«ժողովուրդը պետք է հասկանա, որ գործ ունի իրեն կործանողների հետ. Ծախու արարածներ են». Թաթուլ Մանասերյան
ՀՀ կառավարությունը վերջին նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Օրինագիծն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ամենը չի նշանակում ԵՄ անդամակցություն, քանի որ դրա համար պետք է անցկացվի հանրաքվե։
Երեկ Կառավարության նիստից հետո ընդունած օրինագծին անդրադարձել է ՌԴ փոխվարչապետը։ ՌԴ կառավարության ծառայությանը տված մեկնաբանությունը փոխանցել է Интерфакс-ը, ըստ որի, Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը մասնակցության միջև, այս երկու կազմակերպություններն «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը։
Ո՞ր կառույցում Հայաստանը կկարողանա առավել մեծ շահ ապահովել իր համար, իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված քաղաքականություն վարել և երկու կառույցներից էլ քաղել օգուտներ։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ Հայաստանի համար այդ կառույցներից օգուտներ քաղելու համար ընդամենը պետք է ունենալ ազգային մտածելակերպ, ազգային առաջնահերթությունները պետք է հստակ ձևակերպված լինեն։
«Նշածս հանգամանքները Հայաստանի համար բացակայում են։ Մի խումբ արկածախնդիրներ, չեմ կասկածում, որ Կառավարության աջակցությամբ, որովհետև դրա վրա մեծ գումար են ծախսել, այսպես կոչված, «եվրոքվե» են անցկացնելու։
Ինքս ավելի շատ ապավինում եմ 4-րդ իշխանության աջակցությանը, կարծում եմ՝ լրատվամիջոցներն այս հարցում պետք է ակտիվ լինեն՝ համաժողով, քննարկում հրավիրեն պրոֆեսիոնալների մասնակցությամբ։
ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, թող գան ու ասեն, թե ինչ այլընտրանք ունեն արևմտամոլները։ Արևմտամետ կարող են լինել, բայց արևմտամոլ լինելն արդեն վերածվում է ֆանատիզմի՝ աչքերը կուրացած՝ ոչ մի բան չեն տեսնում ու չեն լսում որևէ փաստարկ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ բազմիցս բերել են փաստարկներ՝ սթափ են նայում ցուցանիշներին։
«Իսկ որո՞նք են այդ ցուցանիշները և ինչպե՞ս կարելի է դրանք, իրենց սիրելի բառով ասած՝ դիվերսիֆիկացնել։ Եթե ունեն առաջարկներ, թող գան ու ներկայացնեն, իսկ եթե չունեն, ուրեմն՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ գործ ունի իրեն կործանողների հետ, ախր հարցը շատ պարզ է դրված։
Լրագրողների հսկայական բանակ կա, թող կազմակերպեն համաժողով՝ հրավիրեն արևմտամոլների տնտեսագետների, թող գան ու ժողովրդին հասկացնեն, թե ինչպես են պատկերացնում արտոնությունների այդ հսկայական համակարգը՝ 170-180 մլն շուկան փոխարինել այլ համակարգով, որտեղ բնավ չեն սպասում ոչ միայն իրենց, այլև այն երկրներին, որոնք արդեն ԵՄ անդամ են, բայց ոչ մի կերպ նրանց տեղական արտադրությունը չի հետաքրքրում, նրանց սպառման շուկա են դիտարկում»,- հավելեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանն ընդգծեց՝ անձամբ ավելի շատ է կապված Եվրոպայի հետ, որտեղ դասավանդում է, տարբեր ֆորումների է մասնակցում։
«Եվրոպացիներն անկեղծ ասում են՝ ի՞նչ Հայաստան, որտե՞ղ է գտնվում Հայաստանը, բացատրեք, թե Հայաստանն ի՞նչ կարող է տալ Եվրոպային, կամ Եվրոպան՝ Հայաստանին։ Այս հարցերի պատասխաններն ունե՞ն այն մարդիկ, որոնք փող են ստանում, թող գան պատասխանեն։
Թե չէ` դուք հարց եք տալիս, ես ու իմ նման մարդիկ պատասխանում են, դա որևէ բան չի տա՝ «ձայն բարբառո հանապատի»։ Մարդիկ պետք է ճանաչեն իրենց թշնամիներին, իրենց կոնկրետ կործանողներին, արկածախնդիրներին, որոնց մեծ մասը, եթե մի քիչ սոցիալական ծանր վիճակում հայտնվեն, մեկ օր հետո Հայաստանից հեռանալու են»,- շեշտեց նա։
Ամփոփելով, Թաթուլ Մանասերյանն ասաց՝ Հայաստանում կա երկու բանի դեֆիցիտ՝ նամուսի և ազնվության։
«Ժողովրդի զգալի հատվածից կարծես թե հանել են նամուսը, սա բացարձակապես կապ չունի ո՛չ տնտեսագիտության, ո՛չ էլ քաղաքականության հետ։
Կան մարդիկ, որ այս անկյունում փող տաս, կխոսեն ԵԱՏՄ-ի մասին, այն անկյունում փող տաս՝ ԵՄ-ի մասին, ի՞նչ է, հասարակ մարդիկ չե՞ն տեսնում։
Որևէ այլ երկրում, ներառյալ՝ հարևան Վրաստանը, մարդիկ ունեն ինքնասիրություն, իսկ մեզանում, ինձ թվում ա, ինքնասիրությունից զուրկ են, եթե ունեն ինքնասիրություն, թող վեր կենան ու իրենց պաշտպանեն, ինչո՞ւ չեն խոսում։
Իմ մոտեցումներն անփոփոխ են, ես դրանք հստակ ներկայացնում եմ, իսկ մյուսներն ի՞նչ են անում, օրինակ, մեր երկրի տնտեսագիտության միակ ակադեմիկոսը ձեզ որևէ բան ասե՞լ է, կամ ԳԱԱ թղթակից անդամներ ունենք, թող խոսեն այս ամենի մասին, ինչո՞վ են զբաղված, սա խնդիր է, չէ՞, լուրջ խնդիր է։
Լրատվամիջոցները պետք է այս մարդկանց ջրի երես հանեն, կանչեն բանավեճի, թող գան ասեն, որ ԵՄ-ն փրկություն է՝ խզմալյաններից սկսած՝ վերջացրած մյուսներով, որոնք մարդկանց տանում են կործանման։ Ծախու արարածներ են, բևեռներն ու մյուսները։ Եթերում մեկը բժիշկ էր, ինչ էր՝ ասում է՝ եկեք հյուսիս-հարավ ծրագիր իրականացնենք առանց Ռուսաստանի, հյուսիսում ո՞ւմ է տեսնում, Ուզբեկստանի՞ն, մյուսներն էլ սա լսում են։ Սա է այսօր մեր ժողովուրդը, ի՞նչ եք ուզում»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։