Արդյոք Լուկաշենկոն ՌԴ-ի համաձայնությունն ունե՞ր Փաշինյանի հասցեին նման հայտարարություններ անելու համար

Հայաստանյան փորձագիտա-քաղաքական շրջանակներում և համացանցում շարունակում են ակտիվորեն քննարկել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկոտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Կարծիքները, իհարկե, շատ տարբեր են. երբեմն՝ իրատեսական, երբեմն էլ՝ իրականությունից կտրված։

Սակայն միանշանակ է, որ թեման շարունակում է հետաքրքրել հայաստանյան հանրությանը, հետևաբար՝ հետաքրքրում է նաև հարցը, թե ինչո՞ւ է Լուկաշենկոն նման ոճով արտահայտվում ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցնողի հասցեին։

Կան նաև կարծիքներ, որ սա չէր կարող արվել առանց ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի համաձայնության։

Այստեղ կարևոր է նշել, որ Լուկաշենկոյի կիրակնօրյա խոսքում կար ակնարկ այն մասին, որ Փաշինյանի դժգոհությունն իրենից ակնհայտորեն ուղղված է ոչ այնքան իրեն, որքան, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին։

Կարդացեք նաև

Լուկաշենկոն ոչ ուղիղ, սակայն ակնարկեց, որ ըստ էության բոլորի համար պարզ է, որ այդ ամենն ուղղված է ոչ այնքան իր դեմ, որքան ՌԴ նախագահ Պուտինի։ Որոշ կարծիքների համաձայն, առանց ՌԴ համաձայնության, Բելառուսի ղեկավարը չէր կարող ասել, թե «Փաշինյանը կկործանի Հայաստանը, հանգստացրեք նրան այդտեղ», ինչն իր մեջ ներքաղաքական փոփոխությունների որոշակի կոչ է պարունակում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային՝ նշեց, որ ստեղծված իրավիճակի հիմքում տարբեր պատճառներ են, որոնք կապ ունեն ընդհանուր առմամբ հարավկովկասյան ռեգիոնում վերջին տարիներին գրանցվող իրադարձությունների՝ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունների, 44-օրյա պատերազմի և հետագա իրադարձությունների, ՀՀ արտաքին քաղաքականությունում եվրաինտեգրման օրակարգի հայտնվելու հետ։

Ըստ նրա, ՀՀ իշխանությունները քաղաքական տարաձայնությունները վաղուց դուրս են բերել հրապարակային օրակարգ՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, ՀԱՊԿ-ի հարցով, ինչը փոխել է հարաբերությունների ավանդական մթնոլորտը, երբ տարաձայնությունները հարթվում կամ քննարկվում են հիմնականում փակ ռեժիմում։

Սա, Խրամչիխինի խոսքով, նշանակում է նաև, որ այդ ռեժիմը երբեմն կարող են խախտել Հայաստանի հանդեպ ևս և արտահայտել քաղաքական դժգոհություններ, քանի որ թուլացած են քաղաքական կառուցողական երկխոսությունների խողովակները։

«Վերջին տարիներին այդպես էլ եղել է, քաղաքական գործընթացը, երկխոսությունը քիչ է եղել, եղել են հրապարակային մեղադրանքներ։ Նույնիսկ նախարարների վերջին հանդիպման ժամանակ այս թեման քննարկվել էր, կարծես համաձայնություն ձեռք բերվել փոքր-ինչ մեղմել դա, տեղափոխելով համագործակցությունը, ինչպես նաև խնդիրների քննարկումը խորհրդապահական ռեժիմ, ինչը ենթադրում է նախարարների ավելի հաճախակի շփումներ, երկկողմ խորհրդակցություններ հաճախակի, և այլն։

Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անընդհատ ականատես ենք եղել հրապարակային մեղադրանքների, ՀԱՊԿ-ի քննադատության, որի մի մասն էլ պայմանավորված է Հայաստանի համար 44-օրյա պատերազմի հետևանքներով։ Այդ դժգոհություններից որոշները հասկանալի են եղել, որոշները՝ ոչ, այնուամենայնիվ եվրասիական տիրույթում նախ հրապարակայնությունն է շատացել խնդիրների քննարկման հարցում, ինչպես նաև իրականում վատթարացել են ՀՀ հարաբերությունները Ռուսաստանի, Բելառուսի հետ, զուգահեռ՝ ՀՀ-ն սկսել է ակտիվ երկխոսություն Արևմուտքի հետ, որը ևս դժգոհության առիթ է ԵԱՏՄ տիրույթում»,- ասաց վերլուծաբանը։

Խրամչիխինը նաև հիշեցրեց, որ այս ամենից բացի, հայ-բելառուսական հարաբերություններում գրեթե մեկ տարի է՝ ճգնաժամային իրավիճակ է։

«ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե ՀԱՊԿ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները կամ չեն աջակցել Հայաստանին, և այս հարցը դարձավ Բելառուսի հետ առճակատման թեմա, որում, այո, կա որոշակի հասցեագրում նաև Ռուսաստանին»,- ասաց վերլուծաբանը։

Խրամչիխինը գտնում է, որ ղեկավարները նման բառապաշարի հանգել են այս տարիների ընթացքում գրանցված փոխադարձ մեղադրանքների ու զարգացումների հետևանքով, որում ՌԴ դիտավորությունը կամ համաձայնությունը չկա։

«Կարծում եմ՝ ՌԴ-ն իր գործիքներով համապատասխան հարցերին անդրադառնում է, այդ թվում՝ հրապարակային, հատկապես ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների միջոցով։ Սակայն, միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարը ծանոթ է ընդհանուր մթնոլորտին, չափազանց սերտ է նաև ռուս-բելառուսական երկխոսությունը, որոնք այս ամենում, բնականաբար, գործոններ են»,- նկատեց նա։

Խրամչիխինն ընդգծեց, որ պետք է ճիշտ բնութագրել իրավիճակը․ ՀՀ-ն իրեն դուրս է դրել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ին մասնակցում է, քանի որ ունի օգուտներ, իսկ երկկողմ շփումները վերջին տարիներին հնարավորինս պակասեցվել են։

«Սրա հետ մեկտեղ, գլոբալ առճակատման պայմաններում լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը, Հայաստանն ակտիվ շփվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, խորացնում համագործակցությունը, հայտնում սերտ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին։ Թեև «Արևելյան գործընկերության» որևէ երկիր ԵՄ-ի հետ մերձեցման դրական ու հաջողված պատմություն չունի, այդ ճանապարհը բոլորի դեպքում էլ քարքարոտ է եղել ու կա նաև ներկայումս։

Սա, իհարկե, ՀՀ ղեկավարության ընտրությունն է, բայց դա հեշտ ճանապարհ չէ՝ հատկապես ՀՀ-ի դեպքում, որը դեռ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, սակայն քաղաքական հարաբերությունները կառուցում է Արևմուտքի հետ, որը պատրաստ է ՀՀ-ի նման երկրին երաշխիքներ տրամադրել։ Այս հեռանկարը ներկայումս է՛լ ավելի մշուշոտ է դառնում, հակամարտության նկատմամբ հետաքրքրությունն Արևմուտքի կողմից պակասել է կարծես, Արևմուտքի ողջ ուշադրությունը Թրամփի որոշումներն են և ուկրաինական ճակատը, գուցե առաջիկա ամիսներին սա փոխվի»,- նկատեց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս