«Բոլոր անբարոյական երևույթները, որոնք թելադրվում են մեզ՝ կուլ ենք տալիս, վաղն էլ «պետական» բառը կհանեն, այսպես ապրելն ուղղակի ամոթ է». Աննա Մայիլյան
Դեռ նախորդ տարի սեպտեմբերին ՀՀ կառավարությունն առաջարկել էր, որպեսզի մշակութային տարբեր հաստատությունների անվանման մեջ «ազգային» բառը փոխարինվի «պետական» բառով։
Կառավարության այս առաջարկությունը հետո դարձավ օրենքի նախագիծ, ու այն երեկ ԱԺ իշխանական ՔՊ խմբակցությունն ընդունեց։ Որոշումը խորհրդարանն ընդունեց 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։
Այսպիսով՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը, փոխարենը կլինի «համապետական» բառը։
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանի խոսքով՝ «ազգային» բառի նկատմամբ ՀՀ օրվա իշխանությունն ունի հատուկ թշնամանք։ Իսկ ընդհանուր առմամբ, նա դժվարանում է մեկնաբանել անադեկվատ որոշումները, որոնք ընդունում են այս իշխանությունները։
«Գիտեք, գուցե ժողովուրդն արաժանի է այն ամենին, ինչը ստանում է, պետք չէ զարմանալ։ Սկսած Կոնսերվատորիայի դասախոսներից, որոնք կուլ են տալիս շատ բաներ, վերջացրած բոլորով, պատկերացնո՞ւմ եք՝ դպրոցներից հանում են հերոսների նկարները ու առանց դիմադրության, բողոքի։ Այսինքն՝ բոլոր անբարոյական երևույթները, որոնք թելադրվում են մեզ՝ կուլ ենք տալիս, ու արդյունքը սա պետք է լինի, արժանի ենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մայիլյանը։
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդն ամեն ինչ այսպես կուլ տա, վաղը կլինեն ավելի վատ որոշումներ, որովհետև մարդիկ իրենց բերանը միշտ փակում են։
«Տարբեր երկրներում օպերային թատրոնները կոչվում են ազգային։ Երբ օպերային թատրոնն անվանում ենք ազգային, կամ, օրինակ, գրադրանն ենք կոչում ազգային, դրանց արժեքը բարձրանում է, իսկ համապետական անվանելով՝ ստատուսը իջեցնում ենք։ Կարող են լինել մի քանի պետական գրադարաններ, թատրոններ, բայց ազգայինը կարող է լինել մեկը, որը համայն հայությանն է։
Կան հիմնական արժեքներ, որոնց հիման վրա այդ հաստատությունները կոչվել են ազգային, պատմականորեն եկած բառ է «ազգայինը», սրա մեջ մեր էությունն է, պահպանողականությունը, այն ամենը, ինչը կապ ունի հայի էության հետ։ «Ազգային» բառը ռազմավարական նշանակություն ունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ սա հատուկ ծրագիր է, ըստ որի՝ աշխատում են, որքան կարող են, իջեցնել ազգային մշակույթի նշաձողը, քանի որ այսօր մնացել է միայն մշակույթը, որը պետք է ոչնչացնեն։
«Մարդիկ, որոնք չեն պատրաստվում այս ամենը կուլ տալ, պետք է շարունակեն իրենց ակտիվ աշխատանքը, չնայած ամեն կերպ մեր «օդերը փակում» են, բայց Աստված է որոշել, որ ես, օրինակ, պետք է իմ գործն անեմ, մյուսն՝ իր։ Բայց դժվար է, քանի որ մենք մեր երկրում չենք գնահատվում, իսկ այլ երկրում ուղղակի մեր նշանակությունն ու մեր նկատմամբ վերաբերմունքը վայելում ենք։
Եթե սա հանդուրժենք, վաղն էլ «պետական» բառը կհանեն, այսպես չի կարելի ապրել, այսպես ապրելն ուղղակի ամոթ է»,- ընդգծեց Աննա Մայիլյանը։