Ալիևը Հայաստանի գլխին հարվածելու փաթեթ է պատրաստում. Փաշինյանը նոր դա հասկացա՞վ. Տիգրան Աբրահամյան
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ նշելով, որ դրանց մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է, իսկ Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
«Ինչո՞ւ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն: Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա: Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանքն ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն՝ կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ»,- գրել էր Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանի այս գրառումից օրեր անց Հանրային հեռուստաընկերության եթերում Բաքվում պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսեց Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով. «Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի կողմից հետախուզական տվյալ ներկայացվողի մասին, Տիգրան Աբրահամյանը նշեց՝ այն, ինչի մասին Հայաստանը ներկայացնողը խոսեց, արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական կողմը քարոզչական տարբեր հարթակներում ակտիվորեն զարգացնում է՝ ՀՀ իշխանության կողմից չարժանանալով որևէ տեսակի հակազդեցության՝ քարոզչական մակարդակում։
Ըստ Աբրահամյանի՝ Բաքվի «խոսափողները» մեկ տարի է՝ զարգացնում են այն թեման, որ, եթե պարզեն, թե Գյանջայի ռազմական օդանավակայանի ուղղությամբ ռազմական հարվածը հասցվել է Հայաստանի Հանրապետությունից, ապա Ադրբեջանը պետք է գործողությունների դիմի ընդդեմ Հայաստանի։
«Հիմա ստիպված Փաշինյանը գնում է Հանրայինի տաղավար՝ նման բան ասելու համար, բայց ո՞ւմ համար է դա նորություն, ո՞վ չգիտի, որ այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, իրավական որևէ հիմք ու հիմնավորում չունի. կա ընդամենը քաղաքական փաթեթավորում։ Այս իշխանությունն էշի ականջում քնել է, թե՝ առիթ չենք ուզում տալ ադրբեջանական կողմին, իսկ այդ ընթացքում ադրբեջանական կողմը միջազգային հանրության մոտ աշխատանք է տանում, թե Հայաստանն ագրեսոր երկիր է։
Ադրբեջանն այս դատավարությունն օգտագործում է ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, այլ փաթեթ է նախապատրաստում Հայաստանի գլխին հարվածելու համար։ Փաշինյանը նոր-նո՞ր է հասկացել գլխի գալիքը, գնացել է Հ1, որ ժողովրդին պատրաստի դրան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում