Բանկային համակարգը հերթական ռեկորդային շահույթներն է ստացել. Բանկերը շարունակում են հարստանալ, ժողովուրդը՝ աղքատանալ
Մինչ համատարած թանկացումների, իշխանությունների նախաձեռնած հարկերի ու տուրքերի, վճարների ավելացումների, ցածր եկամուտների պատճառով ժողովուրդը գնալով աղքատանում է, տնտեսական ակտիվությունը թուլանում է, բանկերն արագորեն հարստանում են։ Հարստանում են՝ բարձր պահելով վարկային տոկոսադրույքները։
Նախորդ տարվա անկումից հետո, 2024թ. բանկային համակարգը հերթական ռեկորդային շահույթներն է ստացել։ Բանկերի զուտ շահույթները գերազանցել են 900 մլն դոլարը։
Անցած տարվա առաջին եռամսյակում բանկերը ստացել են՝ 83 միլիարդի, երկրորդում՝ 89 միլիարդի, երրորդում՝ շուրջ 96 միլիարդի, իսկ չորրորդում՝ 95 մլրդ դրամի զուտ շահույթ։
Երրորդի համեմատ՝ բանկերի շահույթները չորրորդ եռամսյակում մի փոքր նվազել են, բայց շարունակել են մնալ չափազանց բարձր մակարդակում։
Ընդհանուր առմամբ՝ անցած տարի բանկերը ստացել են 363 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 133 մլրդ դրամով կամ 49 տոկոսով ավել է նախորդ տարվանից։
Մեկ տարվա ընթացքում բանկերը շուրջ 330 մլն դոլարով ավելացրել են շահույթները։
Նախորդ տարի բանկերի շահույթները կազմել էին 230 մլրդ դրամ, ինչը 33 մլրդ դրամով պակաս էր 2022թ. համեմատ։ Բայց 2023թ. բանկերի շահույթների նվազումը կապված էր գերազանցապես արցախյան իրավիճակով պայմանավորված՝ որոշ բանկերում առաջացած վնասների հետ։ Անցած տարի բանկերի շահութաբերության աճի տեմպը ոչ միայն ամբողջությամբ վերականգնվեց, այլև ֆինանսական համակարգը ռեկորդային եկամուտներ ապահովեց։ Երբևէ բանկերը Հայաստանում այսպիսի շահույթներ չեն ստացել։ Վերջին 3 տարիներին դրանք գերազանցեցին բոլոր սպասելիքները։
Երեք տարվա ընթացքում բանկային համակարգում ընդհանուր առմամբ 856 մլրդ դրամի շահույթներ են ձևավորվել, ինչը համարժեք է շուրջ 2,2 մլրդ դոլարի։
Բանկային համակարգում այսպիսի բարձր շահույթների ձևավորումը սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որը ռուսական կապիտալի մեծ հոսքեր ապահովեց հայաստանյան բանկերի համար՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ արտաքին առևտրի սպասարկման շրջանակներում։ Բանկային ծառայությունների գների բարձրացումը դարձավ բանկային համակարգի շահութաբերության առաջին գործոնը։
Բայց միայն դրանով չի պայմանավորվել անցած տարի բանկային համակարգում ռեկորդային շահույթների ստացումը։ Պայմանավորվել է նաև վարկային միջոցների ակտիվ տեղաբաշխմամբ ու դրանց բարձր տոկոսադրույքներով։
Զարմանալի չէ, որ չնայած անցած տարի արձանագրված արտաքին ֆինանսական փոխանցումների որոշակի նվազմանը, բանկերը ռեկորդային բարձր շահույթներ ստացան։ Այդ շահույթները ձևավորվել են նրա հաշվին, որ բանկերը շարունակում են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները։ Ու դա անում են Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու կամ փողն էժանացնելու պայմաններում։
Վերջին մեկ ու կես տարում փողի գինը ԿԲ-ն իջեցրել է 3,5 տոկոսային կետով։
