Հայկական ամենամեծ խարդավանքը՝ հայտնի ծածկագրով
Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր գործողությունները, որ սովորության համաձայն՝ քաղաքականություն են անվանվում, իրականում երկչափանի մատրիցայի խաղի բաղադրիչներ են։
Հանրագումարում այդ խաղն ուղղված է երկու հիմնական կատեգորիաների հակադիր փոխակերպումներին։ Տարածություն ու ժամանակ։ Սրանք են Փաշինյանի կամ նրա իշխանության մոդերատորների աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնց առարկայացումը հայկական իրականության մեջ հանգեցրել է ողբերգական հետևանքների և ունենալու է այդպիսի հետևանքներ՝ խաղի շարունակության դեպքում։
ՔՊ-ի իշխանության շուրջ 7 տարիների ընթացքում տարածությունն ու ժամանակը հակադիր զարգացումներ են ապրել․ տարածությունը կամ հայկական կենսատարածքը կրճատվել է, Փաշինյանի իշխանության ժամանակը՝ երկարաձգվել։ 2018թ․ նա իշխանության է եկել փաստացի 42.000 քառակուսի կիլոմետր հայկական կենսատարածքի պայմաններում, մինչդեռ այսօր «հերոսաբար պայքարում է» 29.743 քառակուսի կիլոմետրի համար։
Հայ ժողովրդի կորցրած տարածությունը/տարածքները, սակայն, նրա համար ապահովել են ժամանակ՝ իշխանության ժամանակ։ Կապը՝ կորսված հայկական տարածության ու փաշինյանական ժամանակի միջև, օրգանական, դիալեկտիկական է․ տարածության յուրաքանչյուր կորուստ նրա համար ապահովել է իշխանության ժամանակի նոր չափաբաժին։ Ընդ որում, որքան ավելացել է նրա անձնական ժամանակը, այնքան՝ տարածության կորստին զուգահեռ՝ նվազել է նաև հայկականության՝ կորուստները կանխելու ժամանակը։
Եվ նրա իշխանության պահպանումը միաժամանակ ոչ միայն նոր տարածության, այլ նաև նոր ժամանակի կորստի երաշխիք է, որն անհրաժեշտ է հայկական տարածության ու հայկական ժամանակի կորստի բոլոր շահառուներին։ Հայաստանին ժամանակից, հայ ժողովրդին հայկական ժամանակից զրկողը երևի ճակատագրի կամ ծածկագրային հեգնանքով պիտի լիներ հատկապես «Հայկական Ժամանակ» անունով թերթի նախկին խմբագիրը, որը Հայաստանին ժամանակից, ժամանակին՝ հայկականությունից զրկելով՝ պիտի պահպաներ իշխանությունը։ Ոչ հայկական ժամանակով գործող իշխանությունը։
«Իրական Հայաստանի» թիթեղանման քարտեզը, որ Փաշինյանը թափահարում է «մատ թափ տալու» հայտնի սպառնալիքի հնչեցումից ի վեր, կրճատված հայկական տարածության ու դրա դիմաց նրա ստացած ժամանակի փայլուն մոնումենտն է, որը կարող է «բարեփոխվել» յուրաքանչյուր հաջորդ տպաքանակի հետ։
7 տարիների ընթացքում արդյունքի իմաստով կատարյալ ստացված փաշինյանական միակ «բարեփոխումը» հայկական կենսատարածության «օպտիմալացումն է», դրա համար էլ նա ֆետիշացնում է իր միակ ստացված բարեփոխման ոսկեգույն մակետը։
Տարածության ու ժամանակի այս անտեսանելի խաղում հաջողությունների հասնելով, Փաշինյանը շարունակում է ասպատակությունը ժամանակային տիրույթներում։
Նա այլևս կոխրճում է անցյալ ժամանակի անդաստանները՝ հայկական տարածության հաշվին կուտակած իշխանական ժամանակն օգտագործելով պատմական հիշողությունն այլասերելու վրա։
Տարածության ու ժամանակի այս անտեսանելի, բայց մեծ խաղ-խարդավանքում խաղացողը, հնարավոր է՝ իրականում խաղացվող է։ Բայց դա չի փոխում իրերի դրությունն ու իրավիճակի լրջությունը։
Հայկական կենսատարածությունից մնացածը պահպանելու միակ, արդեն աննշմար դարձող շանսը տարածության հաշվին իշխանության ժամանակի ավելացման գործընթացը կանգնեցնելն է։
Այլապես հայկական տարածությունից ու հայկական ժամանակից կարող է մնալ միայն լատունե քարտեզների փայլուն ու «Հայկական ժամանակի» խամրած տպաքանակը՝ որպես «Իրական Հայաստան» ուղեղային մորմոքի ամոթալի հիշողություն։
Հարություն Ավետիսյան