Թրամփը կփորձի հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» կնքահայրը դառնալ․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանում, իհարկե, որոշակի գործընթացներ տեղի կունենան։ Ուղղակին վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Անուղղակի առումով էլ՝ ապագայում քաղաքական գործընթացներ կգեներացվեն, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերություններում, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Եթե կողմերը պայմանավորվում են, և պատերազմն Ուկրաինայում դադարեցվում է, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունենում է ավելի շատ ազատ միջոցներ ու հնարավորություններ՝ զբաղվելու մեր և այլ տարածաշրջաններով, որտեղ վերջին տարիների ընթացքում չի կարողացել կիրառել ամբողջ ներուժը և ամրապնդել կամ խորացնել ազդեցության գոտիները։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

«Դժվար թե ԱՄՆ-ի ակտիվությունը լինի այնքան, որքան Բայդենի օրոք, երբ ԱՄՆ-ը բավական ակտիվորեն ներգրավված էր Հարավային Կովկասում, իհարկե՝ ամերիկյան շահերի տրամաբանության մեջ։ Ի վերջո, մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի համար երբեք ռազմավարական նշանակություն չի ունեցել, բայց միևնույն ժամանակ՝ աշխարհագրությունը շատ կարևոր է։ Մենք հարևան ենք ԱՄՆ-ի համար մեկ թշնամի Իրանին, համար մեկ մրցակից ՌԴ-ին և ռազմավարական դաշնակից Թուրքիային։ Հարավային Կովկասն այդ առումով ինքնին հետաքրքրական է ԱՄՆ-ի համար։ Այնտեղ շատ լավ հասկանում են, որ ազդեցության գոտիների տրամաբանության մեջ դիտարկելով՝ սա համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Դա այդպես են համարել հենց արևմտյան փորձագետները, և նվազագույն ծրագիրը ռուսական ազդեցությունը նվազեցնելն է, առավելագույնը՝ ՌԴ-ին այստեղից դուրս մղելը։ ԱՄՆ-ը, բնականաբար, հեռու է այստեղից, և դա ուղղակիորեն չի կարող անել, բայց տարածաշրջանում իր դաշնակցին՝ Թուրքիային, դրա համար հնարավորություններ է տալիս»,- ասաց միջազգայնագետը:

«Ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է անելու նախագահ Թրամփը նախկին նախագահ Բայդենի կողմից միջնորդավորված բանակցվող՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ամբողջ փաթեթի հետ։ Ասում են՝ ինչ-որ կետի հասել են, 90 տոկոսն արդեն բանակցված և համաձայնեցված է, մնացել են փոքր, բայց կարևոր հարցեր, որոնք պետք է վերջնականացվեն։ Մի կողմից, Թրամփը չի ցանկանա բաց թողնել այս հնարավորությունը, մյուս կողմից՝ չի ցանկանա սրա դափնիները թողնել Բայդենին։ Ամենայն հավանականությամբ, նա կփորձի շարունակել բանակցային գործընթացի շղարշի ապահովումը և դրա ներքո կողմերին բերել համաձայնության, ստորագրել տալ մի փաստաթուղթ, որի կնքահայրն ինքը լինի»,- նշեց Սարգսյանը:

Ամերիկագետի կարծիքով՝ Թրամփը շատ է խոսում այն մասին, որ խաղաղասեր է, ցանկանում է խաղաղություն բերել, տարբեր հակամարտություններում ուզում է լուծումներ գտնել. «Հայ-ադրբեջանական պայմանագրի նախագիծը նրա համար արդեն 90 տոկոսով պատրաստի հնարավորություն է։ Առաջիկայում մենք լրացուցիչ ազդակներ կստանանք՝ արդյո՞ք Թրամփը կգնա այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որոնք են ԱՄՆ-ի հետաքրքրությունները։ ԱՄՆ-ը այդքան էլ շատ ռեսուրսներ չունի՝ կանխելու Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի դեմ։ Ի՞նչ պիտի անեն՝ կանխել չեն կարող, բայց միգուցե հետո կարող են օգտագործել ճնշման մեխանիզմներ՝ պատժամիջոցներ։ Փորձը ցույց է տալիս, որ ո՛չ Թրամփի, ո՛չ Բայդենի վարչակազմերը դա չարեցին Ադրբեջանի նկատմամբ»:

«44-օրյա պատերազմի ավարտին ԱՄՆ-ում ընտրություններ էին։ Պատժամիջոցների կիրառման մեխանիզմներ այդպես էլ տեղի չունեցան նույնիսկ այն ժամանակ, երբ Բայդենն ասում էր, թե իրենք հստակ գնահատականներ կտան։ Պետքարտուղարի տեղակալը պնդում էր, որ էթնիկ զտում է տեղի ունեցել, և իրենք դա կճանաչեն։ Այդ ամենը տեղի չունեցավ։ Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ դա հիմա է տեղի ունենալու։ Միգուցե ինչ-որ հայտարարություններ կլինեն, բայց դրանք կոնկրետ գործողությունների չեն վերածվի»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս