Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները. Օվերչուկ

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները՝ մեկնարկելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ սկսած Վրաստանի հետ երկու երկրների սահմանների միացումից դեպի հարավ:

«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները), որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց կատարելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներքև»,- ասել է նա՝ հավելելով, թե Մոսկվան միշտ ողջունել է նման շփումներն ու համատեղ աշխատանքը, քանի որ այն, անկասկած, կնպաստի կայունությանը տարածաշրջանում:

Խոսելով տարածաշրջանում կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի մասին՝ Օվերչուկը նկատել է, որ աշխատանքը դադարեցնելու մասին ձևական որոշում չի կայացվել:

«Պաշտոնապես այն ոչ ոք չի դադարեցրել։ Մենք այս թեմայի շուրջ պարբերաբար շփվում ենք, բայց ոչ թե եռակողմ ձևաչափով, այլ, ինչպես ասում են, դեմ առ դեմ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև «շատ լավ աշխատանքային շփում է հաստատվել»:

«Սա արդեն շատ մեծ արդյունք է, որը ձեռք է բերվել։ Որքանով մեզ հայտնի է, սա միակ նման շփումն է, որն այժմ գոյություն ունի տվյալ երկրների միջև՝ հաշվի առնելով, որ նրանց միջև դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, խաղաղության պայմանագիր չի ստորագրվել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս