Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Միացյալ Նահանգներ
Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նախօրեին հայտնեց, որ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին վերջինս հանդես կգա ելույթով:
Այլ բարձրաստիճան հանդիպումների ու շփումների մասին, այդ թվում և ամենահետաքրքիր՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին որևէ խոսք չկա։
Հարկ է նշել, որ այցը տեղի է ունենում նախկին՝ Բայդենի վարչակազմի հետ ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումից, Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում Երևանի՝ կարգավորմանն ուղղված քայլերի ֆոնին։ Օրերս Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր իշխանությունը որոշել է ընդունել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն։
«Սա նշանակում է, որ մենք փորձելու ենք ստեղծել բալանս ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ պետությունների մեր տարբեր հարաբերությունների մեջ։ Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունները։ Արդեն նշեցի, որ փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը հասնել։ Իհարկե, սա հեշտ չէ, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարծում, որ դա անհնար է»,- ասել էր նա։
Ուշագրավ է նաև, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հունվարի 24-ին կարգադրեց սառեցնել ԱՄՆ-ի արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը, ինչը խոստացել էր Թրամփն իր երդմնակալության ելույթում: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղերձ է հղել ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին՝ ներկայացնելով հունվարի 20-ին Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի կատարումը: Թրամփի հրամանում ասվում է, որ ԱՄՆ-ի ներկայիս արտաքին օգնությունը «չի համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին»:
Հրամանագիրը նախատեսում է 90-օրյա ընդմիջում օտարերկրյա պետություններին զարգացման նպատակով ամերիկյան օգնության տրամադրման հարցում՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանությունը» գնահատելու համար: Հրամանագիրը վերաբերում է այլ պետություններին, ՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին և կապալառուներին միջոցների նոր վճարումներին՝ ծրագրերի վերանայման ակնկալիքով:
Այս տարի հիմնական աշխարհքաղաքաղական կանխատեսումներին նվիրված զեկույցում ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները պնդել էին, որ 2025 թվականին Միացյալ Նահանգներից լուրջ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն։
Ըստ վերլուծության, Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։ «Փոխարենը Հայաստանը հիմնական շեշտը կդնի Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև կփորձի մեծացնել առևտրաշրջանառությունը ԵՄ հետ։ Արևմուտքի հետ քաղաքական և պաշտպանական աճող կապերը Հայաստանը կփորձի օգտագործել Ադրբեջանի՝ էսկալացիային ուղղված քայլերը զսպելու, Բաքվի առավել կոշտ պահանջներին՝ նախևառաջ Հայաստանի հարավային շրջաններով տարանցիկ ճանապարհ ստանալու պահանջին դիմադրելու համար»,- նշել են զեկույցի հեղինակները։
Stratfor-ի փորձագետների համոզմամբ, 2025-ին Հարավային Կովկասը շարունակելու է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ մնալ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը «բանակցային գործընթացում իրենց դիրքերն ամրապնդելու համար կշարունակեն արտաքին աջակցություն որոնել»։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում սկսել են կիրառել «հավասարակշռված արտաքին քաղաքականություն» տերմինը՝ գիտակցելով, որ ՀՀ արևմտյան ինտեգրացիայի հեռանկարը կասկածի տակ է, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ԵԱՏՄ անդամակցությունը՝ անայլընտրանք։
Ըստ նրա, չնայած հայտարարվում է ԵՄ անդամակցության ցանկության, ԵՄ-ի հետ մերձեցման մասին, ՀՀ իշխանությունները սկսում են հասկանալ, որ այդ կուրսը կարող է տապալվել, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չարժե փակուղի մտցնել հատկապես նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում։
«Սակայն, կարծում եմ, ԱՄՆ այցը նպատակ ունի նոր վարչակարգի հետ որոշակի շփումների հնարավորություն ստեղծել, ծանոթանալ տրամադրություններին, հետևաբար՝ նաև այս վարչակազմի հետ հարաբերությունների հեռանկարին։ Այս հարցով հայկական կողմը որոշակի մտահոգություններ ունի, որի ցուցիչն էր նաև հեռացող Բայդենի վարչակազմի հետ փաստաթղթի ստորագրումը։
Եթե հայկական կողմը վստահ լիներ նոր վարչակարգի՝ Հայաստանի հետ հարաբերություններով հետաքրքրվածության մեջ, ապա վստահաբար փաստաթուղթ կստորագրվեր նոր վարչակազմի հետ, ինչն ավելի արդյունավետ ու կանխատեսելի կդարձներ այդ հարաբերությունները։ Իսկ ներկայումս անորոշությունը շատ է և կա մտահոգություն, որ նոր Պետքարտուղարությունը Հարավային Կովկասով այնպես չի հետաքրքրվի, զբաղվի, ինչպես Բլինքենը։
Սակայն այստեղ կարևոր է ասել՝ քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է արդյունքներով, ինչ արդյունքների հասավ Բլինքենի Պետքարտուղարությունը Հարավային Կովկասում, և ինչ ստացավ Հայաստանն այդ քաղաքականությունից՝ կոնֆլիկտը չի կարգավորվել, աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է, տարաձայնություններ կան թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում, կարծում եմ՝ որոշակի թյուրըմբռնում նաև Իրանի հետ»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ երբեմն որոշակի հեռադիր քաղաքականությունը կամ փոփոխությունը կարող է ավելի օգտակար լինել։
Սիմոնովի կարծիքով, ընդհանուր առմամբ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ ո՞ր ուղղությամբ շարժվել՝ խզե՞լ Ռուսաստանի հետ հարաբերությունները և ընթանալ արևմտյան ինտեգրացիայի ճանապարհով, թե՞ փոփոխությունների չդիմել։
«Սակայն ՀՀ իշխանություններն իրենք էլ վստահ չեն, որ արևմտյան ինտեգրացիայի ճանապարհը հանգեցնելու է արևմտյան ինտեգրացիայի: Կարելի է հետևել Զելենսկիի վերջին հայտարարություններին և հուսահատությանը ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։ Արևմուտքը երկար ժամանակ խոստացավ, Ուկրաինային տրամադրեց Ռուսաստանի դեմ և ներկայումս որևէ հստակ հեռանկար չի տրամադրում Ուկրաինային։ Սա լավագույն օրինակն է Արևմուտքի քաղաքականության»,- նկատեց նա։