
Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրագործված ներուժ:
Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում:
Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային: