Տավուշից տարածքներ հանձնած Փաշինյանը նոր տարածքների փոխանակման կամ հանձնման ցրցամ է տալիս
«Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին: Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանները գծի վրա, հողի վրա արտահայտվեն»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին։
«Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի, հասկանո՞ւմ եք, սահմանը պետք է գետնի վրա արտահայտվի և դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Հիմա եթե օրինակ կլինեն իրադրություններ, երբ սահմանազատման հանձնաժողովները կգան, այդ թվում՝ ենթակառուցվածքների, մարդկանց կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ է այ այս տարածքը, որը դե յուրե, այսինքն՝ գտնվում է մի երկրի տարածքում, բայց պետք է, անհրաժեշտ է, որ այդ երկրի այդ տարածքները փոխանակվեն, այդպիսի իրադրություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի թողարկած սահմանազատման կանոնակարգերով, որոնց մեր ընդդիմությունը հղում է անում, այնտեղ նախատեսված են»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց՝ եթե այդպիսի իրավիճակներ ծագեն, դա հնարավոր է անել միայն հանրաքվեի միջոցով:
«Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, կասենք՝ ժողովուրդ ջան, այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահմանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ կարելի է այս տարածքը փոխանակել այս տարածքի հետ, հանձնաժողովները կարո՞ղ են դա անել, ոչ չեն կարող դա անել, կարո՞ղ են առաջարկել: Տեսականորեն այո, տեսականորեն, ես հիմա միանգամից ասեմ, որ հիմա այդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ, բայց եթե այդպիսի վիճակ կծագի, նախ Կառավարությունը եթե ընդունելի համարի՝ պետք է գա ժողովրդի մոտ, ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե չգնանք: Ժողովուրդը կորոշի գնա՞նք, թե չգնանք: Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որովհետև գիծն ինքն էլ հաստություն, շերտ ունի, օրինակ՝ սահմանի վրա, քարտեզի վրա, որ գիծը գծվում է, ինքը մի միլիմետր է չէ՞, բայց գետնի վրա ինքը կարող է լինել չորս մետր, երեք մետր, մեկ մետր: Ես այդպիսի իրավիճակների մասին չեմ խոսում, սովորաբար նույնիսկ այդ մետրերի ժամանակ սահմանային կետը որոշվում է այդ լայնության մեջտեղը: Այդտեղ էլ խնդիր չկա ընդհանրապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: