Վազգեն Սարգսյանը նվաճող էր, դուք ո՞վ եք. թվերը մեծանում են, հողերը՝ փոքրանում. Անդրանիկ Քոչարյանն անպատասխան թողեց անհարմար հարցերը

Ժամանակակից բանակ ունենալու համար կարևոր է հատուկ նշանակության զորքերի ներդրումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինություն ունենալը։ «Եռաբլուր»-ում այս հայտարարությունն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա պատասխանեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե մենք մեր ԶՈւ բարեփոխումների գործում որ ուղղությամբ ենք շարժվում` հաշվի առնելով, որ Ադրբեջանը հիմա ակտիվ զարգացնում է հատուկ նշանակության զորքերը և փոքր, շարժունակ խմբերի վրա է հիմնական շեշտադրումն անում։

«Այո՛, ժամանակակից բանակները հատուկ նշանակության տրամաբանության մեջ գործող բանակներն են` անկախ նրա մեծությունից, թվաքանակից։ Այսինքն` փոքր կառույցներ` մեծ խնդիրներ լուծելու համար։ Դա նշանակում է ունենալ ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակն ու քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն։ Դա շատ բարդ ճանապարհ է, որ մենք հիմա անցնում ենք։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք արձանագրեցինք, թե որտեղ ենք կանգնած եղել պատերազմից առաջ և ուր պետք է հասնենք, որ հեռու պահենք հնարավոր բոլոր պատերազմները, եթե այդպիսի ցանկություն ունենան մեր հակառակորդները»,-հայտարարեց Քոչարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ իշխանություններն ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցությունը։

Կարդացեք նաև

«Քաղաքական իրողությունները կթելադրեն մեր քայլերը ՀԱՊԿ–ում մեր մնալ–չմնալու հարցում, դուք մի անհանգստացեք»,– պատասխանեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է բանակի այսօրվա խնդիրներին ու բարեփոխումներին, ապա նրա խոսքով` 31 տարի առաջ էլ, հիմա էլ մարտահրավերները նույնն են, թշնամին էլ է նունը, սակայն բանակի առաջ դրված խնդիրներն են փոխվել։

«1994 թվականից հետո բանակը լրիվ ուրիշ վիճակի էր բերված։ Վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրների առաջ չկանգնի, ինչպիսին եղան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դասեր քաղելու համար ԱԺ քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը բավականին հարուստ նյութ է, որը հավաքագրվել է և կներկայացվի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»,- հայտարարեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` երբեք պետական բյուջեից այդքան մեծ գումարներ չեն հատկացվել ռազմական հատվածին, ու ամեն տարի այդ թվերը մեծանում են, և պետք է մտածել այդ միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու և մեր կարողություններն ավելացնելու մասին։

Լրագրողի դիտարկմանը, որ թվերը մեծանում են, սակայն հողերը փոքրանում են, Քոչարյանը նախընտրեց չարձագանքել։

Տեսանյութեր

Լրահոս