Միլիոնավոր դրամների ՀՄԱ պայմանագրեր․ Շիրակի մարզը պատրաստվում է Ամանորին․ մատակարարներից է նաև ԿԳՄՍՆ-ից դրամաշնորհ ստացած նորաստեղծ ՍՊԸ-ն

Տոնից տոն Հայաստանի տրամաբանությունից, պարզվում է, դուրս չէ նաև Շիրակի մարզը։ Մարզային իշխանությունները ծախսային շքերթով են դիմավորում ու ճանապարհում Ամանորը․ դեկտեմբերի 11-ին հենց այս նպատակով 3 պայմանագիր է կնքվել՝ 3-ն էլ հրատապության կարգով։

Առաջին պայմանագիրը կնքվել է «Արեգակ գրուպ» ՍՊԸ-ի հետ․ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կարիքների համար տոնածառի և խաղալիքների ձեռքբերման պայմանագրի գինը կազմել է 11 միլիոն 909.000 դրամ։

Նույն ՍՊԸ-ի հետ մեկ այլ՝ «մարզպետի աշխատակազմի կարիքների համար տոնածառի և խաղալիքների տեղադրում, ապամոնտաժում» ծառայությունների ձեռքբերման պայմանագրի գինն էլ կազմել է 4 միլիոն 141.000 դրամ։

Ի դեպ, այս ՍՊԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրի համակարգում է ընդամենը 2024 թվականի փետրվարից, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արսեն Հովակիմյանին։ Դեռ մեկ տարին չլրացած՝ այս ընկերության մեծ ներուժն արդեն նկատելի է դառնում պետական գերատեսչությունների համար, և արդեն ամիսներ անց՝ «Արեգակ գրուպ»-ին շուրջ 3 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացնում Կրթության, Գիտության ու մշակույթի նախարարությունը՝ «Փարաջանովի բույր» ծրագրի համար։

Կարդացեք նաև

Շիրակի մարզպետի աշխատակազմը հրատապ կարգով մեկ այլ պայմանագիր էլ կնքել է Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ի հետ, որին մարզպետի աշխատակազմը 4 միլիոն 50.000 դրամով պատվիրակել է Գյումրու համայնքապետարանի կարիքների համար ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություններ։

Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ժամանակավոր անկուսակցական, ապա՝ ՔՊ-ական Սարիկ Մինասյանը նախօրեին գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին հրավիրում էր միասին վառելու Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։

Տեսանյութեր

Լրահոս