Նիկոլը խորհրդարանական բռնապետություն է հաստատել և տառապում է բացառիկության բարդույթով․ Հակոբ Ավետիքյան

Փաշինյան-Հակոբյան զույգն ուզում է անընդհատ մնալ տեսադաշտում, ուշադրության կենտրոնում։ Սա մի հիվանդություն է, այս զույգի պարագայում դա ախտաբանական խորք ունի։ Գեներալ դը Գոլը, երբ առավոտյան թերթեր կարդալիս տեսնում էր, որ իր մասին որևէ ծաղրանկար չկա, երեխայի պես նեղանում էր, մտածում էր, թե իրեն մոռացել են։ Փաշինյան-Հակոբյան զույգի այս վարքը ցուցիչ է հոգեկան և մտավոր բարդույթների։ Մենք բոլորս էլ թերություններ ունենք, բայց եթե ինքդ քեզ ժամանակին չես ուղղում, տարիքի հետ դրանք աճում են, Մոլիերի խոսքով ասած՝ ծերուկը դառնում է անտանելի։ Այս անձն անտանելի է, քանի որ երբեք չի ուղղվել, ներքին հոգեկան կամ ինքնաքննադատական որևէ հակում չունի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

«Փաշինյանին թվում է, թե ինչ անում է՝ լավ է անում, ինքը լավագույնն է։ Դա է պատճառը, որ նա անընդհատ հակադրվում է բոլոր արժեքներին և ավանդույթներին, դիվանագիտական և քաղաքագիտական բոլոր նորմերին։ Նորմալ մարդն ինքն իրեն պիտի հարցնի՝ եթե Անկախության հռչակագիրը մեր պետության չգոյության մասին է, ես ի՞նչ գործ ունեմ պետության ղեկին։ Նույնիսկ, եթե նման հիմար միտք ծագի, պետք է հարցնի ինքն իրեն, բայց նա այդ հարցը չի տալիս։ Ասում է՝ մեր բանակն ո՞ւմ դեմ է ուղղված, ումի՞ց ուժեղ բանակ, և եթե բանակ ունենանք, թշնամին կկատաղի։ Ա՛յ տգետ, դու չգիտես, թե բանակն ինչի համար է։ Վերցրու աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի՝ շվեյցարականի փորձն ուսումնասիրիր։ Շվեյցարական բանակը կարող է վեց ամիս դիմանալ միջուկային պատերազմին»,- ասաց հասարակական գործիչը։

«Ավելի քան հարյուր տարի է՝ Շվեյցարիան որևէ թշնամի չունի։ Այնտեղ ազգ-բանակ է, զինծառայությունից հետո՝ տղամարդիկ մինչև 45 տարեկանը տարին մեկ ամսով ծառայում են։ Յուրաքանչյուրը տանն ինքնաձիգ ունի, գիտե՝ ուր և ինչպես պիտի գնա։ Շվեյցարիայում է միայն, որ բանակն անգամ 8 տեղանոց հեծանիվներով է զինված։ Եթե վառելիք չլինի, դրանով կարող են տեղափոխվել։ Ա՛յ թե հեծանիվը որտեղ է պետք։ Բայց մենք անորոշությունների, հիմարությունների մեջ ենք ապրում։ Նախ, իրենց շրջապատում, ընտանիքներում, ընտանեկան դաստիարակության բերումով սրանք բացառիկության բարդույթ ունեն, որը դրսևորում են ամեն տեղ։ Դրա հետևանքով էլ վերջին շրջանում հետզհետե աճող անջրպետ կա կառավարության և ժողովրդի միջև։ Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են, որ ցանկանում են պայքարել»,- նշեց Հակոբ Ավետիքյանը։

Խմբագրի պնդմամբ՝ ամենավատ զարգացումն արտագաղթն է, սա անդառնալի կորուստ է․ «Դժվար է ասել՝ հաջորդ իշխանության ժամանակ ինչպես կլինի, բայց արդեն բազում ընտանիքներ, որոնք հատկապես տղա երեխա ունեն, նրանց դեռևս պատանեկության տարիքից տանում են դուրս, որ չծառայեն։ 15 երիտասարդ ողջակիզվեց ծառայության ժամանակ, և դրա համար ոչ ոք պատիժ չկրեց, ներողություն չխնդրեց։ Ո՞վ իր երեխային կվստահի բանակին այսքանից հետո։ Ախր տեսնում ենք Իսրայելի բանակի օրինակը, երբ մի զինվորի դիակի համար կարող են մի ամբողջ վաշտ զոհել, էլ չասած՝ առևանգվածների մասին։ Եթե զոհվում են «հանուն ոչնչի», մեր տղաներն ինչո՞ւ պիտի ծառայեն։ Դրա համար չկա ազգային, պետական, հավաքական ձգտումը՝ փոխելու, բարելավելու, պաշտպանելու, երկիրն ու հանրությունն ապահով դարձնելու»:

«Այս մարդը պետք է գնա։ Ռուսական մատրյոշկաների պես՝ սրանցից մեկին հանում ես, տակից նույն կերպարով մեկ ուրիշն է դուրս գալիս։ Վերջին շրջանում ՔՊ-ի ներսում ոչ սովորական ընդվզումներ, դժգոհություններ, հակադրություններ կան։ Զարմանալին այն է, որ այդ խումբը դեռ չի զգում, գիտակցություն չունի, որ սա ծավալվելու և խորանալու է։ Մեր մտահոգությունը ոչ թե իրենց լինել-չլինելն է, այլ երկրի վիճակը։ Սա մեկ հոգու խորհրդարանական բռնապետություն է, դա ամենավատ բանն է, և դրանից դուրս գալու ջանքերը շատ նվազ են։ Մեկ-երկու դեպք է եղել, բայց առողջանալու, տարածվելու միտում չկա»,- ամփոփեց Հակոբ Ավետիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս