Սրբուհի Գալյանը հերթական առաջարկն է արել ՊԵԿ-ի կադրին և մտերիմներին ասել՝ իր խնդիրը մինչև 2026թ. ընտրությունները ձգելն է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շարունակում է Արդարադատության նախարարությունը համալրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, իր ընկեր Ռուստամ Բադասյանի կադրերով: Նրանք ամենուր են՝ սկսած Արդարադատության նախարարության տարբեր մանր ու մեծ պաշտոններից մինչև առանձնացված ստորաբաժանումների ղեկավար մարմիններ:

Հերթական սուբյեկտը, որին Սրբուհի Գալյանը ցանկանում է տեսնել Արդարադատության նախարարությունում, Վահան Չարխիֆալակյանն է, որին Գալյանը Բադասյանի մեկ այլ ՊԵԿ-ի կադրի՝ Պետիկ Մկրտչյանի նշանակման ձախողումից հետո փոխնախարարի առաջարկ է արել:

Վահան Չարխիֆալակյանը ներկայում զբաղեցնում է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Վերջինս ՊԵԿ-ում պատահական մարդ չէ, ու համակարգում ապշած են, որ վերջինս կարող էր նման առաջարկ ստանալ:

Վահան Չարխիֆալակյանի գործունեության առանձին դրվագների հաջորդիվ կանդրադառնանք, մինչ այդ հիշեցնենք, որ վերջինիս նախորդ տարվա հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Կարդացեք նաև

Սրբուհի Գալյանը թերևս գիտակցում է, որ Արդարադատության նախարարությունը գոյություն չունի, հեղինակազուրկ է, հետևաբար՝ իր նշանակումները, գործողությունները այլևս չեն կարող հեղինակազրկել մի կառույցի, որն արդեն իսկ հեղինակություն չունի: Այդ պարագայում ինչո՞ւ լավություն չանել մտերիմներին:

Եվ ինչպես Գալյանն է ասել իր մտերիմների շրջապատում ընդմիջում անելիս՝ իր խնդիրը մինչև 2026-ի ընտրություններ ձգելն է, հետոն անհայտ է: Գուցե այս հանգամանքն է Գալյանի անհասկանալի և չհիմնավորված, ոչ պրոֆեսիոնալ կադրային քաղաքականության հիմքը: Բայց թերևս նախարարը չի կարող և չպետք է առաջնորդվի միայն կամ առավելապես լոյալության սկզբունքով:

Ի դեպ, Սրբուհի Գալյանի կադրային քաղաքականության անհասկանալի լինելը քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում և խմբակցությունում, ինչն իր բացասական հետևանքներն ունենալու է՝ հաշվի առնելով պալատական խարդավանքների մեծ սիրահարների հաջողված փորձը:

Տեսանյութեր

Լրահոս