
Մահվան ամենացածր ռիսկը ստանդարտից մի փոքր ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է․ ճապոնացի գիտնականներ

Ըստ Ճարպակալման ուսումնասիրության ճապոնական միության տվյալների՝ մարմնի զանգվածի 22 ինդեքս ունեցող մարդկանց մոտ որևէ հիվանդության առաջացումը ամենաքիչ հավանականն է։ Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է որպես քաշի և հասակի հարաբերակցություն՝ օգտագործելով հետևյալ բանաձևը՝ քաշը (կգ) բաժանած հասակի (մ) բարձրացրած քառակուսի: Ըստ shantnews-ի՝ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nikkei Asian Review շաբաթաթերթում։
10 տարվա ընթացքում գիտնականները դիտարկել են միջինը 350 000 ճապոնացիների, որոնց տարիքը 40-ից բարձր է եղել: Գիտնականները կյանքի տևողության վրա մարմնի քաշի ազդեցության վերաբերյալ հետևյալ վարկածներն են առաջ քաշել.
- նորմալ քաշ ունեցող մարդիկ ունեն մահվան ամենացածր ռիսկը
- մարդիկ, ում մոտ քաշը ստանդարտից ցածր է, ունեն մահվան ամենացածր ռիսկը
- մարդիկ, ում քաշը մի փոքր ավելի բարձր է ստանդարտ քաշից, ունեն մահվան ամենացածր ռիսկը։
Հաստատվել է երրորդ վարկածը, պարզվել է, որ կանանց մոտ մահվան ամենացածր հավանականությունը եղել է 23-24,9 մարմնի զանգվածի ինդեքսով, տղամարդկանց մոտ՝ 25-26,9, այսինքն՝ մահվան ամենացածր ռիսկը հայտնաբերվել է ստանդարտից մի փոքր ավել քաշ ունեցող մարդկանց մոտ:
Հայտնի է, որ գիրությունը վնասակար է առողջությանը: Ներքին օրգանների ճարպի ավելացումը, օրինակ, մեծացնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, շաքարախտը և աթերոսկլերոզը, ինչը հանգեցնում է ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի: Բայց տարիքի հետ մեկ այլ վտանգ է առաջանում՝ փխրունության, ֆիզիկական և մտավոր կենսունակության, մկանային ուժի և ճանաչողական ֆունկցիաների նվազման խնդիր։ Ուստի, հետազոտողների կարծիքով, ավելի լավ է լավ սնվել և ծերության ժամանակ մի փոքր գիրանալ՝ այս փխրունությունից խուսափելու համար։