«6 ամիս է՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փորձատեղ չունի, եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, երգչախումբը կարող է չլինել». Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, զրկվելով սեփական տարածքից՝ այսօր երգչախումբը փորձեր անելու տեղ չունի։

«Արդեն 6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանի կառույցում գործող երգչախումբը փորձատեղ չունի, օգոստոսի 2-ից զրկված ենք փորձեր անելու հնարավորությունից։ Մեզ որևէ տեղ չեն առաջարկում, դատելով տեղի ունեցող գործընթացներից՝ առերևույթ ոչ էլ մտադիր են լուծում տալ այս ամենին։ Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ապա երգչախումբը կարող է չլինել»,- 168.am հետ զրույցում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ փորձերը վերսկսելուց հետո առնվազն մի քանի ամիս է անհրաժեշտ, որպեսզի վերականգնվի երգչախմբի նախկին մարզավիճակը։

Կարդացեք նաև

«Մենք ավելի մեծ կորուստ ենք ունեցել ազգովի, բայց հանգիստ ապրում ենք: Մտածում եմ, որ սրան էլ հանգիստ կվերաբերվեն։ Ինչ-որ մեկին հուզո՞ւմ է երգչախումբը, նրա անցած ճանապարհը, միջազգային համբավը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արամի 23 հասցեում գտնվող երգչախմբի շենքին, Տիգրան Հեքեքյանն ասաց՝ շենքը կիսաքանդ վիճակում է։

«Արդեն 6-րդ տարին է՝ Դատախազությունը քրեական գործ է հարուցել, բայց հավանաբար ինչ-որ հզոր ձեռք կարողացել է այնպես անել, որ քննիչը, դատախազությունն ամեն կերպ փորձում են կարճել կարևոր մեղավորների դեմ հարուցված գործը՝ մեղավորությունը թողնելով միայն ստորին օղակում գործող պատասխանատուներին։ Քրեական գործն այնքան է ձգձգվել, որ նույնիսկ, եթե որևէ մեկին մեղավոր ճանաչեն, նա պատիժ չի կրելու, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքով, եթե գործը հարուցելուց անցնում է 5 տարի, մեղավորներն այլևս պատիժ չեն կրում։ Ամեն ինչ արեցին, որ մեղավորները պատիժ չկրեն, իսկ հիմա էլ ամեն ինչ անում են, որպեսզի մեղավոր ճանաչելուց հետո որևէ մեկը չհատուցի ու չվճարի քանդված շենքի վերականգնման համար»։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի, խանութներ և հյուրանոց է կառուցում։ Այդ հասցեում 1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր փորձերն է անցկացրել, բայց շենքը վթարային դառնալուց հետո դուրս է եկել տարածքից։

Տիգրան Հեքեքյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ ընդունած նոր օրենքին, ըստ որի՝ մշակութային ու կրթական բոլոր օջախների անվանումից դուրս է գալու «ազգային» բառը և այն փոխարինվելու է «համապետական» բառով։

«Օրինակ, ես իմ ամենասարսափելի երազում չէի կարող պատկերացնել, որ կարող է մի գեղեցիկ օր ոտնձգություններ լինեն «Հայաստանի փոքրիկ երգիչների» հանդեպ։ Նախ, քանի որ այն վաղուց արդեն ազգային արժեք է և տասնամյակներ մեր պետության մշակութային խորհրդանիշ է համարվում, հետո էլ՝ երեխաներ են, այնուամենայնիվ, երեխաների հանդեպ հայերն այլ վերաբերմունք ունեն։

Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրի հետ՝ Արցախի հանձնումը, մարդկանց բռնի տեղահանումը, մեր հայրենակիցների դատավարությունն Ադրբեջանում… և տեսնում ենք՝ մեր հայրենակիցները որքան անտարբեր են, չգիտեմ՝ այդ բառն իրավունք ունե՞մ օգտագործել, թե՞ ոչ։ Գուցե կարեկցում են, բայց գործողություն, այսինքն՝ ընդվզում տեղի չի ունենում։

Մի տեսակ ամեն ինչի հետ հաշտվում են, և մտածում ես, որ երևի կա՛մ այդ ժամանակն է եկել, որ մենք ամեն ինչն այսպես հանձնելով գնանք, վերջում ինքներս էլ մեզ հանձնենք, կա՛մ ինչ-որ բան է տեղի ունենում մեր ժողովրդի ընդհանրացված հոգեկերտվածքի, հոգեբանության հետ։

