Ուշադրություն. ամուսնալուծվելիս շուտով արդեն օրենքով պարտադիր է լինելու դիմել Հաշտարարին. ալիմենտի, երեխայի բնակության, ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծելու է հաշտարարը. Գայանե Դեմիրչյան

Թեպետ 2018 թվականից Հայաստանում ներդրված է հաշտարարության ինստիտուտը, որի շրջանակներում արտոնագրվել են մի շարք հաշտարարներ, մինչ օրս հաշտարարությունը ՀՀ-ում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ կիրառություն չի ունեցել։

Հաշտարարի ինստիտուտը, սակայն, արդեն իսկ պարտադիր կիրառություն կունենա Հայաստանում:

«Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն: Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով: 26.12.2022թ․-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշակի տեսակի ամուսնաընտանեկան գործերով սահմանվել է պարտադիր հաշտարարություն, ինչը նշանակում է, որ այդ գործերով մինչև դատարան դիմելը պետք է դիմել արտոնագրված հաշտարարին և փորձել վեճը լուծել հաշտությամբ՝ անկախ, անկողմնակալ, վեճի ելքով չշահագրգռված անձի միջոցով։

Այդ գործերն են ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերը»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով հաշտարարի ինստիտուտի մասին, ասաց Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) ղեկավար Գայանե Դեմիրչյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ վարձատրվո՞ղ են արդյոք հաշտարարի ծառայությունները, վերջինս պատասխանեց՝ այո՛, հաշտարարությունը վարձատրվող ծառայություն է, և հաշտարարի վարձատրության չափը որոշվում է կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Պարտադիր հաշտարարության դեպքում՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար, սահմանվել է հաշտարարի վարձատրության հետևյալ դրույքաչափը՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց` 10.000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ նույն որոշմամբ սահմանված կարգով պարտադիր հաշտարարության դեպքում հաշտարարին վճարված գումարը ենթակա է վերադարձման հայցվորին պետական բյուջեից»,- ասաց Գայանե Դեմիրչյանը:

Արտոնագրված հաշտարարը բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած այն անձն է, ով անցել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով վերապատրաստման դասընթացներ և ստացել է արտոնագրված հաշտարարի որակավորում։

Այս պահին ՀՀ-ում կա 79 արտոնագրված հաշտարար, ովքեր օրենքի ուժով անդամակցում են Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը (Հաշտարարների ԻԿԿ)։ Արտոնագրված հաշտարարների ցանկին կարելի է ծանոթանալ e-mediators.am կայքի միջոցով։

«Հաշտարարների ԻԿԿ-ն միակն է ՀՀ-ում, որը համախմբում է ՀՀ-ում արտոնագրված բոլոր հաշտարարներին։ Կառույցի նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների կողմից հաշտարարի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելը»,- ասաց Գայանե Դեմիրչյանը:

2024թ․-ի նոյեմբերին տեղի ունեցավ արտոնագրված հաշտարարների ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվեց Հաշտարաների ԻԿԿ-ի նախագահը և գործադիր մարմինը՝ ի դեմս խորհրդի 7 անդամի կազմով, որը նաև հաշտարարների կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է։

Ի՞նչ գործունեություն է իրականացնում Հաշտարարների ԻԿԿ-ն։

«Հաշտարարների ԻԿԿ-ն այս պահին ակտիվ մշակում է իր կանոնադրությունը, հաշտարարների վարքագծի կանոնները, նախատեսվում է նաև անվանափոխել կառույցը և այն կոչել Հաշտարարների պալատ։ Բացի այդ, քանի որ կառույցը նոր է ձևավորվել, խնդիրներն ու անելիքները շատ են, շատ են նաև մարտահրավերները։ Որպես կառույցի թիվ մեկ խնդիր՝ այս պահին կնշեմ գործունեության վայրի բացակայությունը, որի լուծումն ակնկալում ենք պետությունից՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության: Այս պահին դեռ գործունեություն իրականացնելու համար տարածք չունենք»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Նրա խոսքով՝ հանրությունն առհասարակ, այդ թվում՝ մասնագիտական համայնքը՝ ի դեմս դատավորների, փաստաբանների, պետք է իրազեկվեն հաշտարարության ինստիտուտի, հատկապես պարտադիր հաշտարարության մասին։

«Իր հերթին կառույցը ակտիվորեն պետք է մշակի մի շարք ուղենիշային և ընթացակարգային փաստաթղթեր, որոնք կապահովեն ինչպես կառույցի բնականոն աշխատանքները, այնպես էլ կնպաստեն հաշտարարների գործունեության հեշտացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Կարևորագույն խնդիրներից է նաև հաշտարարների որակավորման և արտոնագրման գործընթացի շարունակականության ապահովումը, ինչպես նաև արդեն իսկ արտոնագրված հաշտարարների մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործումը։ Լիահույս եմ, որ կառույցը պատվով կլուծի իր առջև ծառացած խնդիրները, և շատ մոտ ապագայում կունենանք ակտիվ գործող հաշտարարական համայնք, քանի որ, ըստ իս՝ հաշտարարությունը վեճերի լուծման լավագույն այլընտրանքային տարբերակն է»,- նկատեց Գայանե Դեմիրչյանը։

Որո՞նք են հաշտարարության առավելությունները, ինչո՞ւ դիմել հաշտարարին։

Հաշտարարի ԻԿԿ-ի ղեկավարն ասում է՝ հաշտարարությունը գաղտնի գործընթաց է, ի տարբերություն դատական գործընթացի, երբ ամեն ինչ հրապարակային է։

«Բացի դրանից, Հաշտարարությունը խնայում է այսօրվա իրականությունում թերևս ամենաթանկը՝ ժամանակը։ Հաշտարարությամբ վեճը կարող է լուծվել ժամերի, շաբաթների ընթացքում, ի տարբերություն տարիներ ձգվող դատական գործընթացների։ Հաշտարարությունը կարող է իրականացվել նաև առցանց, այսինքն՝ այն տարածության, վայրի և ժամային որևէ սահմանափակում չունի։ Դատավարական տեսանկյունից հաշտարարությանը տրված են մի շարք արտոնություններ՝ հայցի նախնական ապահովման հնարավորություն, հաշտության համաձայնության հաստատում հատուկ վարույթով, պետական տուրքի արտոնություններ և այլն։ Ամփոփելով՝ կցանկանամ նշել, որ հաշտարարությունը երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով տարաձայնությունները հնարավորությունների վերածելու և համերաշխություն հաստատելուն ուղղված գործընթաց է»,- ասաց հաշտարարը։

Գայանե Դեմիրչյանն ասում է՝ իհարկե, ամուսնալուծությունը լավ բան չէ, և պետք է ջանալ խուսափել դրանից, հնարավորության դեպքում պահպանել ընտանիքը, սակայն, եթե այնուամենայնիվ նման խնդրի առաջ եք կանգնել, դիմեք արտոնագրված հաշտարարներին և փորձեք լուծել ձեր վեճը հաշտությամբ։

Տեսանյութեր

Լրահոս