
Չեմ հասկանում՝ կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Կիսելյով

«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։ Նա ընդգծել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա։
«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա», – պատասխանել է Կիսելյովը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր:
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ ասել է, որ Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ:
Նշենք, որ հաղորդման ընթացքում Դմիտրի Կիսելյովը բարձրացրել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման անհրաժեշտության հարցը։