Թվում էր, թե դա պիտի հանգեցներ նաև բանկային վարկերի էժանացման, սակայն վարկերը չեն էժանանում։ Օգտվելով վարկային միջոցների ակտիվ պահանջարկից՝ բանկերը շարունակում են բարձր պահել վարկերի տոկոսադրույքներն ու վարկառուների հաշվին մեծ շահույթներ ստանալ։
Վարկերը, որոնք պիտի էժանանային, չեն էժանանում, ինչից տուժում են առաջին հերթին քաղաքացիները, որոնք հանդիսանում են այդ վարկերի հիմնական շահառուները։ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե գալիս է ժողովրդին վարկային գերությունից ազատելու համար, կեղծ սպասումներ ձևավորելով՝ համատարած ժողովրդին դրել է ոչ միայն վարկերի, այլև ծանր վարկերի բեռի տակ։ Ու հիմա մի կողմ քաշված հետևում է, թե ինչպես են բանկերը թալանում ժողովրդին։
Այն հսկայական շահույթները, որոնք ձևավորել են բանկերում, գոյացել են ոչ միայն արտաքին ֆինանսական շարժերը սպասարկելու, այլև քաղաքացիներին տրամադրված մեծաքանակ վարկերի բարձր տոկոսներից։
Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ անցած տարի բանկային վարկերի տեղաբաշխման հիմնական ոլորտները երկուսն են եղել են՝ հիփոթեքի և սպառողական վարկերի շուկաները։ Այս վարկերի շահառուները բացառապես քաղաքացիներն են։ Անցած տարի բանկերի հիփոթեքային վարկերն ավելացել են՝ 352 միլիարդ, իսկ սպառողական վարկերը՝ գրեթե 359 մլրդ դրամով։ Դրանք կազմել են բանկային վարկերի շուրջ 57 տոկոսը։ Այս վարկերի միջոցով էլ բանկերը քերում են ժողովրդին ու բարձր շահույթներ ստանում՝ չնվազեցնելով վարկերի տոկոսները։
Փոխարենը՝ բարձր տոկոսների պատճառով բանկային կապիտալը դուրս է մնում տնտեությունից։ Առավել ևս՝ տնտեսության իրական հատվածը գրեթե ոչինչ չի ստացել վարկային այս հսկայական ակտիվությունից։
Վերջին 3 տարում 2,3 տրիլիոն դրամով ավելանալու պարագայում, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելն աճել է ընդամենը 73 մլրդ դրամ։ Սա նույնիսկ աճ դժվար է համարել։ Այնինչ՝ քաղաքացիներին տրամադրված հիփոթեքային ու սպառողական վարկերն անգամներով են ավելացել ու ծանրացրել նրանց վարկային բեռը։
Բոլոր բանկերն էլ անցած տարի աշխատել են շահույթով, բայց նրանց մեջ շահութաբերության բարձր մակարդակով շարունակում է մյուսներից առանձնանալ «Արդշինբանկը», որին բաժին է ընկել բանկային շահույթների ավելի քան 36 տոկոսը։
Այս բանկի շահույթներն անցած տարի ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 132,7 մլրդ դրամի։ Նախորդ տարի ընդամենը 61 միլիարդ էին։
«Արդշինբանկը» շահույթներով ավելի քանի կրկնակի գերազանցել է շահութաբերությամբ բանկային համակարգում երկրորդը հանդիսացող «Ամերիաբանկին»։
Ու դա նշանակում է, որ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների արդյունքում, ի հաշիվ այդ բանկի, բանկային համակարգում կենտրոնացումը խորանում է։ Անցած տարի ամբողջ բանկային համակարգում շահույթներն ավելացել են 133 մլրդ դրամով, որի կեսից ավելին բաժին է ընկել հենց «Արդշինբանկին»։ Միայն այս բանկն ավելի շատ հավելյալ շահույթներ է ստացել, քան մյուս բոլոր բանկերը միասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