
ՔՊ-ականներն անցել են ձայներ հավաքելու «սուրբ» գործին. Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին:
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին:
Իշխանականները դեկտեմբերի 8-10-ն անցկացված primaries-ից (ներկուսակցական ընտրություններ) հետո անցել են իրենց օգտին ձայներ հավաքելու «սուրբ» գործին: ՔՊ-ական պատգամավորները եւ տեղի ակտիվը պարբերաբար հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, նրանց խնդիրներով հետաքրքրվում ու փորձում են, ձայն կորզելու նպատակով, սիրաշահել նրանց:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ Գյումրիում հաղթելը կենաց-մահու խնդիր է, ու յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում:
Իշխանականներից ոմանք ակնարկել են, որ Գյումրիում իրենց վարկանիշը ցածր է, ինչը ապացուցեց նաեւ նախնական ընտրություններում անկուսակցական, ՔՊ-ի հետ կապ չունեցող Սարիկ Մինասյանի հաղթանակը, սակայն հրահանգվել է ողջ ռեսուրսը գործի դնել:
ՔՊ-ում հույսը դրել են Սարիկ Մինասյանի վրա, որը վերջերս ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել եւ համայնքապետի ընտրությունների ժամանակ էլ գլխավորելու է ցուցակը»: