«Փաշինյանն Աղազարյանի հետ վարվում է այնպես, ինչպես Ալիևն է իր հետ վարվում». Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ անկախ Ալիևի հայտարարությունից՝ Մինսկի խմբի համանախագահություն գոյություն ունենալ չի կարող, և դա ունի երկու պատճառ։ Նախ, ըստ նրա՝ աշխարհաքաղաքական այդ կենտրոնների միջև կա սուր հակադրություն, այսինքն՝ նրանց միջև չի կարող կայանալ կոնսենսուս։ Երկրորդը՝ չկա այն խնդիրը, որի համար Մինսկի խումբը ստեղծվել էր, քանի որ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը «թաղել է»։
«Ալիևն ասում է, քանի որ այդ խնդիրը թաղել ես՝ լուծարենք Մինսկի խումբը։ Բայց այս ամենը չի նշանակում, որ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի կարիք չկար, կա՛ր։ Այդ միջնորդն ամրագրված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ Ռուսաստանի Դաշնություն։
Երկկողմ բանակցությունները բալանսավորված խաղաղության մասին չեն, դրանք սողացող կապիտուլյացիայի մասին բանակցություններ են։ Այդ դեպքում ուժեղն ինչ թելադրում է, պետք է անես, որովհետև սպառնալու է պատերազմով կամ ուղղակի հարկադրելու է քեզ ընդունել իր պայմանները»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Նա ընդգծեց՝ եթե այս աքսիոմատիկ ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, ուրեմն՝ կանգնած են շատ ավելի լուրջ արհավիրքի առջև։
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանի զիջումները ժամանակագրորեն սկսվեցին այն փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթից և որոշեց լավ միջնորդներ փնտրել Արևմուտքում։
«Այդ լավ միջնորդների գործունեության հետևանքը մենք տեսանք։ Հաճախ մեր պսևդոարևմտամետներն ասում են՝ բա այսքան ինքնուրույն քայլեր ենք անում, հակադրում ենք Ռուսաստանին, բայց ի՞նչ ենք կորցրել։ Եթե Արցախի կորուստն այդ մարդիկ համարում են չկորուստ, ուրեմն՝ այդ մարդիկ «5-րդ շարասյան» ներկայացուցիչներ են կամ օտարերկրյա գործակալներ։
Ինքս Արևմուտքի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ նրա հետ համագործակցության կողմնակից եմ, բայց դա պետք է արվի ոչ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների»,- շեշտեց Ս. Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի ներսում տեղի ունեցող խժդժություններին և հարցին՝ հնարավո՞ր է այդ ամենին հետևեն արտահերթ ընտրություններ, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց՝ արտահերթ ընտրությունները կապ չունեն ՔՊ-ի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ։
«Արտահերթ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի կամքից կախված չէ։ Երբ այդ քաղաքական մուրացիկին կշպրտեն խաղաղության պայմանագիր անունով նյութ, եթե դա տեղի ունենա հաջորդ տարվա ընթացքում, հաջորդ տարի կգնա արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա Նիկոլ Փաշինյանը կգնա հերթական ընտրությունների։
Այ, Հովիկ Աղազարյանին պատժելն իրենից է կախված, այսինքն՝ ինքն ընդհանրապես մարդ է, որը «կզած» է մեր թշնամու առաջ և փորձում է իր թիմին նույն վիճակի առաջ դնել։ Ինչպես իր հետ վարվում է Ալիևը, այնպես ինքը վարվում է Հովիկ Աղազարյանի հետ։
Հիմա այն, ինչ տեղի է ունենում ՔՊ-ի ներսում, այո՛, իշխանության ճգնաժամ է, բայց խոսել այն մասին, որ՝ ուր որ է, իշխանությունը կփլուզվի, դա այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանն առայժմ վերահսկում է իրավիճակը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում