Ինչո՞ւ է Սիրիայի կառավարության տապալման ֆոնին Թուրքիան ակտիվացրել անդրադարձները Երևան-Բաքու գործընթացին
Երևան-Բաքու գործընթացից մեծ ակնկալիքներ ունի թուրքական կողմը։ Սիրիայի կառավարության կոլապսի ֆոնին թուրքական կողմն ակտիվորեն անդրադառնում է հարավկովկասյան իրողություններին։ Այս անգամ թեմայից Թուրքիայի խորհրդարանում խոսել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել են ամենամոտ կետին։ Նրա որակմամբ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Մեր դիվանագիտական ծառայությունը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և անվտանգության հաստատմանը։ Հավատում եմ, որ այն կշարունակի հաջողությամբ կատարել իր առաքելությունը»,- խորհրդարանում հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
Դեկտեմբերի 5-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ կայացել էր Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ։ Նիստից հետո գրավոր հայտարարություն էր տարածել Թուրքիայի նախագահականի hանրային կապերի վարչությունը։ Նշվում էր, որ 3 ժամ տևած անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել էր ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինյան հարցը, Սիրիայում վերջին զարգացումները, Ուկրաինայում իրավիճակը, ինպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Վերջինիս վերաբերյալ մասնավորապես ընդգծվել էր այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում գրանցվող դրական զարգացումները հանգուցալուծվեն խաղաղության պայմանագրով։
Նշվել էր, որ հաստատվելիք մնայուն խաղաղությունը լինելու է ի շահ տարածաշրջանի բոլոր դերակատարների։
Ուշագրավ է, սակայն, այն, որ մինչ Թուրքիայի իշխանությունները խաղաղության հաստատման հնարավորություն են տեսնում, խոսում են համաձայնագրի ստորագրման մասին, Բաքուն Երևանի հետ երկխոսությունը բարդացնում է՝ նոր նախապայմաններ, նոր պահանջներ դնելով բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանի ղեկավարը Երևանից պահանջում է երկխոսություն սկսել, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ալիևը նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը։ Ալիևյան ռեժիմը Երևանից նաև ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի փոփոխություն է պահանջում, ինչպես նաև ԵՄ դիտորդների դուրսբերում ՀՀ տարածքից։
Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևան-Բաքու գործընթացի վերաբերյալ Թուրքիայի անդրադարձներին, ասաց՝ Թուրքիան, ինչպես տեսնում ենք՝ վերջին տասնօրյակում ակտիվ ռեգիոնալ քաղաքականություն է վարում մի շարք ուղղություններով, որոնցից գլխավորը Մերձավոր Արևելքն է։ Ըստ նրա, Թուրքիան այնտեղ լուծեց Ասադի կառավարման հարցը, իսկ ներկայումս նաև քրդական խնդիրն է փորձում չեզոքացնել։ Սակայն, նրա որակմամբ, ամեն բան միայն առաջին հայացքից է այդքան հեշտ։

«Ինչպես տեսնում ենք, զինյալ խմբավորումները գրավեցին Մանբիջ քաղաքը, թեև ԱՄՆ-ը միջամտեց, հրադադար հաստատվեց, սակայն Թուրքիան չի կարող հանդուրժել, որ քրդերը, որոնց աջակցում են ԱՄՆ-ը և արևմտյան կոալիցիան, վերահսկում են Սիրիայի տարածքի 25%-ը, որտեղ կենտրոնացած են երկրի նավթի ու գազի հիմնական պաշարները։ Բայց դա, կարծում եմ, լուրջ հարց է Թուրքիայի համար, և այստեղ կարող են անակնկալներ լինել Էրդողանի համար։ Այս ամենը կապ ունի նաև անդրկովկասյան ռեգիոնի, Ադրբեջանի հետ, որն Իսրայելի դաշնակիցն է, և Իսրայելը փորձում է տարածքներ գրավել Սիրիայում, ընթանում է Սիրիայի մասնատման գործընթաց։ Սա չափազանց լուրջ գործընթաց է։ Հարավային Կովկասում Թուրքիան և Ադրբեջանը շատ համակարգված են աշխատում, որի ապացույցն էր նաև օրերս Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը, բայցև ցանկացած իրավիճակն իր մարտահրավերներն ունի, և այստեղ ևս կարող են տարբեր սցենարներ գեներացվել թե Արևմուտքի, թե Ռուսաստանի ու Իրանի կողմից»,- ասաց Ռաևսկին։
Սակայն, նրա խոսքով, ընդհանուր առմամբ Թուրքիայի ակնկալիքն է, որ Երևանը որևէ դիմադրություն ցույց չտա և այս պայմաններն իրագործելով և ընդունելով՝ հասնի որոշակի հանգրվանի։
Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում կան ինչպես վտանգներ, այնպես էլ՝ հնարավորություններ նաև ադրբեջանական կողմի համար։
«Ուստի կարծում եմ, Ադրբեջանի համար Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացը որոշակիորեն մարտահրավերային է, Թուրքիայի համար ևս կան վտանգներ»,- նկատեց Ռաևսկին։
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն իր հերթին՝ գտնում է, որ, ինչպես սովորաբար, այնպես էլ նման ճգնաժամային ու կարևոր փուլերում Թուրքիան ու Ադրբեջանը սկսում են էլ ավելի սերտ համագործակցել։

«Երբ կարևոր նշանակության մի ռեգիոնում իրավիճակը խառնվում է, կարևոր է մյուսում իրավիճակն ավելի վերահսկելի պահելը։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, Թուրքիան ևս, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է, որ պահը, երբ իրենք Հարավային Կովկասում հասել են առաջընթացի, չկորսվի»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս փուլում Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր տեսլական ունենան ռեգիոնալ զարգացումների վերաբերյալ, վերլուծաբանը պատասխանեց՝ քիչ հավանական է։
«Գուցե տակտիկական ինչ-որ փոքր հարցերում կողմերը տարբեր մոտեցումներ ունենան, սակայն Թուրքիան Հարավային Կովկասում Ադրբեջանին վստահում է և, ինչպես տեսնում ենք, Երևան-Բաքու ուղիղ երկխոսությանը միջամտելու փորձ չկա, թեև այդ գործընթացում Թուրքիան էլ իր շահերն ունի։ Չնայած պետք է նաև նշել, որ Ադրբեջանը վերջին տարիներին որոշ հարցերում ավելի ինքնիշխան և Անկարայից տարբերվող մոտեցումներ ունի։ Օրինակ՝ այն հարցում, ինչը վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին»,- ասաց Սիմոնովը։



