ՀՀ իշխանությունները կասկածում են Եվրաինտեգրացիայի հարցում, քանի որ ԵՄ-ն ոգևորված չէ ՀՀ-ին ինտեգրելու մտքից․ Տարասով

Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման ներկայիս փուլի վերաբերյալ ռուս պաշտոնյաների զգուշացումներն ակնհայտորեն մտահոգել են հայկական կողմին։ Նախօրեի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի՝ կապված ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի և դրա շուրջ պրոցեսի հետ։

«Մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է: Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ: Այն, որ մենք շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ: Այն, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, պետք է ուշադիր լինել ԵԱՏՄ շրջանակներում չանել քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ բովանդակությունը: Արդեն, ցավոք սրտի, եղել են քայլեր, որ մեր գնահատմամբ՝ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործընկերային հարաբերություններ լինեն»,- նախօրեին ասաց Փաշինյանը՝ կոնկրետ մտավախություն հայտնելով, որ ԵԱՏՄ-ում որոշ սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի դեմ։

Սակայն նա նշեց, որ քաղաքացիները հարցեր տալու իրավունք ունեն, որոնցից մեկը ՀՀ անդամակցությունն է ԵՄ-ին.

«Մենք հարցերին դեռ պատասխաններ չենք տալիս, ասում ենք՝ այդ թվում՝ քաղաքացիներն ունեն հարցեր տալու իրավունք, այդ հարցերից մեկը կարո՞ղ է ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ գնալն է: Ունի՞ իրավունք քաղաքացին այդ հարցը տալ, այո, ունի իրավունք: Ընդգծեմ, որ օրենքի ընդունումը չի նշանակում ՀՀ-ի անդամակցություն ԵՄ-ին, այդ օրենքի ընդունումը նշանակում է, որ ՀՀ-ում կան շատ քաղաքացիներ, ովքեր մտածում են, որ ԵՄ-ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ-ն: Այդ թվում՝ ԵԱՏՄ-ի համար է ընտրանք՝ որ ճանապարհով գնալ, ապացուցել, որ ԵԱՏՄ-ն ավելի լա՞վ տարբերակ է, քան ԵՄ-ն, թե՞ հակառակը»,- նման կերպ արտահայտվեց Փաշինյանը՝ անորոշության շղարշով պատելով ՀՀ ԵՄ անդամակցության ճանապարհը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա նրանք չեն դադարում անընդհատ խոսել հետևանքների մասին։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձավ այս թեմային՝ ներկայացնելով հստակ թվեր, թե ինչ կկորցնի Հայաստանը ԵԱՏՄ-ն լքելու դեպքում և ինչ չի ստանա ԵՄ-ից դրանից հետո։

Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՀ-ն կկորցնի ԵԱՏՄ հսկայական շուկան, Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։

«Հայկական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումն աճել է 10 անգամ, ընդ որում՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ 2023 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե լավություններ են, ոչ թե մարդասիրական օգնություն տիրոջից, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նշել է Զախարովան՝ ասելով, որ սրանք կոնկրետ թվեր են, արդյունքներ՝ շոշափելի։ Արձագանքելով ըստ էության այս սպառնալիքին, Փաշինյանը նախօրեին ասաց, որ եթե ինչ որ բան 80 տոկոսով կորցնեն, ապա ինչ որ տեղ կգտնեն 50 տոկոսով։

168am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիսկուրսին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում Հայաստանը եվրոատլանտյան կառույցներին ինտեգրելու իր մտադրությունը, որն ընթանում է Ռուսաստանի հետ խնդիրների և Ռուսաստանից հեռադիր քաղաքականության, ՀԱՊԿ անդամակցության սառեցման ֆոնին։

Սակայն, նրա խոսքով, նմանատիպ արձագանքները, ինչպես նաև Փաշինյանի զանգը Պուտինին, Արարատ Միրզոյանի այցը ՌԴ, ցույց տվեց այն իրական անհանգստությունը, որն առկա է Երևանում օրինագծի հավանությունից ու ՀՀ-ԱՄՆ նոր փաստաթղթի ստորագրումից հետո։

«Եվ այս ընթացքում արվող հայտարարություններից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենք էլ չգիտեն, հստակ չեն պատկերացնում, թե այս ուղին երբ ու ինչով կավարտվի, քանի որ դեռևս խոսում են այն մասին, որ օրինագիծը ոչինչ չի ենթադրում, այն պարզապես հանրային տրամադրություններն արտահայտող նախագիծ է։ Սակայն գործընթացը դիտարկելիս պետք է ասել, որ այն որոշակի դիվանագիտական խաղ է՝ ուղղված այս կամ այն կողմից ինչ-որ բան ստանալուն։ Թե որքանով կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը, սակայն ընթացքում նաև որոշակի բացահայտումներ են տեղի ունենում այն մասին, թե որքանով է սա հաշվարկված ու հիմնավոր քաղաքականություն»,- ասաց Տարասովը։

Ըստ նրա, հայկական կողմի մտադրությունների ու քայլերի վրա էական ազդեցությունն ունի այն հանգամանքը, որ ԵՄ-ն ոգևորված չէ ՀՀ-ին ինտեգրելու մտքից։

«ԵՄ-ն, ինչպես ցույց տվեց ժամանակը, նույնիսկ Ուկրաինան ինտեգրելու մտքից չէր ոգևորված,  և Ուկրաինայի համար նման ծանր հետևանքներից հետո Ուկրաինան ԵՄ, ՆԱՏՕ անդամ չէ ու քիչ հավանական է, որ ապագայում լինի։ ԵՄ-ում բավականին լուրջ ներքին գործընթացներ, վերլուծություններ ու հետևություններ պետք է լինեն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին տասնամյակների ընթացքում։

ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ, կարծում եմ, որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչպես է գործելու ԵՄ-ն։ Կարող եք արդեն հետևել ու տեսնել, թե ինչպես է արտահայտվում ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն մասին, թե ինչպես է Արևմուտքը ստել, ինչպես են սին հույսեր տվել Ուկրաինային, որ հնարավոր է Ուկրաինայի հաղթանակ, ինչպես նաև այլ ցանկությունների իրագործում։ Փորձում են ավելի սթափ քաղաքականություն վարել, ինչն իր ազդեցությունն է ունենալու, քանի որ ԱՄՆ խոսքը որոշիչ է Արևմուտքում։ Ուստի այս ամենի, վրացական զարգացումների ֆոնին ՀՀ-ի ԵՄ-ին ինտեգրացիայի նախաձեռնության ապագան հասկանալի է բոլորի համար»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս