գործընթացին։ Կարծում եմ՝ սրան զուգահեռ՝ կա ընկալում, որ սա ներկայումս միանշանակ չի ընդունվի ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում, սակայն դա կարող է որոշակի զարգացումներից հետո փոխվել։ Ուստի ՌԴ-ի ուղերձն է, որ որոշակի իրավիճակում ՌԴ-ն պատրաստ է լինելու աջակցել կարգավորմանը»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։
Նրա խոսքով, աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների փուլ է ոչ միայն աշխարհի համար, այլև բոլոր ռեգիոնների և ուժային կենտրոնների։
«Նոր բազմաբևեռ աշխարհակարգում հատկապես դրա հաստատումից հետո ՌԴ դերը և ներկայիս իրավիճակը փոխվելու է։ Գուցե այն չլինի նախկինը՝ հետսովետականը, սակայն ներկայիս մակարդակն էլ չի լինի, քանի որ Թրամփի վարչակազմը հակված է որոշակիորեն հարգել ազդեցության գոտիները՝ դրանով ամրապնդելով ռեգիոնալ տերություններին։ Իսկ Երևանն ու Բաքուն չեն կարողանում բարդ հարցերի շուրջ ուղիղ զրուցել, եթե դա հաջողվեր, միջնորդությունների կարիք ևս չէր լինի։ Սակայն, ինչպես զարգացումներն են ցույց տալիս, դա չի հաջողվում, և ներկայումս փաստաթղթի ստորագրման հեռանկար չկա, տարաձայնությունները խորացել են, Արևմուտքում էլ միջնորդներ չկան»,- ասաց Լուկիանովը։
Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայ-ռուսական հարաբերություններում տևական հրապարակային խնդիրներից ու տարաձայնություններից հետո ՀՀ իշխանությունները ջանացին փոքր-ինչ մեղմել դիմակայությունը։
«Սա ցուցիչ է, որ զարգացումները միանշանակ չեն կարող մեկնաբանվել, ու դրանք փոփոխական են՝ կախված այս կամ այն գլոբալ զարգացումից։ Ուստի ՌԴ միջնորդության հարցում էլ կարող է նույնը տեղի ունենալ»,- ասաց Լուկիանովը։