Դրա համար այս ամենը և՛ անհավատալի է, և՛ չի զարմացնում, բայց ավելի շատ զարմացնում է մեր բոլորի, գուցե ինձանից սկսած, պահվածքը»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը՝ Տիգրան Հեքեքյանը նկատեց՝ եթե ազգային կարգավիճակը տրվում է նրա համար, որ ինչ իրավիճակում էլ հայտնվի երկիրը, դրանք պետք է շարունակեն գործել և պահպանվեն պետության կողմից, ապա պետք է այդ անվանումը մնա։

Եթե պետությունը որոշում է՝ ո՛րն է իր համար գերակա և առավել, և անձեռնմխելիություն է տալիս տվյալ մշակութային հիմնարկներին՝ դրանք անվանելով «ազգային», կցանկանայի այդ անվանումները մնային, հանդիսանային վահան, որպեսզի ցանկացած իշխանավոր, որը ստանձնում է պետության որոշակի ոլորտի ղեկավարում, չկարողանար քանդել ու լուծարել որևէ կոթող ու կառույց, որովհետև դրանք ստեղծելը շատ բարդ է, աճեցնելն ու բարձունքի հասցնելը՝ անասելի դժվար, նույնն է, որ երեխա ծնես ու մեծացնես։

«Եթե այդ կոչումը զուտ մարդկանց նկրտումները բավարարելու և այդ հիմնարկներին առավելություններ տալու համար է, ապա սա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Գիտեմ մշակութային հիմնարկներ, որոնք շատ ավելի լավն են՝ չունենալով «ազգային»-ի կարգավիճակը, ունենք կառույցներ, որոնց ժամանակին ըստ արժանվույն շնորհվել է այդ կարգավիճակը, բայց այսօր բոլորովին չեն համապատասխանում այդ կոչմանը:

Կան նաև այլ կառույցներ, որոնք բարձրակարգ որակ են ապահովում, ազգանվեր գործով են զբաղված, բայց չունեն ազգային կարգավիճակ: Այս առումով՝ ինձ միևնույն է՝ ինչպես կկոչվեն, որովհետև ես դա ընկալում եմ՝ որպես արտաքին ծածկույթ՝ ֆասադ, իսկ ծածկույթի տակ կառույցը բարգավաճում է, թե բորբոսնում, որևէ մեկը չի հասկանում։

Մի խոսքով, եթե «ազգային» կարգավիճակը թույլ չի տալու որևէ պաշտոնյայի որևէ ժամանակ դիպչել այդ կառույցին, որ մի օր չարթնանա ու որոշի, թե փակում է, այդ առումով, իհարկե, կուզեի, որ այդ անունները մնային, ավելին՝ բոլոր որակյալ մշակութային օջախներն ունենային այդ կարգավիճակը և մշտապես ձգտեն գործել այդ կոչմանը համապատասխան և բարձր պահեն որակի սանդղակը»,- նշեց մեր զրուցակիցը։

Տիգրան Հեքեքյանը ցավով արձանագրեց՝ այսօր մարդիկ բովանդակությունը թողած՝ ընկել են ձևի հետևից։ Օրինակ, կարող է լինել ազգային կարգավիճակ ունեցող մի օջախ, որը լիովին չի ծառայում ազգային մշակույթին։ Անհրաժեշտ է, որ երգչախմբերը, նվագախմբերը շատ կատարեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, որպեսզի կոմպոզիտորական արվեստը զարգանա, թատրոնները շատ բեմադրեն հայ դրամատուրգների պիեսներ, որպեսզի զարգանա հայ դրամատուրգիան։ Դա, ըստ նրա՝ կխթանի նոր ժամանակակից ստեղծագործությունների ստեղծմանը, ինչո՞ւ չէ, նաև երաժշտական և թատերական քննադատության մշակույթի զարգացմանը:

«Կան ավելի լուրջ խնդիրներ, որոնց պետք է մշտապես ուշադրություն դարձնել: Ինձ թվում է՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սկսել են արտաքինին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան ներքինին։ Մենք գիտեինք փիլիսոփայական կատեգորիա, որ բովանդակությունը ստեղծում է ձևը, մենք հիմա ներքուստ անբովանդակ գեղեցիկ ձևեր ենք ստեղծում, որոնք զուտ տեսք են, որքան քիչ բովանդակություն, այնքան գեղեցիկ տեսք։

Փորձում ենք այս ամենի դեմ պայքարել՝ ամեն մեկն իր տեղում, դաստիարակելով սերունդներ, որպեսզի իրենք գոնե այդպիսինը չլինեն։ Որ հասկանան՝ էությունն ու բովանդակությունն է ամենակարևոր բանը, և այդպես մոտենան ամեն ինչին»,- շեշտեց Տիգրան Հեքեքյանը։

Տեսանյութեր

Լրահոս