Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:
Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել են 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝
- 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն (200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար).
- 70-79% արդյունք են ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով).
- 80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով).
- 90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով).
- 0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը:
Գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել են 2825-ը, այս պահին չաշխատող և առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել են 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել են 2250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել են 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:
Բողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ/անձ, 60-69 %՝ 1127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89 %՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը: